ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Եվրոպան քննարկում է պաշտպանական ծախսերն ավելացնելու Թրամփի պահանջը․ «Եվրոպական պաշտպանական միություն» ստեղծելու առաջարկներ են հնչում

Եվրոպական երկրների հաշվարկները խառնել ու անորոշություն է առաջացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ երկրները պետք է մեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Շատ երկրներ պատրաստ չեն ՀՆԱ-ի 5 %–ը պաշտպանական ծախսերին հատկացնել։ Ուստի ԵՄ որոշ երկրներում մտածում են վերակազմավորվելու մասին։ Անգամ խոսվում է «Եվրոպական պաշտպանական միություն» ստեղծելու անհրաժեշտության մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերը քաղաքական ցնցումներ են առաջացրել Եվրոպայում, Financial Times-ին տված հարցազրույցում ասում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այդ ցնցումները, սակայն, նրա կարծիքով կարող են օգնել ԵՄ-ին՝ ժամանակի պահանջներին համապատասխան վերակազմավորվելու համար։

Նրա համոզմամբ՝ ԱՄՆ նոր մոտեցումները սթափեցնող գործոն կարող են լինել ԵՄ մի շարք երկրների համար, որպեսզի ներդրումներ կատարեն պաշտպանության ոլորտում և հասնեն ՀՆԱ-ում պաշտպանական հատկացումների աճի։ Ըստ Մակրոնի՝ Եվրոպայի ապագա ռազմական ներուժը պետք է հնարավորություն տա գործելու անգամ առանց ԱՄՆ-ի աջակցության, ինչին հասնելու համար կպահանջվի 5-10 տարի։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ Բունդեսթագին կոչ է անում արտակարգ դրություն հայտարարել՝ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարություններից հետո։ X սոցիալական ցանցում նա գրում է, որ ԵՄ երկրները ԱՄՆ կառավարության գործողությունների ու հայտարարությունների հետևանքով առերեսվում են նոր իրականության հետ, և անգործությունը կարող է վտանգել Գերմանիայի և ողջ մայրցամաքի անվտանգությունը։ Շոլցը կանխիկ պահուստներին հասանելիություն ստանալու հարց է բարձրացնում՝ Կիևին աջակցելու համար։

Միջազգային փորձագիտական շրջանակները կարծում են, որ Եվրոպան չի կարող ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա, ինչպես դա նրանցից պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, համոզված են նրանք։

Բրիտանական Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) «Ռազմական հավասարակշռությունը» հետազոտության մեջ նշվում է, որ 2024 թվականին Եվրոպայում պաշտպանական ծախսերը աճել են մոտ 11,5 տոկոսով, իսկ վերջին տասը տարում աճել են 50 տոկոսով։ Սակայն, հաշվի առնելով եվրոպական երկրների մեծ մասում բյուջետային սուղ պատկերը, նման աճի պահպանումը հավանաբար դժվար կլինի, ըստ DW-ի գրում են բրիտանացի փորձագետները:

Միևնույն ժամանակ, եթե ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները աճի տեմպերը պահպանեն 2024-թ. մակարդակին, ապա պաշտպանության ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի միջինը 3%-ի և կաճեն 241 մլրդ եվրոյով՝ հինգ տարում, իսկ տասը տարում պաշտպանական ծախսերը կկազմեն մոտ 723 մլրդ եվրո ։

Փորձագետները արձանագրում են, որ ռազմական ծախսերով Գերմանիան առաջ է անցել Մեծ Բրիտանիայից, որն առաջատարն էր եվրոպական երկրների շարքում 30 տարի շարունակ։

Գերմանիայի պաշտպանության բյուջեն 2024 թվականին ամենամեծն էր Եվրոպայում, այն ավելացել է 23%-ով ու կազմել 86 մլրդ դոլար։

Դոնալդ Թրամփը դեռ այս տարվա սկզբին էր հայտարարում, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է տարեկան պաշտպանական ծախսերը ավելացնեն ու հասցնեն ՀՆԱ-ի 5%-ին:

Նա նաև պնդում է, որ Եվրոպան ավելին անի Ուկրաինային աջակցելու համար։

«Մենք նրանցից բաժանված ենք օվկիանոսով: Ինչո՞ւ ենք մենք միլիարդավոր դոլարներ ավելի շատ վճարում նրանց համար, քան Եվրոպան»։

Թրամփի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեյի հետ 2024 թվականի նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ վերջինն ասել էր, որ եթե ԱՄՆ չլիներ, ՆԱՏՕ-ն չէր լինի։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների երկու երրորդն այժմ ռազմական ներուժին հատկացնում է ՀՆԱ-ի առնվազն երկու տոկոսը, ինչը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի գնահատմամբ ամենևին բավարար չէ։

Արձագանքելով Թրամփին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ դաշինքը պետք է հետևի ԱՄՆ նախագահի պահանջներին և ավելի շատ միջոցներ հատկացնի պաշտպանությանը։

«Եվրոպացիները պետք է արթնանան։ Թրամփն իրավացի է, երբ քննադատում է Եվրոպային պաշտպանության վրա չափազանց քիչ ծախսերի համար, մենք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա։ Ժամանակն է ներդրումներ անել»։

ԵՄ 27 երկրները պաշտպանության վրա ծախսում են իրենց ՀՆԱ-ի միայն 1,9%-ը, ինչը Կալլասի խոսքով, վտանգավոր ազդանշան է Ռուսաստանի համար, որը չորս անգամ ավելի շատ ներդրումներ է կատարում իր պաշտպանության ոլորտում։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ փետրվարին Բրյուսելում ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Թրամփի ԵՄ ուղղված հայտարարություններին ի պատասխան խոսել էր մարտահրավերների մասին․

«Ակնհայտորեն կան նոր մարտահրավերներ և աճող անորոշություններ կան: Եվրամիությունը պատրաստ է կառուցողական երկխոսության Միացյալ Նահանգների հետ»։

Եվրահանձնաժողովի ղեկավարը թեև նշում էր, որ առաջնահերթություն է տալիս արդյունավետ քննարկումներին, վստահեցնում էր նաև, որ ԵՄ անդրդվելի է իր բազմակողմ պարտավորությունները կատարելու հարցում։

Մինչ Թրամփը սպառում է դադարեցնել ԱՄՆ մասնակցությունը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության համակարգին, եթե եվրոպացիները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, գնահատելով ստեղծված իրավիճակը, նշում է, որ եթե Եվրոպան ցանկանում է գոյատևել, ապա պետք է զինվի:

 Լիտվան էլ քննադատաբար չի ընդունում ԱՄՆ նախագահի կոչը և նախատեսում է ռազմական ծախսերը հասցնել 5%-ի, հետագայում նաև ՀՆԱ-ի 6%-ի։

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի կարծիքով էլ Ռուսաստանը մշտական սպառնալիք է եվրոպական երկրների, Եվրամիության համար։ Ըստ այդմ, նա կարծում է, որ պետք է պատրաստ լինի ավելի շատ միջոցներ հատկացնելու պաշտպանությանը։

Ուշագրավ է սակայն Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի դիտարկումը։ Նա հուշում է «Եվրոպական պաշտպանական միություն» ստեղծելու անհրաժեշտության մասին։

Կարդացեք նաև

Back to top button