ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Արհեստական բանականությունը մտնում է քաղաքականություն․ ինչպե՞ս կօգտվի դրանից Հայաստանը

Ամերիկյան քառօրյա այցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա երկու օրերին Ֆրանսիայում է լինելու։ Փետրվարի 10-11-ի նրա աշխատանքային այցը պայմանավորված է Ֆրանսիայի նախագահի կազմակերպած Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցությամբ։

Միջոցառմանը ներկա կլինի շուրջ 1500 հյուր տարբեր երկրներից, կլինեն դասախոսություններ և պանելային քննարկումներ ԱԲ-ի հեռանկարների և սպառնալիքների թեմայով։ Գագաթնաժողովին ներկա կգտնվեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինը, OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը, Google-ի ղեկավար Սունդար Փիչայը և այլք։

Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Վաշինգտոնից վերադառնալուց հետո և մինչև Փարիզ մեկնելը Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել է հոդված գրել Ադրբեջանից հնչող սպառնալիքների և Հայաստանի առաջարկած լուծումների մասին։ Եթե հակիրճ, ապա Հայաստանի վարչապետը, արձագանքելով Ադրբեջանի հայտարարություններին, առանձնացնում է հետևյալ կարևոր մտքերը․

  • Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ
  • Տարածաշրջանում էսկալացիայի համար նախադրյալ չկա, խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են
  • Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են

Փաշինյանն իր հոդվածում գրել է, որ Բաքվի պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետևաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի:  

Հայաստանի վարչապետը հիշեցնում է, որ լուծումները դրված են սեղանին և դրանք գեներացվել են հենց Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում:

Նա նաև թվարկել է անպատասխան մնացած առաջարկները կամ կիսատ մնացած աշխատանքները սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու, երկաթուղային փոխադրումներ իրականացնելու, պետական սահմանի սահմանազատման աշխատանքների, գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղություններով։

Վարչապետը գրել է․

«Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից»։

Խորհրդարանի ընդդիմադիր թևում վարչապետի հոդվածից տպավորություն են ստացել, թե նա ակնարկում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյան․ «Պատահական երկնքից չընկավ չէ՞ սպառազինությունների վերահսկման խնդիրը։ Այսինքն՝ ակնհայտ է, Ադրբեջանը, Ալիևը, որը միշտ ասում էր՝ Հայաստանը, եթե սպառազինվի, կմիջամտենք։ Ակնհայտ է չէ՞, որ փորձում է Փաշինյանը ասի՝ լավ, դե մենք կսահմանափակենք, բայց արի դու էլ սահմանափակի։ Ադրբեջանը անկախ այս իշխանությունների հավաստիացումներից, թե բարի կամքով, կառուցողական ոճով բանակցում ենք, դեպի խաղաղություն ենք գնում, Հայաստանին սպառնում է պատերազմով։ Եվ ինչքան այս իշխանություններն ասում են՝ կզիջենք, մենակ մի խփեք, այդքան Ադրբեջանը ավելի լկտի և ագրեսիվ է դառնում»։

Արևմտամետ գործիչները հենց անվտանգային տեսանկյունից են կարևորում Հայաստանի մասնակցությունը Ֆրանսիայի կազմակերպված Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին։

Գագաթնաժողովի աշխատանքներն արդեն սկսվել են, բայց պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա փետրվարի 11-ին։ Միջոցառմանը կմասնակցեն 80 երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գիտնականներ և մշակութային գործիչներ: Համարվում է, որ սա բացառիկ հարթակ է ԱԲ զարգացման ռազմավարության և միջազգային համագործակցության համար, քանի որ արհեստական բանականությունը վաղուց դարձել է անվտանգության և պաշտպանության հիմնական գործիք: Արդեն հայտարարվել է այս ոլորտում միլիարդավոր դոլարի ներդրումների մասին։

Ուշագրավ է, որ արհեստական բանականության գագաթնաժողովը նախագահելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Այսինքն՝ այն պետությունների ղեկավարները, որոնց հետ Հայաստանը ակտիվորեն աշխատում է սպառազինության հարցում։

Սպառազինության մրցավազքի առումով քաղաքագետ Նարեկ Մինասյանը պնդում է, որ Հայաստանը մշտապես հետ է մնում Ադրբեջանից, որքան էլ այդ պետությունը օգտագործի քարոզչական միջոցներ․

 «Ադրբեջանական կողմը անգամ 20 թվականից հետո շարունակել է իր ռազմականացման գործընթացը։ Ամեն հաջորդ տարվա բյուջեն գերազանցել է նախորդ տարվա բյուջեն Ադրբեջանի ռազմական։ Փաստացի՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում է արդեն ռեկորդային ցուցանիշի, խոսքը ավելի քան 5 միլիարդ դոլարի մասին է։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանը 25 թվականին անգամ աննախադեպ չափերով մեծացնելով իր ռազմական բյուջեն, դա կազմել է 1.7 միլիարդ դոլար՝ երեք անգամ Ադրբեջանի բյուջեն գերազանցում է հայկականը։ Ինչը ևս հստակ ցուցիչ է, որ Ադրբեջանը, ըստ էության, պատրաստվում է։ Ադրբեջանի շարունակվող միլիտարիզացիան համադրելի չեն իրենց ծավալներով, տեմպերով և անգամ գործընկերների քանակով։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը թիրախավորում է նաև Հայաստանի գործընկեր երկրներին, որոնք զենք են մատակարարում Հայաստանին։ Պարբերաբար հայտարարություններ են հնչում Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ կապված և փորձում են նրանց մեղադրել անգամ տարածաշրջանում հաջորդ պատերազմի համար»։

Վերլուծաբանները նշում են, որ Ադրբեջանը ամեն դեպքում պատրաստվում է երեք սցենարի՝ և՛ խաղաղության, և՛ պատերազմի, և՛ ստատուս-քվոյի պահպանման։ Ամեն ինչը կախված է նրանից, թե ինչպիսի կանյուկտուրա կլինի աշխարհում։

Այս ամբողջության մեջ է դիտարկում վարչապետի՝ աշխատանքային այցերի արանքում արդեն հայտնի թեզերով հոդվածի հրապարակումը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Հայաստանի իշխանությունները խնդիր ունեն իրավիճակը Ադրբեջանի հետ հարաբերություններում առավելագույնը կառավարելի պահելու և որևէ էսկալացիայի հիմքեր առնվազն Հայաստանի կողմից բացառելու։ Սա առաջին։ Մյուսը՝ նպատակ ունեն իրավիճակը միջազգային հանրության համար հնարավորինս ընկալելի պահպանելու, ապահովելու, այն պարագայում, երբ ադրբեջանական մամուլում կրկին ակտիվացել էին տարբեր քարոզչական միտումները առ այն, որ Հայաստանը շարունակվում է զինվել, Վրաստանի տարածքով նոր սպառազինություններ են հասնում Հնդկաստանից, Ֆրանսիայից և սա ցուցիչ է նրա, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի։ Կարծում եմ՝ այս և ածանցյալ խնդիրների պարզաբանման և ՀՀ պաշտոնական դիրքորոշման վերաշարադրման համար են նման քայլերը»։

Ի դեպ, Հայաստանի վարչապետի՝ Ամերիկայի և Ֆրանսիայի աշխատանքային այցերի ֆոնին Հայաստանի առնչությամբ ակտիվ մեկնաբանություններ են հնչել նաև ռուսական կողմից։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հերթական անգամ խոսել է ռուսական կողմի վճռականության մասին աջակցելու Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Արևմուտքի պնդմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ փաստաթղթերի ստորագրմանը։

Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ առաջիկա այցերից մեկի ուղղությունը Հայաստանի վարչապետի համար կլինի Ռուսաստանի Դաշնությունը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ Հայաստանի վարչապետին պաշտոնական հրավեր է փոխանցվել՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80–ամյակի միջոցառումներին։

Պաշտոնական Երևանը այս հրավերին դեռ չի արձագանքել։

Կարդացեք նաև

Back to top button