ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կենտրոնում բնակվելը շքեղությո՞ւն, թե՞ բնական երևույթ․ բարձրացած գույքահարկը ֆինանսական հարցեր է առաջ բերել

Ինչպե՞ս հաղթահարել ֆինանսական խնդիրը, եթե այն առաջացել է, ասենք, Երևանի կենտրոնում որպես պապական ժառանգություն ստացված բնակարանի գույքահարկի շեշտակի բարձրացման հետևանքով։ Շարունակե՞լ ապրել Կենտրոնում գտնվող բնակարանում, որի շուկայական արժեքը և գույքահարկը ժամանակի հետ աճել են, ինչին զուգահեռ, սակայն, եկամուտը նույնն է մնացել, թե՞ տեղափոխվել ծայրամաս․ հարցն առաջ է եկել գույքահարկի՝ 2020-ին կատարված  փոփոխությունների՝ աստիճանաբար ուժի մեջ մտնելու բերումով։ Խնդիրն օրերս նաև ԱԺ էր հասել։

Դիանա Կիրակոսյանի 4 հոգանոց ընտանիքն  ապրում է Կասկադի հարևանությամբ։ Առաձնատունը ժառանգություն են ստացել ամուսնու ծնողներից։ Տարիներ շարունակ  տարեկան վճարել են 50 հազար դրամ գույքահարկ։ Այս տարի պետք է վճարեն արդեն 600, իսկ հաջորդ տարի արդեն՝ 890 հազար դրամ․ բազմապատիկ ավելի։

 «Տունը ժառանգաբար ենք ձեռք բերել, ու մենք պատրաստ չենք վճարել այդ գույքահարկը»։

Գույքահարկի շեշտակի բարձրացման հիմքում Հայաստանի հարկային օրենսգրքում դեռ 2020-ին  արված փոփոխություններն են, ըստ որոնց՝  երկրում գույքահարկը պետք է վճարվի տան սեփականության կադաստրային արժեքին համապատասխան։ Այսինքն՝ որքան տունը թանկ է, այնքան բարձր է գույքահարկը։ 2020-ից փոփոխված գույքահարկը մարդիկ վճարել են աստիճանաբար՝ սկզբից 25 տոկոսով, հետո 30, 2026-ին արդեն 100 տոկոսով կմուծեն բարձրացված հարկը: Զրուցակիցս չի պատկերացնում՝ ինչպես է մուծելու իր գրպանին այդքան ծանրացող հարկը։  

«Համաձայն ենք՝ 50-ի փոխարեն վճարենք 100, 150։ Բայց 3-4 տարի հետո, երբ ես անցա թոշակի, ես չեմ պատկերացնում՝ ամուսնուս հետ ստանանք 80 հազար թոշակ, ես վճարեմ այդքան գույքահարկ»։

Դեռ 2021 թ-ից փոխվում են են ոչ միայն հարկային դրույքաչափերը, այլև անշարժ գույքի գնահատման համակարգը։ Ներկայում անշարժ գույքի կադաստրային և շուկայական արժեքների միջև տարբերությունն էական է․ կադաստրային արժեքը զգալի ցածր է շուկայականից։ Գույքահարկի բարձրացման հիմնավորման մեջ նշվում է, որ այս անհամամասնության հետևանքով բավականին բարձր շուկայական, սակայն անհամեմատ ցածր կադաստրային արժեք ունեցող գույքի դիմաց վճարվում է փոքր հարկ:
           
Գույքահարկի բարձրացման խնդիրն առավելապես առնչվում է այն քաղաքացիներին, որոնք համեստ եկամուտ ունեն, սակայն բնակվում են կենտրոնում գտնվող կամ թանկարժեք բնակարանում, օրինակ՝ Երևանի փոքր կենտրոնում ապրող միայնակ թոշակառուներին, որոնց եկամտի աղբյուրը կենսաթոշակն է:
           
«Ռադիոլուրի» զրուցակից միայնակ թոշակառու 75-ամյա  Գագիկ Տոնոյանի եկամտի աղբյուրը կենսաթոշակն է։ Իր 100 քմ տան համար վճարում էր 5000 դրամ, այսուհետ պետք է վճարի 30 հազար դրամ, այն դեպքում, երբ ստանում է 68 հազար դրամ թոշակ։

«Իմ թոշակը բավարարում է միայն գազին, ջրին և էլեկտրականությանը։ Ես մինչ այս մուծում էի, ընդունենք, 5000 դրամ, բայց այս տարի դարձավ 30 հազար դրամ։ Նիկոլ Փաշինյանը պիտի մտածի ու ասի ՝ո՞նց եք ապրելու, իմ ժողովուրդ»։

Իսկ վարչապետ Փաշինյանը մտածել է․ դժգոհությունների մասին տեղյակ է,  դրանց անդրադառնալով՝ ասում է՝ տնտեսական մտածողության խնդիր կա։

«Հարկման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ։ Հիմա որ գույքահարկը բարձրացել է, նշանակում է, որ ձեր տան գինն է բարձրացել։ Իսկ բարձր գույքահարկը նշանակում է հետևյալը՝ քաղաքացին իր տան մեջ նստած հարստացել է»։

Վարչապետի խոսքով՝ գույքահարկը բարձրացել է, որովհետև գույքահարկի հարկման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ։  Գույքահարկից դժգոհող քաղաքացիներին դիմելով՝ Փաշինյանը  նկատում է․

«Մարդն ապրում է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա, 3 սենյականոց բնակարան ունի, որն իր սեփականությունն է։ Մարդն ասում է՝ ինձ տվեք ամիսը 35 հազար դրամ նպաստ։ Մենք ասում ենք՝  հարազատս, սիրելիս, նպաստը տալիս են անապահովին։ Եթե ձեր տան մի սենյակը վարձով տաք ,դուք կապրեք ապահովության մեջ, ոչ մի բանի պրոբլեմ չեք ունենա, էլ չեմ ասում՝ եթե որոշեք ձեր տունը ոչ մշտական՝ վեց ամսով վարձով տալ և քաղաքի աղմուկ–աղաղակից հեռու, մաքուր օդում ապրեք, կկազդուրվեք»։

Փաշինյանը նկատում է՝ բարձրաձացված գույքահարկը գնում է համայնքային բյուջեներ ու վկայակոչում թվային տվյալները․ 2019 թվականից ի վեր համայնքային բյուջեները կրկնապատկվել են, իսկ այդ համայնքի բյուջեն ծախսվում է հենց քաղաքացու կարիքների համար։

Կարդացեք նաև

Back to top button