ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տաքացած կլիման կրճատել է այգետերերի ծախսը. Արմավիրում խաղողի այգիներն արդեն քիչ են թաղում

Արմավիրի մարզում տեխնիկական ու սեղանի սորտի  խաղողի  այգիների մեծ մասն այս տարի չի թաղվել՝ հողով չի ծածկվել: Գյուղացիները նախորդ տարիների իրացման ու մշակման դժվարություններից ելնելով՝ որոշել են կրճատել թե հողագործական աշխատանքը, թե դրանց ուղղվող ծախսերը: Անցած տարի խաղողից լավ բերք չէին ստացել, ուստի որոշ դեպքերում  էլ խաղողի վազերը փոխարինում են պտղատու ծառերով: 

Արմավիրի մարզում խաղողի այգիների տեխնիկական ու սեղանի սորտերի վազերի մեծ մասն այս տարի, գյուղացու խոսքով ասած,  չեն թաղվել: Շատ աշխատանք պահանջող բարձրարժեք մշակաբույսի վրա այգետերերն այժմ խուսափում են մեծ ծախս անել:
Արտյոմ Հարությունյանը Բամբակաշատ գյուղում արդեն երկու տարի խաղողի այգին չի «թաղում», այսինքն՝ ցրտից պաշտպանելու համար հողով չի ծածկում, իսկ մինչ այդ ամեն տարի այգեկութից հետո՝ ձմռան նախաշեմին, որթատունկը խնամքով  թաքցրել է հողի տակ: Ռկածիթելի խաղողի սորտն է մշակում:

«Այգին թաղելու ժամանակ մենակ չես կարող, մի քանի հոգի մարդ է պետք: Իմ այգին 8000 քմ  է, 4-5 տղամարդ է եկել աշխատելու 150 հազար դրամով: Վճարվում է ըստ տարածքի մեծության: Մի օրում չեն կարող թաղել, 5-6 օր տևում է: Հիմա էլ ցուրտ չի անում: Խաղողը կարող է ցրտահարվել -15 աստիճան ցրտին, որը կարող է մի քանի օր տևել»:

Կլիմայի փոփոխության հետևանքով Արմավիրում ցրտաշունչ ձմեռները նահանջել են, և այգեթաղի վրա լրացուցիչ ծախս չեն անում, իսկ  անցած տարի էլ բերքն էր պակասել:

«Անցած տարի խաղող քիչ է եղել, ոչ միայն իմը, այլև բոլորինը: Եթե մենք ոչ մի բան չանենք ու կանգնենք ու վարձու աշխատողներ բերենք՝ մեզ անգամ մի լումա չի մնա: Պետք է մենք էլ աշխատենք: Մեզ միայն մեր չարչարանքն է մնում»:

Արտյոմը լարերի վրայից հեռացնում է խաղողի վազի չորացած ճյուղերն ու տեղ բացում նոր շիվերի համար: Որթատունկի տակ մկների բազմաթիվ բներ են: Կրծողների վնասը խաղողի այգիներում դեռ նկատելի չէ, երբ վազը սկսի այսպես ասենք «աշխատել»՝ ակնառու կդառնա:

«Հետո կերևա, երբ «աչքերը» սկսեն բացվել, այդ ժամանակ էլ կերևա՝ լա՞վ է բացվում, թե՞ չէ, վնասված է, թե՞ չէ: Բերքը տալուց կերևա, որովհետև մուկը, որ մտնում է հողի մեջ, գնում արմատներն է ուտում, չի երևում»:

Մկնանման կրծողների դեմ թունանյութեր չի կիրառել, պայքարի հիմնական միջոց է դարձրել ուշ աշնան ոռոգումը: Հիմա մենակ է աշխատում իր այգում. էտում վազերը։

«Այ սրանք պետք է հանել, որ բերքն առողջ լինի: Ինչքան մատերը քիչ լինեն, այնքան բերքն առողջ կլինի, ու ճութն էլ՝ մեծ: Մի բուժում էլ կարող է պակաս տանք: Թող խաղողը քիչ բռնի ճթի հաշվարկով»:

Արտյոմը խաղողն իրացնում է Արմավիրի վերամշակող գործարաններից մեկում,  որի հետ մշտապես պայմանագիր է կնքում: Գնից ու վճարման ժամկետից չի դժգոհում. ընդունել են 140 դրամով, վճարել՝ մի ամիս հետո:

Խաղողի մշակման ու իրացման խնդիրներից ելնելով՝ շատ այգետերեր որոշել են խաղողը  փոխարիել պտղատու ծառերով: Աիդա Հարությունյանի ընտանիքը նրանցից մեկն է։

«Առաջ խաղողի այգի էր, բայց կտրեցինք, որովհետև ցրտահարվեց, կարկտահարվեց: Մշակում էինք ու հանձնում գործարանին: Անցած տարի խաղողը լավ գնով իրացվեց, բայց նախանցած տարի գինն ահավոր էր, մեծ մասը օղի ենք թորել, չենք հանձնել, որովհետև գինը 60-80 դրամ էր: Ռկածիթելի խաղող էր, ես ու ամուսինս էինք մշակել, ստացել էինք մոտ 4 տոննա խաղող»:

Աիդա Հարությունյանն ասում է, որ սեզոնին ունենում են ոռոգման ջրի խնդիր: Բամբակաշատում հողերը հիմնականում ոռոգում են խորքային երկու հորերի միջոցով, իսկ ջրանցքի ջուրն իրենց հողերին գրեթե չի հասնում:

«Էս մեծ գյուղին երկու արտեզյան հորն ի՞նչ պիտի անի, Արաքսի ջուրն էլ տեղ չի հասնում: Չեմ հիշում տարին մեկ, երկու, թող լինի չորս անգամ ջրել ենք, թե չէ, բոլորն արտեզյան ջրով են ջրում: Մենք հորեր ենք փորել՝ 32մ և 25 մ խորությամբ և սեփական հորից ենք ոռոգում հողերը, որովհետև ջուր չկա: Էլ չենք մտածում, թե ինչքան ծախս ենք արել, ինչքան չէ, էդ ծախսն էլ աչքիդ չի երևում, լոկ ջուր ունենանք»:

Աիդայի ամուսինը՝ Ալեքսան Ալեքսանյանը, տնամերձ հողամասերն արդեն մաքրել է խոտերից ու վարել: Ասում է՝ հողի վրա ինչքան աշխատես, քիչ է, դրա համար է շուտ սկսել գործը, իսկ աշխատածի դիմաց եկամուտը բավարարում է․ «Եկամտաբեր այն ժամանակ կլինի, եթե  ժողովրդի ձեռքին փող լինի, ժամանակին կարողանան վարեն հողը, խոտը բարձրանում ու ծածկում է: Մարդ կա՝  անցած տարվա բուժանյութերի փողը  դեռ չի տվել, ոչ թե չի ուզում տա, այլ չկա, որ տա: Եթե կանխիկ եմ վճարում, այդ տեղից ես ավելի էժան եմ գնում, իսկ անկանխիկ գնելու դեպքում գինն էլ չենք հարցնում, վերցնում, ուրախ-ուրախ գալիս ենք: Երևակայի, որ կանխիկի դեպքում բուժանյութերն ավելի որակյալ են, քան անկանխկիկի դեպքում»:

Մինչև նորատունկ այգին բերքատու դառնա, թոշակառու ամուսինները բանջարեղեն են ցանում և վաճառում գյուղից գյուղ պտտվելով: Բացի խաղողից՝ Արտյում Հարությունյանը մյուս երկու հողակտորներում բանջարեղեն է մշակում: Հողը երբեմն հարստացնում է գոմաղբով և ամեն տարի փոխում մշակաբույսը: Այս կերպ ցանքաշրջանառություն է անում, որ բույսը չվնասվի ու լավ բերք տա:րվա կարիքներին միայն:

Կարդացեք նաև

Back to top button