ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հրաժարվել են ստորագրել արհեստական բանականության կարգավորման մասին հռչակագիրը

Փարիզում կայացած արհեստական բանականության հարցով գագաթնաժողովում ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հրաժարվել են ստորագրել արհեստական ​​բանականության (AI) կարգավորման մասին հռչակագիրը։ Գագաթնաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այլ առաջնորդների՝ ոլորտի կարգավորման համար առաջարկած մոտեցումները։ Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ «կստորագրի միայն այն նախաձեռնությունները, որոնք բխում են իր երկրի ազգային շահերից»:

Արհեստական ​​բանականության հարցով փարիզյան գագաթնաժողովում քննարկվել են AI-ի ազդեցությունը հասարակության և շրջակա միջավայրի վրա, նաև այն քայլերը, որոնք պետությունները պետք է ձեռնարկեն տեխնոլոգիաներից օգտվելու և ռիսկերը կանխելու համար:

Փաստաթղթին աջակցել է 60 երկիր, որոնց թվում են Ֆրանսիան, Չինաստանը, Ավստրալիան, Ճապոնիան և Հնդկաստանը։ Հռչակագրում ասվում է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը պետք է լինի «բաց», «ներառական» և «էթիկական»։

Ըստ Politico-ի, ԱՄՆ-ն դժգոհ է եղել «կայուն և ներառական AI» ձևակերպումից։ Գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն ասել է, որ արհեստական ​​բանականության չափից շատ կարգավորումը կարող է «սպանել փոխակերպվող ոլորտը, երբ այն նոր է սկսում վերելք ապրել»:

Ըստ Վենսի՝ առաջնահերթություն պետք է տրվի AI-ի զարգացմանը նպաստող քաղաքականությանը, հետո նոր միայն անվտանգության հարցերին: Դրան հասնելու համար, նրա խոսքերով, անհրաժեշտ է կարգավորում, որը կխրախուսի արհեստական ​​բանականության զարգացումը, «ոչ թե կխեղդի այն»:

ԱՄՆ փոխնախագահը նաև հավելել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է «այս նոր իրողությանը նայեն լավատեսությամբ, ոչ թե տագնապով»։

Կարդացեք նաև

Back to top button