
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կազմակերպված Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովն ավարտեց իր աշխատանքը։ Հայաստանի վարչապետը ելույթ է ունեցել թե գագաթնաժողովին` հարց ու պատասխանի ձևաչափով պանելային կարճ քննարկմանը, թե գագաթնաժողովից հետո կազմակերպված «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Նիկոլ Փաշինյանը նաև Վաշինգտոնում այցելել է Ջորջթաունի համալսարան, հանդես եկել դասախոսությամբ, որին ներկա են եղել քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողներ և դասախոսներ: Երկրի ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, իրականացվող բարեփոխումների ընթացքին, տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցած գործընթացներին և առկա մարտահրավերներին, նաև՝ դրանց լուծման քայլերին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու շեշտել ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Լենա Բադեյանն է մանրամասնում։
Հայաստանի վարչապետի ամերիկյան հագեցած հանդիպումներից սոցցանցերում առանձնացել ու բուռն քննարկման թեմա է դարձել նրա և Հայաստանում աղանդավորական համարվող կրոնական կազմակերպություններից մեկի ղեկավարի ձեռքսեղմումով մի նկար։ Հայաստանի կառավարության անդամներն անգամ ստիպված եղան մեկնաբանել այդ ամենը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծում է՝ միջոցառումը, որին մասնակցել է Հայաստանի վարչապետը, շատ կարևոր է ԱՄՆ-ում այսօր իշխող քաղաքական ուժի համար։
«Մենք չենք կարող որոշել՝ Միացյալ Նահանգներում ամենաբարձր մակարդակով կազմակերպվող միջոցառումներին ով մասնակցի։ Եթե մենք ուզում ենք արտաքին քաղաքականության մեջ հարաբերություններ հաստատել, որպեսզի նաև դրա միջոցով հետագայում մեր երկրի արտաքին քաղաքական հարցերը կարողանանք մեզ համար առավելագույն օգտավետ եղանակով լուծել, այդպիսի կարևոր միջոցառումից չի կարելի հրաժարվել։ Եթե դա մի միջոցառում է, որին մասնակցում են ամենաազդեցիկ կամ որոշումներ կայացնող մարդիկ ԱՄՆ–ում, մասնավորապես, իշխող կուսակցության ներկայացուցիչներ, ապա այդպիսի հնարավորությունը, իմ կարծիով, պետք չէ բաց թողնել»։
Իսկ ինչպե՞ս է օգտագործել այդ հնարավորությունը Հայաստանի վարչապետը։ Նախ բուն միջոցառման ժամանակ՝ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին ելույթի միջոցով մասնակիցներին փոխանցել է Հայաստանի իշխանության վստահությունը, որ կրոնի ազատությունը ժողովրդավարության կայացման հիմքն է։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ Հայաստանում կրոնական կազմակերպությունները և համայնքներն ազատորեն են գործում, ապա կրոնական տեսանկյունից անդրադարձել քաղաքական իրողություններին․
«Տարածաշրջանային հարաբերությունների առումով չորս հարևան երկրներից երեքը` Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, հիմնականում մահմեդական բնակչություն ունեն։ Մեր մյուս հարևան Վրաստանը հիմնականում քրիստոնյա բնակչություն ունի՝ մեծ մահմեդական համայնքով։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրոնական հանդուրժողականությունը մեր տարածաշրջանի կայունության համար»։
Ելույթին հաջորդած պանելային ձևաչափով կարճ հարց ու պատասխանը հարցազրուցավար Դեյվիդ Քարին է սկսել, իր իսկ ձևակերպմամբ, ամենակարևոր հարցից՝ ինչպե՞ս հասնել խաղաղության այն բարդ տարածաշրջանում, որտեղ հայերն ապրում են։
Քարին նաև շնորհավորել է Հայաստանի կառավարությանը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համար։
Սա այն թեման է, որը Հայաստանի վարչապետը մշտապես ցանկանում է մանրամասնել հատկապես միջազգային հարթակներում՝ հերթական անգամ ընգծելով այն ուղերձները, որոնք Հայաստանը հղում է աշխարհին․
«Դա առաջին հերթին մեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին է, բայց այն միայն հաղորդակցությունների մասին չէ, որովհետև եթե հարցին նայենք կրոնական հանդուրժողականության տեսանկյունից, այն նաև մարդկանց միջև շփման մասին է, որովհետև երբ տրանսպորտային հաղորդակցությունները բաց են, սա առաջին հերթին մարդկանց համար իրար հետ շփվելու հնարավորություն է: Դա շատ որոշիչ գործոն է կայուն և ամուր խաղաղության համար։ Սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է, և իհարկե, նրանցից յուրաքանչյուրի հետ մենք աշխատում ենք այս նախագիծը կյանքի կոչել»։
Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքը, ով Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում միջազգային կրոնական հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպան էր, նաև 2023–ին ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ ներկայացնում էր շրջափակված ԼՂ–ի շուրջ տիրող իրավիճակը, այսօր էլ խոսում է այդ խնդրի մասին։ Նրա պնդմամբ՝ թեև հակամարտությունը կրոնական չէր, բայց այդ բաղադիչը նույնպես դեր և նշանակություն է ունեցել․
«Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է, այնտեղ բնակվում էին հայ քրիստոնյաներ մինչև նրանց արտաքսելը․ սա ամենասարսափելի իրավիճակներից է, քանի որ այնտեղ կային շուրջ 120 հազար քրիստոնյաներ, որոնք այնտեղ են ապրել սերունդներով հազարամյակների ընթացքում: Եվ նրանց արտաքսում են, շրջափակում, սովամահ անում Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ հարցը պետք է լուծվի: Համաշխարհային հանրությունն առանձնապես ուշադրություն չդարձրեց, քանի որ երկարաժամկետ տարածքային վեճ էր, բայց, այնուամենայնիվ, այդ մարդիկ վտարվեցին և հանգրվանեցին Հայաստանում։ Կարծում եմ, այդ հարցը պետք է քննարկվի»։
Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին հաջորդած «Ազգային աղոթքի նախաճաշը», որը տրվում է ԱՄՆ–ի նախագահի կողմից ի պատիվ հրավիրվածների, անցկացվել է փակ ձևաչափով: Արտաքին քաղաքականության հարցերի կողքին ու դրանցից զատ՝ Փաշինյանը հրավեր է ուղղել այդ հարթակում ու այդ հարթակից՝ աշխարհին՝ այցելեք Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկիր՝ հիանալու մեր եկեղեցական կառույցներով ու ջերմ հյուրասիրությամբ։




