
2023թ․ սուբվենցիոն ծրագրով Արմավիրի թիվ 11 մանկապարտեզը հիմնանորոգվում է։ Նախադպրոցական հաստատությունը քաղաքի ծայրամասում է՝ մարզադաշտի հարևանությամբ: Երկու մասնաշենքում գործել է 4 խումբ՝ 80 երեխայով: Այստեղ են հաճախել նաև հարակից Նորավան գյուղի երեխաները: Ձմռանը մանկապարտեզը չի գործել, քանի որ ջեռուցվել է փայտե վառարանով ու էլեկտրական ջեռուցիչներով: Հիմնանորոգումից հետո խմբերի ու երեխաների թիվը կրկնակի կավելանա:
Արմավիր քաղաքի թիվ 11 մանկապարտեզում երեխաների աղմուկի փոխարեն շինտեխնիկայի ձայներ են։ 6-ամյա Գարիկը բակից է հետևում իր մանկապարտեզում կատարվողին, ուր արդեն 6 ամիս է՝ չի հաճախում: Կարոտել է ընկերներին:

«Նկարում, ներկում էինք, պլաստիլինով տարբեր բաներ սարքում, հետո ճաշ էինք ուտում ու քնում: Տարբեր ճաշեր էին տալիս, ինձ շատ էր դուր գալիս: Լիքը ոտանավորներ գիտեմ: (Արտասանում է) Որը թվենք մենք այսօր, բոլորն են շատ կարևոր, կարտոֆիլ, սոխ ու սխտոր, լոբի, բակլա ու ոլոռ»:
Գարիկի ավագ քույրը՝ 9-ամյա Նաիրան էլ է հաճախել նույն մանկապարտեզ:

«Շատ խաղալիքներ կային այնտեղ, մենք խաղում էինք: Ես, օրինակ, շատ էի սիրում իմ մանկապարտեզը, մեզ գումարում և հանում էին սովորեցնում: Հիշում եմ՝ մեր տղաները շատ չարաճճի էին: Մի անգամ գնացել էինք գազանանոց, բոլոր տղաները հարձակվել էին առյուծի վանդակի վրա, ադիբուդիով խփում էին առյուծին, մենք գազաններին կերակրում էինք: Արմավիրի գազանանոցը մարզադաշտի մոտ է, այնտեղ ճոճարաններ կան, ու մենք ճոճվում էինք»:

Արմավիրի թիվ 11 մանկապարտեզ են հաճախել նաև հարակից Նորավան գյուղի երեխաները: Չնայած շենքը հիմնանորոգման կարիք ուներ, բայց ծնողները չեն զրկել երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալուց:
Ալինա Երիցյան. «Մանկապարտեզում 4 խումբ է եղել, հիմա դարձնում են 8 խումբ: Ջեռուցում չի եղել, հոկտեմբերից արդեն վառարան էին դնում ու փայտ վառում: Շատ մեծ մանկապարտեզ է: Ջրավազան է ունեցել, ներսում էլ կար՝ փոքրը: Ամուսինս էլ է այստեղ հաճախել»:
Քաղաքի ծայրամասային մեծ մանկապարտեզ հաճախել է ընդամենը 80 երեխա: Ծնողները գերադասել են ավելի բարեկարգն ու սպասում են իրենց հերթին, որում 639 երեխա կա՝ ասում է համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Աֆրիկյանը:
«Կոնկրետ Արմավիրի թիվ 11 մանկապարտեզում գործել է 4 խումբ, մանկապարտեզի փակվելուց հետո երեխաների հիմնական մասը տեղավորվել է Արմավիր համայնքի մյուս մանկապարտեզներ, մնացածներին հերթագրել ենք, իսկ աշխատակիցները հարկադիր պարապուրդում են: Վերանորոգումից հետո կավելանան խմբեր, հետևաբար, հաճախող երեխաների թիվը կհասնի մոտ 170-ի»:
Արմավիրի թիվ 11 մանկապարտեզը հիմնանորոգվում է նոյեմբերից։ Գործը շատ է, սկսել են տանիքից՝ ասում է աշխղեկ Արման Գասպարյանը.
«Կարելի է ասել, որ վերջացրել ենք քանդելը, ծածկերն ենք ուժեղացրել, ամբողջությամբ վերանորոգել ենք տանիքը, պատուհաններն ենք փոքրացնում: Ավարտը նախատեսվել է դեկտեմբերին: Եթե ֆինանսական կամ գործի հետ կապված խնդիր չլինի՝ կհասցնենք: Դա մեզ հետ կապված չէ»:
Արման Գասպարյանը Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից է տեղահանվել: Արցախում էլ է շինարարությամբ զբաղվել։
«Բնակելի շենքեր էինք սարքում Իվանյանում: Ցավոք, շինարարությունն ամեն ինչով հասցրինք ավարտին, չնայած շրջափակման ժամանակ պակաս բաներ կային, բերել էինք, լրացրել, սարքել, բայց այդպես էլ չբնակեցվեցին»:
Մանկապարտեզի շինարարության վրա նաև արցախցիներ են աշխատում, որոնք հիմա Գյումրիում են ապրում: Աշխատանքային խումբ են կազմել ու հասել Արմավիր: Դավիթ Աղաջանյանը պատշար վարպետ է:
«Հարթաչափը դնում ենք, որ պատերն ուղիղ լինեն: Ես Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղից եմ: Մինչև այստեղ գալն էլի շինարարությունում եմ աշխատել՝ Երևանում, տարբեր տեղեր, հետո եկել ենք այստեղ գործի»։
Անդրանիկ Ավանեսյան. «Պեմզաբլոկ եմ շարում, պատվանդան եմ կառուցում, պատը բարձրանում է ու երկու դուռ է լինելու այստեղ: Ես Ստեփանակերտից եմ, Գյումրիում եմ ապրում»:
Շինարարությունում ներգրավված է 15 աշխատող. արցախցիները պատն են շարում, գյումրեցիները՝ սվաղում:
«Արդեն 10 տարի էս գործն եմ անում: Խոպան էլ եմ գնացել: Գյումրի քաղաքից եմ: Գարնանն աշխատում ենք, ձմռանը նստում»: «Լավ է, հա, դժգոհ չենք, նոր-նոր ենք սկսել: Հունվարին գործ չկար»:

Աշխատում են ու գիշերում տեղում: Այդպես գործն ավելի արագ է առաջ գնում:
Մանկապարտեզը կառուցվում է սուբվենցիոն ծրագրով․ անհրաժեշտ 761 մլն դրամի 30 տոկոսը համայնքն է հատկացնում։











