ԿարևորՀասարակություն

Ստեփանավանում հրդեհից տուժած քաղաքացիներն ապահովված են հագուստով, սննդով, հիգիենայի պարագաներով

Օրվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփման նպատակով Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։ 

Նախարարի տեղակալին և Լոռու մարզպետին ներկայացվել են օրվա ընթացքում իրականացված աշխատանքների և հրդեհից տուժածներին այսօր տրամադրված հումանիտար օգնության մանրամասները:

Նշվել է, որ բոլոր քաղաքացիներն ապահովված են հագուստով, սննդով, հիգիենիկ պարագաներով, ըստ կարիքի՝ նաև դեղորայքով:

Մարզպետը հանձնարարել է առավել մանրակրկիտ դիտարկել, գնահատել և գույքագրել հրդեհից տուժած բնակիչների հրատապ կարիքները՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով Կառավարությանը ներկայացնելու համար:

Արամ Ղազարյանը հորդորել է հետևողական լինել նրանց խնդիրներին և արագ արձագանքել նրանց առաջնային կարիքներին:

Քննարկվել են հետագա աշխատանքների համակարգման հետ կապված հարցեր: Տրվել են այլ հանձնարարականներ:

Երեկ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը: Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ Վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:

Կարդացեք նաև

Back to top button