ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շիրակում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով

Ալեքս Սարգսյան
«Ռադիոլուրի» համար

Վարչապետի նախաձեռնած ծառայողական մեքենաների կրճատման գործընթացին արձագանքելով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի վեց համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով։ Մինչ այժմ օգտագործվող 62 մեքենաներից մարզպետի աշխատակազմում և համայնքապետարաններում կմնա 17 մեքենա, ևս 7-ը կսպասարկի ՀՈԱԿ-ներին:

Շիրակի մարզում ամենամեծ՝ 33 բնակավայր  ունեցող խոշորացված համայնքը Ախուրյանն է: Համայնքապետարանի ենթակայությամբ շահագործվել են ամենաշատ ծառայողական  մեքենաները՝ 21 հատ: Տրանսպորտային միջոցներից հիմնականում օգտվել են  գյուղական  բնակավայրերի վարչական ղեկավարները՝ համայնքի կենտրոն այցելելու և այլ գործառույթներ իրականացնելու համար: Այժմ մեքենաների թիվը կրճատվել է՝ նշում  է Ախուրյան  համայնքի  ղեկավար Զավեն Մանուկյանն ու հավելում, որ վարչական ղեկավարներն այսուհետ իրենց  սպասարկող ծառայողական մեքենաներ չեն ունենա․

«Ընդհանուր մեքենաներից  որոշում  կա պահել 2-ը՝ որպես  անձնակազմին սպասարկող, ըստ անհրաժեշտության, այսինքն՝ որպես այդպիսին անձնական  օգտագործման, ինչ-որ մեկին սպասարկող մեքենա չի մնա: Էս պահին բոլոր 21 մեքենաները կանգնած են   համայնքապետարանի կայանատեղիում, և  գնահատման գործընթաց է սկսվել, որպեսզի  օտարվեն»:

Ծառայողական մեքենաների օտարման գործընթաց  է սկսվել նաև Արթիկ  խոշորացված  համայնքում: 15 ծառայողական  մեքենաներից  այժմ  շահագործվում  են  երկուսը․ մեկը  սպասարկում  է համայնքի  ղեկավարին, իսկ մյուսը  նախատեսված է համայնքապետարանի  աշխատակազմի  համար: Ծառայողական մեքենաները վաճառվելու են աճուրդով՝ նշում է Արթիկի  համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արկադի Թադևոսյանը․

«Կազմակերպվել է գնման գործընթաց, մեքենաները վաճառքի ենք հանել, վաճառվել  են  5-ը, մնացածը  գործընթացի  մեջ  է։ 2-րդ, 3-րդ  անգամ  ենք  հայտարարելու  աճուրդները, մրցույթները, որպեսզի  կարողանանք  վաճառել։ Ներկա պահին  համայնքապետարանը  շահագործում  է  երկու ծառայողական մեքենա»։

Համայնքապետարանների պաշտոնյաները վստահեցնում են, որ ծառայողական մեքենաների  կրճատումը բնականոն աշխատանքային  գործընթացի վրա բացասական  ազդեցություն  չի  ունենա: Ախուրյան  համայնքում նախատեսում են պահպանել վարչական ղեկավարներին  տրամադրվող  ճանապարհածախսի ամսական գումարը, իսկ  Արթիկ  համայնքում  նման  ծախսեր  նախատեսված  չեն․ վարչական  ղեկավարները կերթևեկեն իրենցկամ  աշխատակիցների մեքենաներով:

«Խնդիրներ մինչև այսօր չեն եղել: Իրենց կամ աշխատակիցների մեքենաներով եկել-գնացել են, ամսվա ընթացքում 1-2, առավելագույնը՝ 3 անգամ, խնդիր  չի  առաջացել, նորմալ  է։ Ավելի շատ ավտոմեքենա պահելն էլ ծախսերի հետ կապված է, համայնքը մեծ ծախսեր դժվար թե  կարողանա  ծառայողական մեքենաների համար կատարել»:

«Մենք աշխատավարձից  զատ վարչական  ղեկավարներին լրացուցիչ ճանապարհածախս ենք տալիս: Դա պահպանել ենք, կարող է քննարկենք  մի  փոքր  ավելացնելու հարցը»:

Ծայրամասային ու դժվարամատչելի տեղանքներում գտնվող գյուղական որոշ բնակավայրերի  վարչական ղեկավարներ ամեն դեպքում ծառայողական մեքենաներից օգտվելու անհրաժեշտություն կունենան՝ նշում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Եթե համայնքի  ղեկավարությունը կհիմնավորի ծաառայողական մեքենա տրամադրելու անհրաժեշտությունը, ապա հնարավոր է այդ  բնակավայրի համար գնվեն նույնիսկ  ամենագնաց  մեքենաներ:

«Այս  աշխատանքները չեն խոչնդոտելու մեր այն ռազմավարությունը, որն ունենք  գյուղերի  համաչափ զարգացման առումով։ Տրամաբանորեն, այո, կլինեն  խնդիրներ, որ  կարիք  կլինի  նոր  մեքենաներ գնելու, բայց այդ մեքենաները չեն լինելու շքեղ, այլ գնվելու են  հենց այն նպատակի  համար, որին ծառայելու են»:

Շիրակի մարզպետի աշխատակազմում ևս ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է․հինգ  մեքենայի փոխարեն այժմ շահագործում են երեքը: Ըստ մարզպետ Առուշանյանի՝ ծառայողական  ավտոմեքենաներից հիմա  օգտվում են  խիստ անհրաժեշտության դեպքում միայն, իսկ  նախկինում տրանսպորտային միջոցները շահագործվել են ոչ նպատակային:

«Դուք էլ եք հասկանում, եթե մի համայնքապետարան 4 մեքենայով կարողանում է սպասարկել, ամբողջ համայնքը 20-ից ավելի մեքենաներ ունի, տրամաբանական  չէ  էտ  20 մեքենաները  պահելը համայնքի բալանսին ու նաև դրա հետ կապված ծախսեր անելը: Հասկանում եք, որ շատ դեպքերում էտ մեքենաները անձնական ծառայության համար են   եղել, ոչ թե համայնքի աշխատանքներին ծառայեցնելուն: Մարզպետարանն էլ 5 մեքենայից  երեքն է թողել, մարզպետի համար և 2-ը ընդհանուր օգտագործման, մեր  աշխատակիցները  շրջայցեր կատարելու համար օգտագործում են էտ մեքենաները»:

Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կառույցներից Գյումրի ԲԿ-ի  հաշվեկշռում գտնվող ծառայողական մեքենաների  թվի կրճատում չի եղել։ Դրանք  հիմնականում ռեանիմոբիլներն ու բժշկական սարքավորումներով  հագեցած տրանսպորտային միջոցներ են, որոնք սպասարկում  են բնակչությանը: Թե ընդհանուր որքան ֆինանսական միջոցներ կտնտեսվեն ծառայողական ավտոմեքենաների   կրճատման  արդյունքում, դեռ ամփոփված չէ, բայց  օտարումից ու տնտեսումներից  գոյացած   գումարները   համայնքապետարանները կներդնեն  սուբվենցիոն նոր  ծրագրերի իրականացման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button