ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վերանայվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման աջակցության ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրում որոշ փոփոխություններ է արել։ Այսուհետ ձեռք բերվող բնակարանի, կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի, կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը կգրանցվի շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ։ Այսինքն՝ անչափահասներին գրանցելն այլևս պարտադիր չի լինի։ Մյուս փոփոխությամբ՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից կարող են օգտվել նաև 2024-ի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողները։ Այս դեպքում աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3 մլն դրամ է։ Սրանք միակ փոփոխությունները չեն։

Նարինե Քոչարյանը 2023-ի սեպտեմբերին է տեղահանվել Արցախից։ Ընտանիքը Երևանում արդեն երկու տարի վարձով է բնակվում։ Փորձում է արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրից օգտվել, բայց խոչընդոտների է հանդիպում։ Նախ՝ ուշ են ստացել բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող սերտիֆիկատը, հետո էլ՝ իրենց հասանելիք 9 մլն դրամ արժեքով սերտիֆիկատով բնակարան չեն կարողանում գտնել։ Բնակապահովման ծրագրի պայմաններից է սերտիֆիկատի գումարի 50 տոկոսի չափով վարկ ձևակերպելը, հետո՝ 10 տոկոս կանխավճարը՝ ասում է Գայանեն ու նշում՝ սերտիֆիկատի գումարից կանխավճար չեն հանում։ Այսինքն՝ մարդը պետք է մի կողմ դրած գումար ունենա։ Բայց խոչընդոտներն այսքանը չեն։

«Սերտիֆիկատի գումարը բանկը որպես վարկ է վերցնում և 10 տարի ժամկետով է ձևակերպում։ Մենք էլ մնացած գումարը 10 տարում փակելու պարտավորության տակ ենք մտնում։ Իսկ այդ կարճ ժամանակում արդեն գումարի չափն է մեծանում, ինչը մեզ վրա երևում է»։

Բնակապահովման սերտիֆիկատը կիրառման սահմանափակ ժամկետ ունի։ Այն տրվում է մեկ տարով։ Արդեն երեք ամիս անցել է, բայց Նարինեի ընտանիքը, սերտիֆիկատը ձեռքին, դեռ բնակարան չի գնել։ Երևանի հարակից բնակավայրում տուն ընտրել էին, կառուցապատողը, ինչպես Նարինեն է պատմում, մեծ զեղչեր էր արել, բայց պետության սահմանած պայմաններով չեն կարողանում ընթացք տալ։ Սերտիֆիկատի գումարի չափով բնակարան ձեռք բերելու դեպքում բանկային խնդիրների չենք բախվի, ասում է զրուցակիցս, բայց այդ գումարով որտե՞ղ կարող ենք տուն գնել։

«9 մլն դրամով նախ բնակարան չկա նույնիսկ հարակից մարզերում։ Արդեն երկու տարի է՝ այս տարածքում եմ ապրում, դպրոց, աշխատանք՝ բոլորը հարևանությամբ են։ Ես հիմա ի՞նչ անեմ, գնա՞մ Հրազդանում կամ Սևանում բնակարան ձեռք բերեմ»։

Նարինեն ծրագրում այլ խնդիրներ էլ է տեսնում։ Մտահոգիչ է, ասում է, որ ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ կդադարեցվի, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամից յուրաքանչյուրը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր Հայաստանից դուրս գտնվի։  

«Կարող է պատահի՝ տան ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի, որպեսզի նույն վարկի գումարն աշխատի, դա ինչպե՞ս է ստացվելու։ Բանկն ասում է, որ դու գնաս, քո վարկն ով է մուծելու։ Ստացվում է՝ կառավարությունը մնացած մասը վճարում է, քո բաժինը մնում է»։

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման պետական ծրագիրն ընդունվեց նախորդ տարի։ Կառավարությանը հասել են տարատեսակ բողոքները, որոնց հիմքով և ծրագիրը որոշակիորեն փոփոխվել է։ Վերանայվել են 1 անձին տրվող աջակցության չափը և բնակավայրերի ցանկը։ 4 մլն դրամ աջակցության տրամադրման համար սահմանվել է բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված է 39 համայնքի 443 բնակավայր։ Նախկինում 4 մլն դրամի  սերտիֆիկատ տրամադրվում էր 22 համայնքի 148 բնակավայրում բնակարան ձեռք բերելու համար։ Իջեցվել է նաև սերտիֆիկատի գումարի 50 տոկոսի չափով վարկ ձևակերպելու սահմանաչափը։ Նոր փոփոխությամբ՝ շահառուն կկատարի անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանա ծրագրի ցանկացած բաղադրիչով։

«Մյուս փոփոխությունը վերաբերում է մեկ կամ երկու երեխա ունեցող ընտանիքներին։ Նրանց համար ծրագիրը կմեկնարկի համապատասխանաբար 2025 և 2026 թթ․ հուլիսի 1-ից՝ 2026-ի և 2027-ի հունվարի 1-ի փոխարեն»։  

Եթե երեխան ծնվել է հավաստագրի ստացումից կամ իրացումից հետո, ապա այդ երեխայի հաշվով աջակցությունը կուղղվի շահառուին տրամադրված հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն իրացվում է որպես դրական մնացորդ։ Իսկ եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում․ տվյալ դեպքում աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ՝ 3-ի փոխարեն։

«Նոր փոփոխությամբ ձեռք բերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվել է 3 քմ-ով և սահմանվում է 9 քմ»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է 2806 դիմում, որից 633-ը հաստատվել է, մյուսները մերժվել են, որոշները մշակվում են,- « Ռադիոլուրին» ասում է նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։ Ըստ նրա՝ մերժվածների խնդիրը վերաբերել է ծրագրի որևէ պայմանին չբավարարելը՝ ընտանիքի առնվազն մեկ անդամի քաղաքացիություն կամ տեղահանվածի կարգավիճակ չունենալը կամ  այլ սեփականություն ունենալը։ Սրան զուգահեռ՝ շուրջ 20 ընտանիք այս ծրագրով ձեռք է բերել բնակարան։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումները շարունակվում են ընդունվել https://housing.socservice.am/ հարթակում:

Կարդացեք նաև

Back to top button