ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Արմեն Գևորգյանը Սամվել Մայրապետյանից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 309 միլիոն դրամ կաշառք»․ դատախազը նոր մեղադրանքներ է ներկայացրել

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ անցկացվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը, որին ներկա են եղել բոլոր մեղադրյալները։ Դատախազը նոր մեղադրանքներ է ներկայացրել երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին, մեկով՝ մարտի մեկի գործով պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար, մյուսով՝ որ Սամվել Մայրապետյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամ կաշառք։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին հանրային մեղադրողը ներկայացրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին վերագրվող նոր մեղադրանքներ։ Մինչ այդ, սակայն, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատավոր Սարգիս Պետրոսյանին հայտնել է, որ ներկայացված  վարույթով Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը չեն կարող հանդես գալ իբրև մեղադրյալ։ Փաստաբանը հղում է կատարում գործող քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածին։

«Սա նախատեսում է՝ մեղադրյալն անձ է, որի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Կանխատեսելով դատարանի՝ նախկինում ներկայացրած դատողությունները, կհնչեր, օրինակ, հետևյալ դիրքորոշումը՝ չէ՞, որ նախկինում հարուցված է եղել քրեական հետապնդում, այդ իսկ պատճառով 6-րդ հոդվածի 41-րդ կետն է գալիս մեզ օգնության, ասում է՝ «քրեական հետապնդման հարուցում» հասկացությունը նշանակում է դատախազի կողմից անձի ենթադրյալ հանցավոր արարքը նկարագրող և դրա իրավական գնահատականը պարունակող որոշումը»։

Փաստաբանի առարկությունը դատարանը չընդունեց։ Հանրային մեղադրող, դատախազ Հայկ Հովհաննիսյանը ներկայացրեց Արմեն Գևորգյանին առաջադրվող նոր մեղադրանքները։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու՝ փողերի լվացման մեջ։

 «2006 թվականի փետրվարից մինչ 2008 թվականի ապրիլի 21-ը, զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվատնգության խորհրդի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օժանդակել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր լիազորությունների անցմանը»։

Նոր մեղադրանքի համաձայն՝ Գևորգյանը մեկ այլ դրվագով էլ օժանդակել է «Թի էյ սի-սի Արմենիա» ՍՊԸ-ի տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն։ Մասնավորապես, որպեսզի չխոչընդոտի Համբարձումյանին՝ իրեն պատկանող՝ պետական արտոնություններ ստացած ընկերությունը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերության վաճառելուն, Արմեն Գևորգյանը 2008-ի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք։

«Վերջինս, միջնորդավորված եղանակով Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստանալով առանձնապես խոշոր չափերի 309 մլն դրամին համարժեք 1մլն դոլար կաշառք, օրինականացրել է խոշոր չափերով ստացված գույքը, այն է՝ ապահովել է նշված կաշառքն իրավաբանական տարբեր անձանց անուններով փոխանցելուն՝ նպատակ ունենալով խեղաթյուրել և  թաքցնել այդ գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը»։

Նախորդ նիստերին դատախազը նոր մեղադրանքներ էր ներկայացրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Դատախազությունն առաջարկել էր մեղադրել երեք պաշտոնյաներին իշխանական լիազորություններն անցնելու կամ ազդեցությունը չարաշահելու հոդվածով։ Նրանք ոչ միայն մեղքը չեն ընդունել, այլև պնդել են, որ իրենց առաջադրված հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, ինչից հետո դատարանն արդարացրել էր իրենց: Արդարացման որոշումը, սակայն, վճռաբեկ դատարանն ամիսներ առաջ բեկանել, գործն էլ ուղարկել էր հակակոռուպցիոն դատարան` նոր քննության:

Հակակոռուպցիոն դատարանում նոր մեղադրանքները ներկայացնելուց հետո քննարկվեց դատախազության բոլոր փաստաթղթերի թարգմանված տարբերակները Յուրի Խաչատուրովին տրամադրելու հարցը։ Վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ դատավարական ակտի՝ ռուսերենով թարգմանված տարբերակը ստանալուց հետո միայն կկարողանան իրենց դիդրքորոշումը հայտնել։ Իսկ այդ գործառույթի հասցեատերը դատախազությունն է։

«Այս պահին վարույթն իրականացնող մարմինը դատարանն է, բայց այդ որոշում կայացնողը հանրային մեղադրողն է։ Բայց, ինչպես հասկանում եմ, հանրային մեղադրողն այդ պարտականությունը փորձում է դատարանի վրա դնել։ Այդ գրությունից այդ էր ակնհայտ։ Էլեկտրոնային տարբերակն ուղարկել էին, որպեսզի դատարանը զբաղվի այդ թարգմանությամբ։ Այնպես չի, որ այսօր է բացահայտվել, որ Յուրի Խաչատուրովը գրավոր հայերենի չի տիրապետում»։  

Մեղադրվող կողմը դատարանին խնդրեց հետաձգել լսումները, տալ սեղմ ժամկետներ՝ միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը վստահորդի հետ համաձայնեցնելու համար։ Գործով հաջորդ նիստը  փետրվարի 25–ին է։

Կարդացեք նաև

Back to top button