
Արմավիրի մարզի գյուղերում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Այգետերերը դաշտերն են մաքրում, էտում պտղատու ծառերը, ինչը հետագայում հեշտացնում է բուժումն ու բերքահավաքը: Բացի այդ՝ այդպես ծառի պտուղն ավելի խոշոր ու որակյալ ապրանքային տեսք է ստանում:
Օրերը սկսում են տաքանալ, ու գյուղացիներն արդեն գործի են անցել։ Արմավիրի մարզի Բամբակաշատի այգիները մարդաշատ են՝ թարմացնում են ծառերը, մաքրում հողը չորացած բույսերից: Արտեմ Ասլանյանն արդեն մի քանի օր է՝ աշխատում այգում:
«Երբ էլ եղանակ անի, գյուղացին դուրս կգա ու կմտնի հողի մեջ: Մի քիչ տաք եղավ, կելնեն, կաշխատեն: Ում հողերը շատ են, շուտվանից են սկսում, որ հասցնեն: Իմն էսքանն է, ես մոտավորապես մի քանի օրում կանեմ, կպրծնեմ: Միևնույնն է, այսպես, թե այնպես, չենք հասցնելու: Սրանից հետո սրսկումների ժամանակը կգա, ներկելու, այնքան գործ կա անելու, մինչև անենք, արդեն բերքը կհասնի»:

Արտեմի հողը քիչ է՝ կես հեկտար դեղձի ու ծիրանի նորատունկ այգի է: Առաջին բերքն անցյալ տարի է հավաքել: Ծառերը շատ ժամանակ են պահանջում, ասում է՝ եթե հիմա չէտենք, ճյուղերը կբարձրանան ու հետո բուժումն ու էտը կդժվարանան։
«Ծառը բացում ենք, որ ճյուղերն իրար նեղություն չտան, չմտնեն իրար մեջ, ազատ լինի, սրսկենք՝ տեղ հասնի: Ծառը մի քիչ ներքև լինի, որ հանգիստ բերքը քաղենք: Այսքանը կտրել թափել եմ, նոր ճյուղ կտա այստեղից, կաճի, այստեղից էլ՝ բերք»:
Արտեմն ինքնուրույն է իր այգին էտում, տարիների փորձ ունի։ Ծառերն էտելիս հաշվարկում է բերքատու ճյուղերի շարժն ու կանխատեսում արդյունքը։ Եթե չէտի, հնարավոր է շատ, բայց մանր ու անորակ բերք լինի:

«Սրանք բերքի ճյուղերն են, սա շատ-շատ է, հիմա սրանք հանում եմ: Անցած տարվա նոր աճած ճյուղից 5 սմ, 7սմ կամ 10 սմ, տարբեր տեղեր, տարբեր չափսի թողնում ենք ու կտրում»:
Նորատունկ այգում մինչև ծառերի բարձրանալը բանջարեղեն է մշակել, առվույտ չի ցանում, խոտն էլ փորձում է վերացնել:
«Խոտից հիվանդությունը շուտ է անցնում ծառերին՝ գերխոնավություն է ստեղծում, որդերն ու բլոճները շատանում են: Պետք է ծառերի մեջ մաքուր լինի, որ հիվանդություններով չվարակվեն: Ես այստեղից խոտ չեմ քաղում, բերելու եմ հողը հարթեցնեմ, ծառերի շուրջը սրսկեմ, որ մաքուր լինի, խոտ չաճի: Կիրի մեջ թույն եմ լցնում ու սկսում բնի ճեղքերը փակել, որ որդ ու բլոճ չմտնի, իսկ լինելու դեպքում էլ՝ վերացնի»:
Եթե ցրտահարություն ու կարկուտ չլինի, գյուղացուն միայն իր չարչարանքը չէ, որ կմնա: Արտեմը նախորդ տարիներին նորատունկ այգին չի ապահովագրել, իսկ այս տարի կհետևի ապահովագրական ընկերությունների առաջարկին. լավ պայմանների դեպքում կապահովագրի:

«Ծիրանի համար ամենավտանգավորը ցուրտն է, որ հանկարծ ծաղկման սեզոնին ցուրտ չլինի: Հենց ծաղիկը ցրտահարվեց՝ ծիրան չի լինի: Իսկ դեղձը, ոչինչ, շատ չի վնասվում, որովհետև դեղձենին ծիրանենուց հետո է ծաղկում ու այդքան չի վնասում: Վտանգը ծիրանին ավելի շատ է, քան դեղձին»:
Արտեմ Ասլանյանն անցած տարի 2 տոննա ծիրան է հավաքել ու կիլոգրամը 250 դրամով վաճառել արտահանողներին: Առաջին բերքից դժգոհ չէ, իսկ դեղձի առաջին բերքը տարել է տուն ու չիր պատրաստել: Բամբակաշատում չրագործությունը նոր է սկսել զարգանալ: Արտեմն այդ մասին արդեն մտածել էր դեռ այգին հիմնելիս և փոքր չրանոց պատրաստել։

«Կարող է լավ բերք լինի, որ ցանկանամ շատ չիր սարքել, և եթե իմ ծառի բերքը քիչ լինի, հարևաններից վերցնեմ: Շուրջը լրիվ ծառեր են: Ես անցած տարի բերքը հավաքում տանում էի, չիր անում, հետո սպասում մինչև հաջորդ պտուղը հասներ, նորից գալիս հավաքում էի: Բայց հնարավոր է ավելի լավ լինի ու էլ չսպասեմ՝ մարդկանցից գնեմ, և՛ իրենց բերքը սարքեմ, և՛ իմը»:
Դեղձի այգու առաջին բերքից ստացել էր շուրջ 500 կգ չիր ու վաճառել կգ.-ն 3000 դրամով: Այգետերը չրից ավելի շատ եկամուտ է սպասում, քան թարմ դեղձի վաճառքից:




