
Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն այսօր կրկին կառավարության շենքի առջև էին։ Նրանք բողոքում են Հարկային օրենսգրքում կատաված փոփոխություններից, որոնցով փաստաթղթավորման պահանջը դառնում է պարտադիր, փոխվում են հարկային դրույքաչափերը, գործունեության մի շարք ոլորտներ հարկման հատուկ համակարգից ընդհանուր համակարգ են տեղափոխվում։
Նոր կարգավորումներից դժգոհ փաստաբաններն արդեն հայտարարել են՝ փետրվարի 10-ին գործադուլ կանեն։ Իսկ տնտեսվարողները փետրվարի 7-ին աշխատանքային հանդիպման կգնան խորհրդարան։
Կասեցնել օրենսդրական կարգավորումը, քննարկել ու վերանայել փոփոխությունները․ տնտեսվարողներն այս պահանջներով դարձյալ կառավարության շենքի մոտ են։ Նրանք հիմնականում առևտրի տարբեր կենտրոնների աշխատակիցներ են։ Դժգոհում են շրջանառության հարկի փոփոխություններից։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը՝ տիկին Ռիտան, նրանցից մեկն է։
«Բոլոր տեղերից եկել են՝ Առինջից, Սուրմալուից, Մալաթիայից, անգամ Ռոսիայից են եկել։ Գաղտնի, բայց եկել ենք։ Մենք չենք վախենում, որովհետև մեր իրավունքն ենք պաշտպանում։ Ես հագուստ եմ վաճառում։ Առևտուրը 80 տոկոսով նվազել է։ Եթե 10 տոկոս էլ հարկը բարձրանա, չգիտեմ՝ ինչ եմ անելու»։
Խնդրահարույց փաթեթը 2024-ին է ընդունվել։ Դրանով փոքր ու միջին բիզնեսի համար խստացվել են փաստաթղթավորման պահանջները, փոխվել են շրջանառության հարկի դրույքաչափերը, գործունեության մի շարք ոլորտներ փոխել են հարկային ռեժիմները։
Հունվարից փաստաբաններն ու նոտարները աշխատում են ԱԱՀ աշխատում, հուլիսից նրանց կմիանան իրավաբանական, հաշվապահական ու ֆինանսական գործունեությամբ զբաղվողները։
Կառավարությունը հիմնավորում էր, որ գործունեության մի շարք ուղղություններ հարկման հատուկ համակարգերից ընդհանուր համակարգ տեղափոխելով՝ փորձում է հրաժարվել հարկային արտոնյալ ռեժիմներից ու ստեղծել հավասար պայմաններ։
Հայաստանի վարչապետն ասում էր, որ փոփոխությունները նաև ստվերը կրճատելու նպատակ ունեն։
«Սա թույլ կտա, որ խոշոր բիզնեսի ստվերը կրճատվի, իսկ օրինական աշխատող փոքր բիզնեսի համար էլ հարկը կնվազի»։
ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ այս պահին արդեն փաստաթղթավորման պահանջը խնդիրներ է ստեղծել տնտեսվարողների, հատկապես ՓՄՁ-ի համար։ Կրագավորումները վերաբերում են ավելի քան 55 հազար տնտեսվարողների։
«2024թ հունիսի 12 որոշումը, և 2023 նոյեմբերի երկու փոփոխությունները՝ գույքագրման ու պարտադիր փաստաթղթավորման պահանջն է, մյուսը՝ շրջհարկի դրույքաչափի փոփոխությունը, որը արդեն վարչարարության խստացում է նախատեսում»։
Այս փոփոխությունները կարող են հանգեցնել գնաճի՝ ասում է Ավագյանը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը գնաճի հնարավորությունը չի բացառում, բայց նաև կարծում է, որ պետք է հասկանալ, թե որքանով է այն հիմնավոր ու փաստարկված։ Փոխնախարարի խոսքով՝ շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացմանը զուգահեռ տնտեսվարողների հնարավորություններն ընդլայնվել են։
«Շրջանառության հարկի գծով բեռը բարձրացրել ենք՝ ընդունելի չէ, ընդամենը վերանայել ենք հարկման համակարգը, որը հնարավորություն է տալիս ընդհուպ նվազեցնել այն։ Իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորեն ու կարողանան հարկը համապատասխան չափով նվազեցնեն։ Ձեռքբերումները պատշաճ կերպով փաստաթղթավորելիս վերջնարդյունքում ոչ միայն հարկային բեռի բարձրացում կարող է չլինել, այլ ճիշտ հակառակը՝ կարող է լինել հարկային բեռի նվազեցում»։
Պողոսյանը ասում է՝ այս պահին օրենսդրական փոփոխությունները վերանայելու որևէ հիմնավորում չի տեսնում։ Առաջիկա ուրբաթ օրը տնտեսվարողներն իրենց մտահոգող հարցերը կքննարկեն խորհրդարանում՝ տնտեսական հարցերի հանձնաժողովում աշխատանքային քննարկման ձևաչափով։




