
Մայրաքաղաքի բոլոր 162 մանկապարտեզներում կտեղադրվեն տեսահսկման սարքեր։ Սկզբնական շրջանում դա կիրականացվի 50 մանկապարտեզում։ Նախնական տվյալներով, շուրջ 1700 տեսախցիկի տեղաբաշխման հաշվարկով յուրաքանչյուր մանկապարտեզում անհրաժեշտ կլինի տեղադրել 40 տեսախցիկ։
Տեսախցիկների տեղադրմանը «Ռադիոլուրի» զրուցակից ծնողները դրական են վերաբերվում։ Ասում են՝ այդ սարքերի առկայությունը զգոն կպահի աշխատակիցներին ու բռնության դեպքերը կնվազեն։
Նարինե Եղիկյան․ «Իհարկե, կողմ եմ, որ մանկապարտեզում լինի տեսախցիկ։ Երբեմն միջադեպեր են լինում, որ ծնողը չի կարողանում ապացուցել, ու տեսախցիկը միջոց է, որ հնարավոր է՝ այդ դեպքի մասին ապացույց ունենալ։ Իմ երեխայի խմբում միջադեպ էր եղել, և մենք չկարողացանք ինչ–որ ձևով դա ապացուցել, տնօրենի կարգադրությամբ հեռացվեցին դաստիարակն ու դայակը»։
Մյուս զրուցակիցս, որ խնդրեց անունը չհրապարակել, պատմեց, որ իր երեխան տարիներ առաջ անցել է այդ ամենի միջով, ու դժվար է եղել, որ երեխան հոգեբանական ճնշման է ենթարկվել ու դժվար է եղել ապացուցել։ Ասում է՝ եթե դեպքն այսօր տեղի ունենար, ապա այլ ընթացք կլիներ։
«Ես կողմ եմ, որ լինի տեսախցիկ, բայց կողմ եմ նաև, որ տեսախցիկի ձայնագրած նյութին որևէ հասանելիություն, մշակման միջամտության առումով չունենա մանկապարտեզի ղեկավարությունը։ Եվ այդ բոլոր ձայնագրությունները պետք է պահպանվի քաղաքապետարանում։ Այնպես չի, որ այդ կառույցները ինձ մոտ մեծ վստահություն ունեն, բայց այստեղ մի աստիճան բարձր են»։
«Մանկապարտեզը և երեխաները» Ֆեյսբուքյան էջի համակարգող Աննա Ջավախյանը ասում է՝ տեսանկարահանող սարքերը ունեն և՛ բացասական, և՛ դրական կողմ։ Դրական կողմը այն է, որ կա մշտական վերահսկողություն։
«Փորձը ցույց է տալիս, որ առանց տեսախցիկների բազմաթիվ բաներ են կատարվում մանկապարտեզների պատերի ներսում, որոնց մասին որևէ մեկը չի իմանում, իսկ իմանալու դեպքում էլ անապացուցելի է լինում։ Իսկ որպեսզի կարողանանք ապացուցել, մեզ պետք է փաստ, իսկ փաստը տեսախցիկներն են»։
Աննա Ջավախյանը կարևոր է համարում այն, որ տեսախցիկներին հասանելիություն ունենան մանկապարտեզից դուրս գտնվող պատկան մարմինները, որպեսզի տնօրենները չառաջնորդվեն խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքով, կամայականություն չցուցաբերեն, ասելով, թե տեսախցիկները չեն աշխատել և այլն։
«Մենք չգիտենք հետագայում այդ կադրերը ո՞վ ինչպես կարող է օգտագործել։ Կարևոր է, որպեսզի հասանելիություն ունենան մանկապարտեզից դուրս գտնվող պատկան մարմինները, ոչ միայն մանկապարտեզի տնօրենը, այլև՝ քաղաքապետարանի մի քանի տարբեր վարչություններ։ Իսկ եթե միայն մեկ վարչություն է ունենալու՝ հանրակրթության, ապա նախկին փորձը ցույց է տալիս,որ ծանոթներ են ունենում տնօրենները, ովքեր օգնում քողարկել իրենց թերությունները»։
Աննա Ջավախյանը կողմ է, որ ծնողները հասնելություն ունենան միայն մանկապարտեզի պատերի ներսում։ Այսինքն, եթե կասկածելի բան են նկատում, կարող են մի սենյակում նստել ու հետևել, բայց այդ ձայնագրությունները չպետք հայտնվեն նրանց ձեռքում։
«Ծնողներին հասանելություն տալուն անձամբ ես դեմ եմ, որովհետև, եթե ծնողին տանք հասանելություն, ապա վստահ չեմ, որ ծնողի, ենթադրենք, այլասերված հարևանը իր հեռախոսով կամ համակարգչով չի մտնելու այդ երեխաների ձայնագրությունների մեջ, չգիտեմ, ինչ-որ բաներ կատարի, ինչ-որ գործողություններ, որոնք հետագայում կվնասեն երեխային» ։
Այս պահին տեսախցիկներին հասանելություն ունի միայն քաղաքապետարանը։ Քաղաքապետրանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյան․
«Հիմա մոնիթորինգ ենք անում՝ արդյո՞ք սարքերը ճիշտ կցակառույցներում են տեղադրված, տեսանելիություն կա՞, թե՞ ոչ։ Հասնելության մասին ոչինչ ասել չեմ կարող, թե ո՞ր պաշտոնյայի, ո՞ր անձի տեսադաշտում է այն լինելու։ Միայն կարող եմ ասել, որ սահմանափակ թվով պատասխանատուներ են հասանելություն ունենալու»։
Այս պահին158 տեսախցիկ է տեղադրվել Երևանի 4 մանկապարտեզում։ Կախված մանկապարտեզի մակերեսից, տեղադրվելու է 30-40 տեսախցիկ։ Այս տեխնիկական վերազինման համար համայնքային բյուջեից այս պահին ծախսվել է 10 մլն դրամ։ Իսկ ընդհանուր առմամբ, նախատեսված է տեղադրել 1700 տեսախցիկ մայրաքաղաքի 50 մանկապարտեզում։




