
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2024-ի նոյեմբերի 25-ից մինչև 2025-ի հունվարի 31-ը հետևել է ձմեռային զորակոչի ընթացքին։ Բողոքների բնույթը գրեթե չի փոխվել․ թե ՄԻՊ-ի, թե իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ դրանք հիմնականում վերաբերում են զինակոչիկների առողջական խնդիրներին, դրանց հետազոտությանն ու ժամանակին հայտնաբերմանը։ Պաշտպանության նախարարը տարեվերջյան ասուլիսին գործընկեր կազմակերպություններին հորդորել էր զորակոչիկների համաձայնությամբ քննության առարկա դարձնել վիճահարույց դեպքերը՝ խնդրով հասցեական զբաղվելու համար։
Զինակոչիկների ծնողներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ձմեռային զորակոչի ընթացքում 50–ից ավելի գրավոր և բանավոր դիմում է ստացել։ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը բողոքները բաժանում է երեք խմբի՝ բժշկական հետազոտություններ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացություններ, ուղեգրերի տրամադրում։
«Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների մեծ մասը միանշանակ վերաբերում է զինծառայողների առողջական խնդիրներին, պատշաճ բժշկական հետազոտություններին ու փորձաքննություններին։ Ծառայության պայմանները հաճախ հանգեցնում են առողջական խնդիրների սրման, և բնական պրոցես է, որ և՛ զինծառայողները, և ՛ ծնողներն անընդհատ գանգատներ ներկայացնեն առողջական խնդիրների վերաբերյալ։ Այս կետում գալիս ենք պետության պատասխանատվության ոլորտ։ Միանշանակ է, որ բոլոր զինծառայողների կյանքի առողջության ուղիղ պատասխանատուն պետությունն է»։
2024 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ արձանագրված խնդիրներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտպանության ու անվտանգության ոլորտի քաղաքականության մասնագետ Անուշ Պետրոսյանը «Մեդիա կենտրոն»–ում անցկացված քննարկմանն առանձնացնում է է զորակոչիկների՝ սեփական միջոցներով հետազոտություններ անցնելու հարցը։
Ըստ նրա՝ բուժհաստատությունները երբեմն հղում են անում մի հրամանի, որն իրականում գոյություն չունի։ Նշում են, թե առանց զինկոմիսարիատի ուղեգրման իրավասու չեն թեկուզ վճարովի տարբերակով զինակոչիկին որևէ հետազոտության ենթարկել, ինչը, մասնագետի դիտարկմամբ, խտրական վերաբերմունք է։
«Իրականում կազմակերպությունը բազմիցս գրությունների տեսքով, ինչպես նաև անմիջապես հանդիպման միջոցով, քննարկում է ունեցել առողջապահության նախարարի և նախարարության ներկայացուցիչների հետ՝ հղում անելով բժշկական հաստատությունների նման վկայակոչմանը։ Առողջապահության նախարարությունը հերքել է հրամանի գոյությունը։ Բժշկական հաստատությունները ներքին ինչ-որ պայմանավորվածություններով խուսափում են որևէ հետազոտություն իրականացնելուց»։
Անուշ Պետրոսյանը հիշեցնում է նաև Սահմանադրության և «Բժշկական օգնության ու սպասարկման մասին» օրենքի համապատասխան հոդվածները, ըստ որոնց՝ յուրաքանչյուր ոք անկախ սեռից, տարիքից և մի շարք այլ բնութագրումներից, իրավունք ունի ստանալ բժշկական սպասարկում։
Զինծառայողների խնդիրներով շուրջ 10 տարի զբաղվող փաստաբան Հայարփի Սարգսյանը թվարկված խնդիրներին բախվել է։ Ավելին, նշում է, որ ուղեգրումներով բուժզննում անցած և զորակոչված տղաները ծառայության ընթացքում առողջական խնդիրներ են ունենում։ Նման դեպքերը, ըստ փաստաբանի, քիչ չեն։ Ծառայության ընթացքում ի հայտ են գալիս առողջական այնպիսի խնդիրներ, որոնք կարելի էր ավելի շուտ ախտորոշել՝ ասում է փաստաբանը։
«Ընդամենը 10 օր առաջ զինվոր զորացրվեց, ուներ գենետիկ խնդիր, և փաստորեն այդ խնդիրը կարող էր հայտնաբերվել ավելի վաղ։ Ստացվում է՝ նա ամառային զորակոչի ժամանակ էր գնացել զինվորական ծառայության, բայց այնպիսի հետազոտություն, որ հայտնաբերվեր այդ խնդիրը, չի իրականացվել, և նույնիսկ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը ուշադրություն չի դարձել այդ հանգամանքին։ Բացի դրանից՝ փորձաքննությունը երկար է տևել, այդ զինվորը 5 ամիս հոսպիտալում էր»։
Փաստաբանը խոսում է մեկ այլ երևույթի մասին ևս։ Շատ է ունեցել վստահորդներ, որոնք ծառայության են մեկնել առողջական որոշ սահմանափակումներով, բայց զորամասում համապատասխան պայմաններ չեն ապահովվել։ Դա, ըստ փաստաբանի, ուղղակի տերմին է արտացոլված զինակոչիկի փաստաթղթղերում։ Այն իրականում չի կիրառվում, քանի որ նման պայմաններ չկան, ասում է բանախոսը։
«Իհարկե, իմ նման վստահորդներից շատերը դեմ չեմ ծառայելուն։ Բայց խնդիր է առաջանում հենց զորամաս գնալուց հետո, որովհետև այնտեղ նաև կանոնադրական հարաբերությունների խնդիրներ են առաջանում։ Հետագայում մենք նաև տարբեր խոշտանգման գործեր ենք ունենում, որովհետև մի զինվորը արդեն իսկ մյուսին տեսնում է պարբերաբար բուժկետում և արդեն խնդիր է առաջանում ինչո՞ւ պիտի դու դիմես, մենք չէ»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ընդգծել էր՝ թեև չի խառնվում առողջապահական հանձնաժողովների գործերին, բայց շահագրգռված է, որ զինված ուժերում առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկներ չլինեն։ Հանձնաժողովներն, ըստ նախարարի, այդ մոտեցմամբ են առաջնորդվում։
«Եթե կան նման դեպքեր, դրանք պետք է բարձրաձայնել, դրա դեմ պայքարել, որպեսզի մենք էլ, պատկան մարմիններն էլ կիրառեն իրենց հնարավորությունները և կարողանան բացառել նման երևույթները»։
Կառավարությունն էլ վերջերս որոշում ընդունեց, որով կարգավորվում են զինապարտ քաղաքացիների հետազոտման արդյունքները և առողջական վիճակի տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումներն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հարցերը: Պաշտպանության նախարարը բացատրել էր՝ նոր կարգավորումը ենթադրում է, որ զինկոմիսարիատներն առողջապահական համակարգի կազմակերպություններին զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները պետք է տրամադրեն «ArmMed» համակարգով։ Հետազոտությունների արդյունքները հետ են ստացվելու միայն թվային տարբերակով, իսկ լաբորատոր գործիքային ախտորոշման տվյալները պետք է ներբեռնվեն ArmMed համակարգ և պահպանվեն 10 տարի։ Կներբեռնվեն նաև քաղաքացու ամբուլատոր քարտի տվյալները:
Պապիկյանն ուշագրավ այլ թիվ էլ էր հրապարակել։ Ընթացիկ զորակոչի ժամանակ 1800 զորակոչիկ ուղարկվել է կրկնակի հետազոտության։ Նրա դիտարկմամբ՝ կարգավորումների փոփոխության բերումով 90%-ով այդ թիվը կարող է կրճատվել։




