
Ադրբեջանը շարունակում է հին երգը երգել նոր անուններով․ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանից մինչև Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան։ Բաքվի զինվորական դատարանի կեղծ մեղադրական եզրակացության մեջ նոր անուններ են հայտնվել։ Ըստ դրա՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը միացել է Ադրբեջանի ձևակերպմամբ «հանցավոր խմբավորմանը, ղեկավարել և գործել համաձայն դրա նպատակների»։
Դատախազը նշել է, որ այսպես կոչված հանցավոր խմբավորումը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի, Սեյրան Օհանյանի, Մոնթեի և այլ անձանց մասնակցությամբ և համակարգված ու լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նախ պարզաբանում է՝ հրապարակված մանրամասները միակողմանի են, տարածվել են բացառապես Ադրբեջանի պետական լրատվամիջոցներով, ապա ընդգծում հաղորդագրությունների տողատակերը․
«Այստեղ Ադրբեջանը ցուցադրում է, որ Արցախի վարչակազմը ոչ թե եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ձևավորված իշխանություն, այլ Հայաստանի իշխանությունների կողմից ներդրված խամաճիկային վարչակազմ, որի նպատակը ադրբեջանական տարածքները զավթելն է եղել»։
Ադրբեջանի ձևակերպած «ահաբեկչական խմբավորումը» Արցախի պաշտպանության բանակն է։ Մինչ Բաքուն փորձում է կեղծ մեղադրանքներով առաջ մղել այս թեզը, Սահակյանը բացատրում է՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ լուծման փուլում որոշ պաշտոնական փաստաթղթերի տակ ստորագրել են Արցախի և Ադրբեջանի ղեկավարները, մինչդեռ «ահաբեկչական խմբավորման» հետ նման փաստաթղթեր չեն ստորագրվում: Բացի դրանից՝ Արցախը միջազգային համագործակցության մաս է եղել և ստացել ֆինանսական աջակցություն ԱՄՆ-ից, մինչդեռ «ահաբեկչական խմբավորման» հետ համագործակցությունը ծանր հանցագործություն է։
«Ադրբեջանը սարսափում է իրավական բոլոր գործընթացներից, որոնք կարող են վերջնարդյունքում խոսել հենց ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Հիմա որպեսզի այս թեզը դեռևս ունենա կենսունակություն և արդարացնի «ահաբեկչական խմբավորումների» դեմ հատուկ օպերացիաները, Ադրբեջանը կորզում է ցուցմունքներ, որտեղ Արցախի նախկին ղեկավարները վկայություններ են տալիս այլ անձանց ենթարկվելու մասին»։
Որ Բաքուն արգելված միջոցներով հայ գերիներից ցուցմունքներ է կորզում՝ հայտարարել էր նաև վարչապետ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դրանք օգտագործվելու են տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար։
«Ավելին ասեմ, որ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Ավելին՝ մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամաբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են կիրառվում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզեն նրանցից»։
Ադրբեջանական լրատվամիջոցները ժամեր առաջ հրապարակեցին երեկվա դատավարությունից մի քանի դրվագ։ Դավիթ Բաբայան․«Եղել է հարգալից վերաբերմունք։ Հետևաբար ես ասում եմ միայն ճշմարտությունը»։
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի այս խոսքերին անմիջապես հաջորդում է ադրբեջաներեն թարգմանությունը, ըստ որի՝ վերջինը գոհ է Բաքվի բանտերում պահման պայմաններից ու դատավարությունից։ Փաստերը, սակայն, ցույց են տալիս, որ Ադրբեջանը կեղծում է նույնիսկ բանավոր թարգմանությունները։
«Թարգմանությունների որակի մասով խնդիր բարձրաձայնել է հենց Ռուբեն Վարդանյանը։ Նրանց տրամադրված փաստաթղթերն ունեն կոպիտ թարգմանչական սխալներ, նույնիսկ այնպիսի ակնառու սխալներ, ինչպիսին է բելառուսական օրենսդրությանը հղումները։ Ավելին՝ այստեղ կա մեկ այլ խնդիր, որ գրավոր չեն նեկայացվում այդ բազմահատորանոց շինծու քրեական գործերը, այլ ընդամենը իբրև թե ապահովվում է բանավոր թարգմանություն, սակայն միտքը շեղվում է, նույնիսկ թույլ չեն տալիս նշումներ անել գրավոր թարգմանության բացակայության պարագայում»։
Բաքուն արդար դատաքննության գրեթե բոլոր նորմերն այս օրերին խախտում է՝ ասում է Սահակյանը։ Նախկին ղեկավարները ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների ամենօրյա վտանգի տակ են, չունեն պաշտպանություն, նրանց փաստաբանները Ադրբեջանի պետբյուջեից ֆինանսավորվող «Հանրային պաշտպանի» գրասենյակի մասնագետներն են։ Դեռ առաջին դատական նիստից առաջ Արցախի նախկին պետնախարարը հարազատների միջոցով փոխանցել էր՝ շուրջ 422 հատորանոց քրեական գործն ադրբեջաներենով հասցրել է թերթել միայն, իսկ պաշտոնական մեղադրական եզրակացությանը ծանոթ չէ։
«Ռուբեն Վարդանյանի պարագայում պաշտպանական կողմը փորձել է նաև այլ միջնորդույթուններ ներկայացնել, որոնք կապված են եղել պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու հետ, բայց դրանք մերժվել են, օրինակ՝ չեն տրամադրվել քրեական գործի պատճեները, տեսաերիզների բովանդակությունը»։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի քրեական գործը Բաքվի զինվորական դատարանն առանձին է քննում։ Նրա նկատմամբ կեղծ մեղադրանքները Սահակյանի խոսքով ավելի ծանր ու բազմադրվագ են։ Ցմահ ազատազրկում, սակայն, սպառնում է ոչ միայն Վարդանյանին, այլև Արցախի նախկին նախագահներին։ Սահակյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը շտապում է օր առաջ ավարտել դատաքննությունները․
«Նկատում ենք, որ միտումը արագ նիստեր անցկացնելն է, ուստի կարծում ենք՝ այն շատ երկար չի տևի։ Գործընթացները տարիներ չեն տևելու, կարծում եմ՝ մի քանի ամիսների մասին է խոսքը»։
Այս փուլում Բաքվի զինվորական դատարանը շարունակում է ներկայացնել մեղադրական եզրակացությունները։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 10-ին, Արցախի մյուս 15 պաշտոնյաների գործով նիստը փետրվարի 7-ին է։




