Իսրայելը դուրս է բերում իր զորքերը Գազայի Նեցարիմ միջանցքից, որը կիսում է Գազայի հյուսիսային ու հարավային հատվածները, հայտնում է Associated Press-ը։ Իսրայելի անվտանգության ծառայության իր աղբյուրներին հղում անելով, պարբերականը գրում է, որ Իսրայելն արդեն կրճատել է իր ներկայությունը Գազայի հատվածում։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն վաշինգտոնյան այցի ընթացքում Գազայում պատերազմը դադարեցնելու պլան է ներկայացրել, որն իրագործելու համար հարկ է, որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվի իշխանությունից և հեռանա այդ հատվածից: Ըստ միջազգային փորձագետների, Նեթանյահուն ցանկանում է երկարաձգել ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի առաջին փուլը, որպեսզի ավելի շատ պատանդներ ազատ արձակելու հնարավորություն ունենա։
Արաբագետները դժվարանում են իրադարձությունների հետագա զարգացումը վերլուծել, ըստ նրանց՝ իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ հնարավոր չէ անգամ մոտավոր ասել, թե ինչ տեղի կունենա վաղը առավոտյան։
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ ՀԱՄԱՍ-ն արդեն համաձայնել է հրաժարվել Գազայի նկատմամբ վերահսկողությունից և պատասխանատվությունը մտադիր է հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմին: Միջազգային փորձագիտական շրջանակները, սակայն, չեն կարծում, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կհամաձայնեն այդ տարբերակին։
Ավելին, նրանք պնդում են, որ իրադարձությունների նման զարգացման պայմաններում հավանական է հրադադարի մասին համաձայնագրի խզման ու պատերազմի վերսկսման հնարավորությունը։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։
Միջազգայնագետ Գոռ Գևորգյան․ «Իսրայելա-իրանական հարաբերությունները, կամ ասենք՝ դրանց շուրջ հավանական բախումային զարգացման գործընթացը արդեն իսկ մենք տեսել ենք, որը պայմանավորված էր Գազայի շուրջ տեղի ունեցող զարգացումներով, դրա համար հիմա մտածել, որ այսօրվա վիճակը կարող է հանգեցնել հերթական մի նոր էսկալացիայի, կարծում եմ՝ այս հարցի շուրջ մենք պետք է ավելի համբերատար լինենք, որովհետև կան որոշակի օբյեկտիվ գործընթացներ, որոնք մինչև հիմա չեն բյուրեղացրել այդ իրավիճակը»:
ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ պաղեստինցիների վերադարձը Գազայի հատված, Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո, սխալ կլինի։ Նա համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է տիրի Գազայի հատվածին ու աստիճանաբար վերականգնի ու զարգացնի և կայունությունը վերադարձնի Մերձավոր Արևելք։
ԱՄՆ նախագահը կարծում է, որ պաղեստինցիներին պետք է տարածաշրջանի այլ երկրներում վերաբնակեցնել, շեշտվում է, օրինակ, Սաուդյան Արաբիան։
Սակայն Իրանը, Արաբական երկրները, Թուրքիան ու էլի մի շարք երկրներ դեմ են Թրամփի այս գաղափարին։

«Չնայած ակնհայտ է, որ թուրքական դիրքորոշումը երկդիմի է, ինչպես միշտ, բայց սա ավելի շատ մտահոգում է արաբական երկրներին, որոնք որ ԱՄՆ նախագահի կողմից մատնանշվել են, որպես հավանական տարածք, որտեղ կարող է այդ բնակչությունը պայմանականորեն տեղափոխվի։ Այստեղ խնդիրը շատ խորքային է, նկատի ունեմ մոտիվացիան, թե ինչու է, օրինակ, առաջարկվել Հորդանանի կամ Եգիպտոսի տարածքը, որպես տեղափոխման տարածք, որովհետև այստեղ մի շարք հարցեր կան, բայց ,բնականաբար, դա բոլոր առումներով բացասական դիրքորոշման է արժանացել արաբական երկրների կողմից, նաև միջազգային իրավունքի տեսակետից, որին հղում են տալիս Եվրոպական մի շարք երկրներ՝ համարվում է չափազանց խնդրահարույց և վտանգավոր քայլ , որ այդ մարդկանց իրենց պատմական հայրենիքից տեղափոխեն մեկ այլ վայր։ Բայց ոչինչ բացառված չէ, և չի կարելի միանշանակ ասել, որ դա կլինի, կամ դա չի լինի, քանի որ գնացքը այդ քաղաքականության ուղղությամբ դեռ ընթանում է»։
Արևելագետը, ամեն դեպքում, կարծում է, որ հեշտ չի լինելու մոտ երկու միլիոն մարդու այլ վայր տեղափոխել։ Բայց իրանագետ Ժաննա Վարդանյանը գրեթե համոզված է, որ նման զարգացումների հավանականությունը կանխելու հնարավորությունները փոքր են․
«Գազայում պատերազմն սկսվելուց ի վեր Իրանը միշտ արտահայտվել է պատերազմը դադարեցնելու կոչերով, և այդ ուղղությամբ բավականին ակտիվ դիվանագիտական աշխատանքներ է տարվել, մասնավորապես, իսլամական երկրների շրջանում, բայց, ինչպես մենք տեսանք, այդ ջանքերը արդյունք չտվեցին, ու պատերազմը շարունակվեց ավելի քան մեկ տարի։ Հիմա էլ Գազայի շրջանի ժողովրդի տեղահանման հարցում Իրանը դարձյալ դեմ է հանդես գալիս։ Նորից ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը, մասնավորապես, իսլամական երկրների արտգործնախարարների հետ են բազմաթիվ քննարկումներ անցկացրել, և Իրանը հանդես է եկել իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով, բայց իրանական գործողությունների առավելագույնը սա է»։
Իրանագետի կարծիքով, այսօր էլ չկան նախադրյալներ պնդելու, որ Գազայի հատվածում իրադարձությունների զարգացման բեկումնային սցենար կարող է լինել, քանի որ Իսրայելում ԱՄՆ նոր դեսպանը մեծամասշտաբ փոփոխություններ է կանխատեսում այդ տարածքում։




