ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Երկու ուղերձ՝ Վաշինգտոնից․ մեկն ԱՄՆ-ի համար, մյուսը՝ ՀՀ-ի

Առնվազն երկու նոր ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում։ Մի ուղերձը հնչել է Save Armenia նախաձեռնության կազմակերպած միջոցառման ժամանակ, մյուսը՝ հայ համայնքի հետ հանդիպմանը։ Հայաստանի վարչապետը խոսել է փոփոխվող աշխարհում Հայաստանի գաղափարախոսության մասին և հիմնավորել, թե ինչի համար են իրականացվում կառավարության այսօրվա քայլերը։ 

Վաշինգտոնում գտնվելու առաջին իսկ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է ակնկալիքը, որը ՀՀ ղեկավարությունն ունի Միացյալ Նահանգների նոր վարչակազմից։ Save Armenia նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը, որին մասնակցել են նախաձեռնության համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, Հայաստանի վարչապետը հայտարարել է․

«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև, իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է»։

Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանի գործող իշխանությունը կենտրոնացած է խաղաղության օրակարգի վրա՝ համոզմունքով, որ տարածաշրջանում միայն կայուն խաղաղության առկայությունը կարող է երաշխավորել ժողովրդավարության, մարդկանց իրավունքների պաշտպանության և Հայաստանի զարգացման միջավայր։

Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում ՀՀ–ն այս պահին լավատես է՝ իր հերթին Հայաստանում հաստատում է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում նա վկայակոչել է վարչապետի և արտգործնախարարի ավելի վաղ արած հայտարարությունները․

«Կարող եմ միայն հաստատել, որ թե՛ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու, ինչին իսկապես շատ մոտ ենք, թե՛ դելիմիտացիայի պրոցեսն առաջ տանելու, որտեղ ունենք դրական դինամիկա, թե՛ կոմունիկացիաների բացման հարցում մեր մոտեցումները կոնստրուկտիվ են, նպատակ ունեն իսկապես հասնելու կայուն խաղաղության։ Փորձում ենք նաև չարձագանքել մեր հարևան երկրից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը միայն մեկ պատճառով՝ պահպանելու այդ գործընթացը և, ի վերջո, հասնելու խաղաղության այս տարածաշրջանում, որը երկար տարիներ տուժել է հակամարտություններից»։  

Ի դեպ, Ալիևի ռազմատենչ թեզերի մասով հայաստանյան փորձագետների մի մասն այն դիտարկմանն է, որ այս փուլում ուղղված են առավելապես ներքին լսարանին՝ սեփական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։  

Տարածաշրջանի խաղաղության նպատակով ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությանը զուգահեռ՝ հունվարի 15–ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի երդմնակալությունից ուղիղ մեկ շաբաթ առաջ, Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությունը։ Այն նախատեսում է Երևան-Վաշինգտոն գործակցության մի քանի ոլորտներ, դրանում ընդգծվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին առանձնակի կարևորություն է տրվում նաև այս փաստաղթղթի ստորագրման համատեքստում։

Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ փաստաթուղթն իսկապես ունի կարևոր քաղաքական ու պրակտիկ նշանակություն, և կապ չունի, թե որ վարչակազմի օրոք է այն ստորագրվել․

«Դուք կարող եք հարցնել՝ իսկ ինչու՞ գնացող ադմինիստրացիայի հետ․ գիտե՞ք, ռազմավարական այդ երկխոսությունը, ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ադմինիստրացիայի ժամանակ, և այս գործընթացները կապ չունեն Վաշինգտոնում քաղաքական թիմի, այս կամ այն թիմի ներկայության հետ․ սրանք ինստիտուցիոնալ մեխանիզմներ են, որոնք ուղղակիորեն կախված չեն քաղաքական տարբեր գործոններից։ Հակառակը, հարաբերությունների՝ այս մակարդակի բարձրացումը թույլ կտա նոր ադմինիստրացիայի հետ մեր գործընկերությունը սկսել շատ ավելի բարվոք, շատ ավելի առաջընթաց դիրքերից»։  

Քանիցս պարզաբանվել է, որ Վաշինգտոնում ստեղծվել էր անցումային թիմ, որը կոորդինացնում էր գնացող և նոր վարչակազմի արտաքին և կարևոր  բոլոր հարցերը։ Սա է հիմքն այն պնդումների, որ փաստաթղթերի ստորագրումը համակարգվել է նաև ԱՄՆ նոր վարչակազմի հետ։   

Վերադառնալով Վաշինգտոնից հնչած ուղերձներին՝ ընդգծենք, որ վարչապետ Փաշինյանն իր երկրորդ մեսիջն արել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Պետք է կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որ մենք մեր տարածաշրջանում, մեր հարևանների միջավայրում կկարողանանք ապրել առանց արտաքին օգնության։ Մենք խնդիր պետք է դնենք մեր տարածաշրջանում ունենալ ապրելու հնարավորություն առանց արտաքին օգնության և առանց արտաքին միջամտության։ Դրա համար մեր ընկալումն այն է, որ մենք պետք է ինքներս մեզ ընկալենք որպես մեր խնդիրների լուծման առաջին գործոն։ Մեր ռեակցիան պետք է չլինի՝ վայ, որտե՞ղ կա մի ուժ, որին մենք կարող ենք գնալ դիմել, որպեսզի ինքը այդ խնդիրը լուծի»։

Փաշինյանը պարզաբանել է, որ ասվածը չի առնչվում տարբեր դաշինքներին և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ամենատարբեր գործակցությանը։ Այդ ամենը պետք է շարունակվի, սակայն, այլ տրամաբանության մեջ, որը չպետք է կրկնի անցած պատմությունը։

Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը խոստովանել է, որ գաղափարախոսության փոփոխության անհրաժեշտությունը միանգամից չի գիտակցել․

«Այս գաղափարախոսությունն է միայն, որ Հայաստանի Հանրապետությանը լինելիության շանս է տալիս։ Վերջերս աղմուկ հանած իմ հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին հենց դրա մասին է։ Մենք պետք է հասկանանք ի վերջո կայի՞ն ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հետևյալն է՝ անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որպեսզի մենք լինենք ավելի կառավարելի։ Ես դա գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելու և ամենատարբեր գործնական իրավիճակներ լուծելիս և խոսակցություններ, նախադասություններ լսելիս, որոնք արտահայտում են մտածողության ձևեր։ Այս նույն խոսակցությունն ունենում եմ ամենատարբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետևյալն է, որ այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի՝ ձեր դերը նահատակն է։ Հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, հասկանում ենք, որ շատ դեպքերում դուք եք մեզ օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինենք»։

Վարչապետի ձևակերպած ցանկությունն է, որ ՀՀ-ում  սովորական մարդն ապրի սովորական կյանքով։ Սա է այն գաղափարական փոփոխությունը, որը տեղի է ունենում այսօր Հայաստանում՝ ամերիկահայերին վստահեցրել է Փաշինյանը՝ ձևակերպելով, որ այս նպատակին հասնելն է իր ղեկավարած իշխանության պատմական գլխավոր առաքելությունն ու նպատակը։

Կարդացեք նաև

Back to top button