Արաքս Սաֆարյան
«Ռադիոլուր»-ի համար, Բրյուսել
Այսօր՝ փետրվարի 3-ին, Բրյուսելի «Էգմոն» պալատում կայացավ Եվրամիության պաշտպանության նախարարների համաժողովը, որի օրակարգում եվրոպական սահմանների պաշտպանության և ամրապնդման խնդիրն Է։ Համաժողովին մասնակցել են ոչ միայն ԵՄ անվտանգության և պաշտպանական կառույցների պատասխանատուներն, այլև ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրների պատվիրակները:
Առանցքային թեմաներն են աշխարհին սպառնացող մարտահրավերները՝ ռուս-ուկրաինական պատերազմը, եվրոպական երկրների վրա աճող հիբրիդային ճնշումը և կիբերհարձակումները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու աշխարհում ընթացող ռազմական գործողությունները: Այս համատեքստում ԵՄ առաջնորդները կարևորում են եվրոպական սահմանների առկա պաշտպանության ուժեղացումը, պաշտպանական կարողությունների ամրապնդումը, ֆինանսական արդյունավետ ներդրումների մոբիլիզացումը և ԵՄ անդամ չհանդիսացող գործընկեր երկրների հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը:
«Արդյունավետ պաշտպանությունն ընդհանուր բարիք է, որը օգուտ է բերում բոլոր եվրոպացիներին»,- ասել Է ԵՄ նախագահ՝ Անտոնիո Կոստան, ընդգծելով, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի իր պաշտպանության համար և Եվրոպական մակարդակով ունենա ընդհանուր շահեր՝ առավել սերտ համագործակցության համար:
Նշենք, որ ԵՄ պաշտպանության բարձրաստիճան ներկայացուցիչները չորրորդ անգամ են այդ ձևաչափով և օրակարգով հանդիպում գումարում: Խաղաղության պահպանումն այսօր դարձել է Եվրոպայի թիվ մեկ խնդիրը։ 2021 թվականից սկսած ԵՄ անդամ երկրներն ամեն տարի կրկնապատկում են պաշտպանական ծախսերը։ Անցյալ տարի՝ դրա համար հատկացվել Է 326 միլիարդ եվրո, ինչը 30 տոկոսով գերազանցել Է 2023 թվականի ցուցանիշը:
ԵՄ առաջնորդները համոզված են, պաշտպանական ծախսերի ավելացումը, ներառյալ մասնավոր ֆինանսական ներդրումները միանշանակ կնպաստեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:
«ԵՄ պաշտպանության հզորացման նպատակը պետք է հաշվի առնվի միության բոլոր քաղաքական ծրագրերում քաղաքականություններում»,- ասել Է Անտոնիո Կոստան, հավելելով, թե այսօրինակ քննարկումները կօգնեն նախապատրաստել հաջորդ քայլերը՝ որպեսզի Եվրոպան դառնա անվտանգության և պաշտպանության առումով ավելի դիմացկուն, հուսալի ու վստահելի գործընկեր Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու համար:
Դանիայի վարչապետ Մետա Ֆրեդերիկսը նկատել տվեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհանդուրժող է Ուկրաինայի նկատմամբ և նույնատիպ վարք է դրսևորում նաև բոլոր պետությունների հանդեպ։ Եվրոպան պետք է ավելի միասնական, համախմբված և պաշտպանված լին ։
Եվրոպայի համար խաղաղություն ու կայունությունը չի կարող լինել, երբ Եվրոպայի շեմին տարածաշրջանի հարևան պետությունները հակամարտության մեջ են: Հետևաբար Եվրամիության համար գերակա է նաև օգնել ԵՄ ոչ անդամ պետություններին, որոնք մաս են կազմում Եվրոպային և ունեն պայմանագրային պարտավորություններ։
Հայաստանը ևս համարվում է ԵՄ պաշտպանական ծրագրերի մասնակից: Օրեր առաջ ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Եվրոպական խորհուրդը վճռեց Հայաստանին հատկացնել ավելի քան 44 միլիոն եվրո՝ եվրոպական դիտորդական առաքելության ժամկետը մինչև 2027 թվականը երկարացնելու համար։ Եվրոպական դիտորդական խումբը տեղում կկարողանա մշտադիտարկում անցկացնել և զեկույցներ կազմել: Դա կնպաստի և հակամարտությունից տուժած տարածքներում բնակվող մարդկանց անվտանգությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդմանը:




