
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Ռուսաստան՝ ազատելու ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին, որը բանտարկված էր Ռուսաստանում, կարող է լինել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև շփումների նոր ձև, կարծում է The New York Times-ը (NYT): Ուիթքոֆի դերը դուրս է գալիս դատապարտված ամերիկացուն ազատելու առաքելությունից և օգնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ գործընթաց սկսելուն, գրել է NYT-ը՝ վկայակոչելով իրավիճակի մասին տեղեկացված մի քանի մարդու:
Պարբերականը նշում է, որ Ֆոգելի ազատարձակումը տարբերվում էր գործակալների և բանտարկյալների նախկին փոխանակումներից, որոնք տեղի էին ունենում երրորդ երկրների միջոցով։ Բացի այդ, Մոսկվա կատարած այցից առաջ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնացը ուղիղ բանակցություններ էր վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցների հետ, հայտնում է NYT-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ուիթքոֆը Ուկրաինայի պատերազմը քննարկել էր նաև Սաուդյան Արաբիայի և Կատարի ներկայացուցիչների հետ։
Ըստ այդ տեղեկությունների՝ Դոնալդ Թրամփը մի քանի շաբաթ առաջ գաղտնի ընդլայնել է Ուիթքոֆի լիազորությունները և հանձնարարել է նրան բանակցությունների ուղիներ բացել Ռուսաստանի ղեկավարության հետ՝ չնայած Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց է նշանակել պաշտոնաթող գեներալ Քիթ Քելոգին։
NYT-ը գրում է, որ Դոնալդ Թրամփն ու Սթիվ Ուիթքոֆը ընկերներ են 1980-ականներից, և Թրամփը կարծում է, որ նրա բանակցային հմտությունները բավարար են Ուկրաինայում պատերազմը վերջ տալու համար։
Նույն օրը Սպիտակ տունը հաստատել է, որ Ռուսաստանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին, որը կալանավորվել էր 2021թ.-ին։ « Նախագահ Թրամփը, Սթիվ Ուիթքոֆը և նախագահի խորհրդականները բանակցել են մի փոխանակման շուրջ, որը ռուսների կողմից բարի կամքի դրսևորում է և նշան է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ՝ դադարեցնելու դաժան և սարսափելի պատերազմն Ուկրաինայում», — ասել էր Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը:
Տես նաև՝ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Ռուսաստանի իշխանությունների կողմից Ֆոգելի ազատարձակումը




