ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ինքն է դարձել USAID-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, քանի որ մարդասիրական գործակալության կառավարումն ստանձնել է Պետդեպարտամենտը։
Երկուշաբթի օրենսդիրներին ուղղված նամակում Ռուբիոն տեղեկացրել է, որ վարչարարի պաշտոնակատարի լիազորությունները փոխանցել է Փիթ Մարոկկոյին, որն աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ում Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում, և որին օգնության կազմակերպությունները և պաշտոնյաները մեղադրել են կազմակերպությունը դիտավորյալ կազմալուծելու մեջ։
Ինչպես հայտնում է CNN-ը, Մարոկկոն «գիտի, թե ինչպես է աշխատում համակարգը և ապամոնտաժում է այն»։
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հայտարարել էր, որ նախագահ Թրամփը ստորագրել է գործակալությունը փակելու հրամանը:
Դեմոկրատների պնդմամբ՝ անօրինական է դաշնային գործակալության փակումն առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու:
Երկուշաբթի օրը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և հատկացումների հարցերով հանձնաժողովների ղեկավարներին ուղղված նամակում Ռուբիոն ասել է, որ լիազորել է Մարոկկոյին «սկսելու ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության վերանայման և հնարավոր վերակազմակերպման գործընթացը՝ առավելագույնի հասցնելու արդյունավետությունը և գործողությունները ազգային շահերին համապատասխանեցնելու համար»:
Էլ Սալվադորում Ռուբիոն հայտարարել է, որ «USAID-ի գործառույթները» պետք է համապատասխանեն ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, և որ այն «անպատասխանատու գործակալություն է»:
Ռուբիոյին հարցրել են այն փաստարկների մասին, որ USAID-ի աշխատանքը կենսական նշանակություն ունի ազգային անվտանգության և ԱՄՆ շահերը խթանելու համար:
«Կան բաներ, որոնք արվում է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, որոնք մենք շարունակելու ենք անել»,- ասել է նա:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զգալի փոփոխություններ է կատարել ԱՄՆ ՄԶԳ գործակալությունում, որը պատասխանատու է արտասահմանում մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Սա ստիպել է օգնության կազմակերպություններին մտահոգվել, թե արդյո՞ք նրանք կարող են շարունակել այնպիսի ծրագրերի իրականացումը, ինչպիսին է սննդային օգնությունը թերսնված նորածինների և երեխաների համար:
ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդին սառը պատերազմի տարիներին ստեղծել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ն: Դրանից հետո տասնամյակների ընթացքում հանրապետականներն ու դեմոկրատները պայքարել են գործակալության և դրա ֆինանսավորման համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռ հունվարի 24-ին էր որոշել սառեցնել ԱՄՆ-ի գրեթե բոլոր արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք երկրի արտաքին քաղաքական նպատակներին համապատասխանեցնելու Թրամփի ջանքերի շրջանակում: Սպիտակ տան ղեկավարի այդ հրամանը պահանջում է 90 օրով դադարեցնել ԱՄՆ-ի արտաքին օժանդակությունը՝ դրա արդյունավետությունը գնահատելու և «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը համապատասխանեցնելու» նպատակով:




