
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններին ու մի շարք ուշագրավ թվերի հիմքով բացատրել, թե ինչ նպատակով են արվում փոփոխությունները։
Առք ու վաճառքով զբաղվող՝ շրջանառության հարկ վճարողների 61.7 տոկոսը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն, ստացվում է, որ օրական 27 հազար դրամի առևտուր են անում։ Ամբողջ տարվա ընթացքում նրանք վճարում են 500 հազար դրամ հարկ. այս թվերը համադրում ու ներկայացնում է վարչապետ Փաշինյանը՝ խորհրդարանում խոսելով շրջանառության հարկի փոփոխություններից ու հերթական անգամ ընդգծելով՝ Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում պետք է ընդհանրապես հրաժարվի շրջանառության հարկից։
Վերջին շրջանում բավականին ակտիվ քննարկումներ են անցկացվել տնտեսվարողների հետ՝ խորհրդարանում ասում է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ու իր տպավորությունները փոխանցում վարչապետին այդ քննարկումներից.
«Այնպիսի տպավորություն է, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված է ոչ միայն հարկային դրույքաչափերի փոփոխությամբ, այլև իրազեկվածության պակասով ու որոշ նրբություններ չիմանալու հանգամանքով»։
Թունյանը կարիք է տեսնում ևս մեկ անգամ պարզաբանել, թե ինչի համար են արվել շրջհարկի դրույքաչափի բարձրացումները, և արդյոք դա նշանակում է, որ միանշանակ մարդկանց հարկային բեռն ավելանում է։
«Եթե կան նվազեցնելու մեխանիզմներ, խնդրում եմ այդ մասին ևս մեկ անգամ պարզաբանել, որովհետև շատ դեպքերում պարզվում է, որ մարդիկ այդ հնարավորությունների մասին չգիտեն»։
Փաշինյանի վստահեցմամբ՝ հարկերը նվազեցրել են և այդ մասին պարզաբանել է նաև վերջին ասուլիսում.
«Ասել եմ, որ երբ քաղաքացին, մեր այս հաշվարկով, օրինական գրանցում է, օրենքով սահմանված հարկերը նվազում են, դառնում են 1 տոկոս»։
Փաշինյանը նշեց նաև, որ կառավարությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի քաղաքացիներն աշխատեն օրինական տիրույթում։ Վարչապետն ակնկալում է, որ նոր ներդրված համակարգի գործարկումից մի քանի ամիս անց կդիտվեն արդյունքները։
«Շրջանառության հարկի համակարգը բիզնեսի համար մոտիվացիա չի ստեղծում, որ այն մեծանա։ Եթե մենք գնանք ու տեսնենք վիճակագրությունը, և տեսնենք, որ մեր հաշվարկը սխալ է, չենք զլանա մեր սխալն ընդունել։ Բայց որ առանց փաստարկի ասում են՝ ճիշտը սա է, կարծում եմ դա ճիշտ խոսակցություն չէ։ Իսկ երբ ասում են՝ մեզ փաստաթուղթ չեն տալիս, ո՞վ չի տալիս, մենք ուզում ենք հասկանալ՝ էդ ով ա, որ չի տալիս։ Մենք պատրաստ ենք գնալ այդ փաստաթուղթ չտվողների հետևից»։
Փաշինյանի վստահեցմամբ՝ պատրաստ են բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որ մարդիկ օրինական դաշտում հնարավորինս հարմարավետ աշխատեն։




