ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խաղաղության կետերը հստակեցվել են, հերթը հասել է քաղաքական կամքին․ Փաշինյանը՝ ԱՄՆ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով՝ բայց նախ պատասխանելով Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին։ Հաջորդիվ հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Փաշինյանը պատասխանել է փորձագետների մի շարք հարցերի:

Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ներկայում դիվերսիֆիկացնում է արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն։

Հայաստանի վարչապետը փետրվարի 3-7-ն ԱՄՆ-ում է աշխատանքային այցով։ Գործուղման հիմնական նպատակը 5-րդ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցությունն է։ Բացի դրանից՝ վարչապետն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել կոնգրեսականների, սենատորների, հայ համայնքի և փորձագետների հետ։

Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդում վարչապետի ելույթի զգալի հատվածը նվիրված է եղել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Ատլանտյան խորհրդում հավաքված փորձագետներին նա ներկայացրել է հարևանների հետ բանակցությունների ընթացքը։ Թեև փաստացի Հայաստանին ու Ադրբեջանին մնացել է համաձայնեցնել 17 կետանոց Խաղաղության պայմանագրի վերջին երկու կետը, բայց սկզբունքային առումով, վարչապետ Փաշինյանի ձևակերպմամբ, այս պահին արդեն քաղաքական կամք ցուցաբերելու հարցն է։  Վերջին երկու չհամաձայնեցված կետերի մասով պաշտոնական Երևանը պատրաստ է հաշվի առնել Բաքվի առարկությունները, մասնավորապես, հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայությունից, այսինքն՝ ԵՄ դիտորդական առաքելությությունից, բայց բացառապես սահմանի սահմանազատված հատվածներում։ Երկրորդ կետով նույնպես Հայաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ միջազգային իրավական ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելու առումով, բայց ոչ միայն այդ բողոքները չեղարկելու, այլև երկկողմ հարաբերություններում ևս այդ հարցերը չբարձրացնելու պայմանով։

Այս մոտեցումների հիմքով վարչապետ Փաշինյանը հայտարարում է․ 

«Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են։ Այդ նախագծում կային շատ խորը և զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։ Հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար։ Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից»։

Փաշինյանը Միացյալ Նահանգներում հստակեցրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով խորհրդային սահմանների վրա։ Համաձայնել են նաև ունենալ դրույթ, ըստ որի՝ միմյանց հանդեպ չունեն տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն բարձրացնի։ Փաշինյանը սա համարում է ապագա խաղաղության անկյունաքարը և նկատում, որ դրա շուրջ ամեն ինչ համաձայնեցված է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Սոնա Ղազարյանն ամերիկյան հանդիպումները և լրացուցիչ պարզաբանումները  կարևորելով՝ առանձնացնում է վարչապետի խոսքի այն հատվածը, որտեղ Փաշինյանը խոսել է միջազգային գործընկերների աջակցության ակնկալիքների մասին։ Իշխանական պատգամավորը հորդորում է ճիշտ ընկալել ասածը և չմեկնաբանել դա որպես երաշխավորի դեր ստանձնելու կոչ՝ Միացյալ Նահանգներին։  

«Համընդհանուր կոնսենսուս կա առնվազն մեր քաղաքական թիմում, որ խաղաղության կայացման գործում երաշխավորներ «դրսից» բերելու անհրաժեշտություն չենք տեսնում և կարծում ենք, որ Խաղաղության պայմանագրի լավագույն երաշխավորն այն է, թե ինչպես մենք երկու հարևաններով կկարողանանք մեր ապագան միասին ձևակերպել։ Երբեմն թվում է, թե ամեն ինչ ասվել է արդեն, բոլոր միջազգային դերակատարները տիրապետում են թե՛ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, թե՛ բանակցային գործընթացի դետալներին, բայց շատ հաճախ, երբ շատ ավելի բովանդակային զրույցներ ես ունենում, նկատում ես, որ ամեն ինչ ավելի մանրակրկիտ բացատրելու, կարևոր շեշտադրումներ անելու կարիք կա»։   

Ադրբեջանի հետ բանակցություններում մասնավորապես միջազգային իրավական ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելու պատրաստակամությունը, որը ներկայացնում է Փաշինյանը, իրավունքի մասնագետների շրջանում հակասական է ընդունվում։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի նախագահ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն ընդգծում է, որ փոխադարձության համար պետք է համադրելի և համեմատելի իրավիճակներ լինեն։

«Ադրբեջանը գործել է հայելային սկզբունքով։ Այսինքն՝ ՀՀ-ն կամ Հայաստանի քաղաքացի զոհերը գանգատներ են ներկայացրել, որտեղ եղել են հիմնավոր խախտումներ, ապացույցներ, Ադրբեջանը փորձել է իմիտացնել, թե խնդիրը երկկողմանի է։ Այս հայցերն արհեստական են և իրենց հիմքում չունեն իրական դեպքեր, չունեն ապացույցներ, և ես կարծում եմ, որ Ադրբեջանը հենց տակտիկական նպատակներով է այս հայելային հայցերը ներկայացրել, որպեսզի բանակցային սեղանին առաջ քաշի երկկողմանի հրաժարման խնդիրը։ Հայաստանի կողմից ներկայացված հայցերը խիստ կարևոր են, և դրանք կարող են շրջադարձային լինել նաև արտաքին քաղաքականության մեջ։ Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը հասկանում է, որ այս դատական հայցերը կարող են իր քաղաքական պլանները խառնել և նոր վերադասավորում առաջացնել»։  

Ամեն դեպքում, Հայաստանի ազդակն աշխարհին խաղաղության մասին է։ Իսկ կայուն խաղաղության հասնելու գործում Հայաստանն օգտակար է համարում միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը։ Սակայն, սա չի նշանակում միջնորդություն։ Հայաստանը շարունակելու է երկխոսությունն ու բանակցությունները նաև Թուրքիայի հետ՝ տեղեկացրել է Փաշինյանը:

Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա, ձևակերպում է վարչապետն ու հավելում՝ փաստացի, Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա, կողմերը  կապի մեջ են ու անելիքների մասով ունեն ընդհանուր պատկերացում։

Վարչապետը, սակայն, հավելել է, որ գոյություն ունեն որոշ նրբություններ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Արդյունքի հասնելու առումով վարչապետն օգտագործել է «շատ շուտով» ժամկետի ձևակերպումը։ 

Կարդացեք նաև

Back to top button