
Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»-ի համար
Երևանում շարունակվում է «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» երկօրյա համաժողովը։ Երկրորդ օրվա քննարկումները նվիրված էին ֆորմալ և բնական գիտություններին ու տեխնոլոգիաներին։
Չնայած ոլորտում նկատվող դրական փոփոխություններին, դեռևս առկա են լուծման կարոտ հիմնախնդիրներ։ Քննարկումների առանցքում այն միտքն էր, որ երկրի գիտական քաղաքականությունը պետք է լինի հստակ և հիմնավորված՝ ապահովելով երկարատև զարգացում և նորարարական հնարավորություններ։
«Գիտության կարևորությունը միայն կրթությանը սպասարկելը չէ։ Գիտության կարևորությունը երկրի հետագա ապագան ու զարգացումը կերտելն է»։
ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը շեշտում է՝ կրթությունն ու գիտությունը սերտորեն կապված են։ Սա անժխտելի է։ Նա նշում է, որ դարեր ի վեր կրթությամբ զբաղվել են հենց գիտնականները՝ Սոկրատեսից մինչև մեր օրերը։
«Ռադիոլուրի» հետ զրուցյում Արսեն Առաքելյանը նշում է, որ «Գիտուժ» նախաձեռնությունը ստանձնել է արբիտրի դեր և փորձում է համախմբել շահագրգիռ կողմերին, որոնց համար կարևոր է գիտության զարգացումը Հայաստանում։
«Գիտության զարգացման մեջ, նեթվորքինգն ու համագործակցությունը շատ կարևոր դեր են խաղում։ Գիտական ոլորտի համար գիտաժողովները հանդիսանում են այն հիմնական տեղը, որտեղ դու կարողանում ես նոր մարդկանց տեսնել, քննարկել ինչ-որ հարցեր, նոր գաղափարներ առաջացնել և ստեղծել նոր համագործակցություններ»։
Վերջին տարիներին ավելի գրավիչ է դարձել գիտությամբ զբաղվելը։ Նկատվել է գիտնականների թվի աճ, սակայն, «Գիտուժ» նախաձեռնությունը բազմիցս բարձրաձայնել է, որ այս ամենն անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են։
«Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյան․ «Մեր կողմից բարձրաձայնված խնդիրները դեռևս մնում են առկախված։ Վերջին մեկ տարում մենք ականատես եղանք, թե ինչպես Գիտության կոմիտեն առաջարկեց Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը, որը բխում է միայն կրթության նպատակներից և ռիսկային կառուցվածքային փոփոխություններ է ենթադրում, որոնք հիմնավորված չեն»։
Ըստ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի, Հայաստանում կան 20-50 ռազմավարություններ, որոնք մշակվել են 2020 թվականին, և դրանցում կոնկրետ նպատակներ են դրված։ Արշակյանը շեշտում է՝ նպատակները, որոնք դրված են այդ ռազմավարությունների հիմքում, ներկայացվել են հասարակության լայն քննարկմանը։ Միևնույն ժամանակ նա չի թաքցնում, որ փաստաթղթերում տեղ գտած հիմնավորումներն ու նպատակները պետք է վերանայվեն ու փոփոխվեն։
«Աշխարհում հիմա փոփոխությունների արագությունը բավականին մեծացել է, և տարբեր երկրներում ու տարբեր փուլերում ի հայտ են գալիս ռազմավարական նոր նպատակներ։ Մարտահրավերներն այսօր ի հայտ են գալիս շատ արագ, և դրանց լուծման ճանապարհները նույնպես պետք է գտնել շատ արագ»։
Օրենքն առաջ է անցնում ռազմավարությունից։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը նշում է՝ ականատես ենք լինում մեծ նախագծի քննարկմանը, ինչպիսին «Ակադեմիական քաղաքի» նախագիծն է, որի հիմքում նպատակները հստակ չեն, իսկ ռիսկերը բազմազան են և ծավալով շատ մեծ։
«Չնայած այս ամենին, «Գիտուժը» շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով»։
Սխալ է կասկածի տակ դնելը գիտությունը, որպես տեխնոլոգիաների, կյանքի որակի ու տնտեսության շարժիչ ուժ՝ ասում է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Ըստ նրա, եթե չենք խոսում կրթությունը գիտությունից տարանջատելու մասին, ապա ոչ միշտ է, որ բոլոր գիտնականները կարող են լինել լավ դասախոսներ կամ ուսուցիչներ և հակառակը։
«Գիտության հիմնական դերը, դա նոր գիտելիքի ստեղծումն է և այդ գիտելիքի առաջխաղացումն ու կուտակումը ապահովելն է»։
Քննարկման մասնակիցները շեշտում են, որ գիտության զարգացումը մնում է կարևորագույն մարտահրավերներից մեկը, որը պահանջում է հստակ տեսլական և հետևողական քաղաքականություն։ Ըստ նրանց՝ չնայած առկա ծրագրերին ու նախաձեռնություններին, ոլորտում դեռ կան չլուծված խնդիրներ, որոնք առանց համապարփակ մոտեցման, կարող են խոչընդոտել առաջընթացը։
Մասնագետները շարունակաբար բարձրաձայնում են գիտության կարևորությունը երկրի զարգացման համար, ընդգծելով, որ առանց հստակ ռազմավարությունների ու կայուն ներդրումների, ոլորտը չի կարող լիարժեք իրացնել իր ներուժը։




