
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշումը հնարավորություն է տալիս բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններին միաժամանակ օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից, ինչը զգալիորեն կխթանի ոլորտի զարգացումը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել էր «Ինժեներական քաղաք»՝ ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկելու ոլորտի օրենսդրական նոր կարգավորումներին։
Ինժեներական համայնքին է ներկայացվել նաեւ «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» կառավարության որոշումը։

Դրանով սահմանվել են R&D-ն որպես այդպիսին որակելու չափանիշները և դրա որակման կարգը, ձևավորվելու է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով, հաստատվելու է հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառումը՝ տեխնոլոգիաների ընդլայնված ներգրավմամբ տնտեսության տարբեր ուղղություններում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված յոթամյա ռազմավարական ծրագրին, որն ուղղված է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Խոսվել է նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրներից, քննարկվել են դրանց լուծման տարբերակներն ու հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա ինժեներական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, առկա մարտահրավերները և զարգացման տեսլականը։ Նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները առանձին ձևաչափերով՝ աջակցելու բարձրացված խնդիրների լուծմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և շինարարների ուղեկցությամբ նախարարը նաեւ շրջայց է կատարել «Ինժեներական քաղաք»-ի տարածքով, այցելել բիզնես աքսելերատորի շենք: Նախարարին մանրամասներ են ներկայացվել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։




