
Օր 3-րդ․ վճարե՞լ, թե չվճարել 150 դրամ․ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են։ Ընդդիմադիր քաղաքական մի շարք գործիչներ կոչ են անում չվճարել 150 դրամ, չօգտվել «Թել-Սելլ»-ի վալիդատորներից, ուղետոմսերից և քարտային վճարումներից։ Մինչդեռ Երևանի քաղաքապետը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է՝ «այդ շոուները պետք է ունենան իրենց վերջակետը»։ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև, որ հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերված 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործելու հնարավորություն:
—Չէի ասի՝ մինիմալ գին է, բայց պետք է հարմարվենք։
-Ռոմանոս Մելիքյանի դասախոս եմ, նվազագույնը 75 հազար դրամ եմ ստանում, երեք կարմիր դիպլոմով ավարտած։ Եւ մենք պետք է հիմա թանկ վճարենք։ Ինչի՞, թող 50 տոկոս բարձրացնեն մեր աշխատավարձը, մենք էլ ասենք՝ լավ, 150 կվճարենք»։
Արդեն 3-րդ օրն է, որ քաղաքային տրանսպորտը նկարահանման վայր է դարձել։ Պատճառը սակագնի բարձրացման շուրջ ստեղծված իրավիճակն է։ Քաղաքացիները հարաբերականորեն բաժանվել են երկու խմբի։ Մի մասն ասում է, որ պետք է բոյկոտել ու չվճարել 150 դրամ 100-ի փոխարեն, մյուս մասը գտնում է, որ լավ տրանսպորտ ունենալու համար պետք է ավել վճարել։
-Սկզբից եթե 150 ասեին, ես կվճարեի, բայց ասում են 300, ու սկսվում է սակարկումը,եղավ՝ եղավ։
-Կարծում եմ՝ առանց թանկացման հնարավոր չի ունենալ լավ համակարգ, գազելներից հետո, իհարկե, սա նկատելի է, և հուսով եմ՝ շատ ավելի լավ կլինի։
Ավտոբուսի ու մետրոյի մեկ ուղևորության տոմսը թանկացել է 50 դրամով, իսկ տրոլեյբուսի դեպքում թանկացումը եռակի է: Քաղաքացիների մի մասը դժգոհում է՝ եթե աշխատավարձերը չեն բարձրացել, ինչո՞ւ պետք է բարձրանա տրանսպորտի սակագինը, սա ֆինանսական նոր բեռ են համարում:
Երևանի քաղաքապետարանում, սակայն, իրենց որոշման մեջ հաստատ են ու սահմանված նոր սակագինը հիմնավոր են համարում։ «100 դրամ ուղեվարձին վերադարձն անհնար է»,-ասում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում, ապա շեշտում՝ քաղաքական որոշ ուժեր իրենց նպատակներն ունեն, և նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ համակարգը կոլապսի տանելը։
«Փորձ էր արվում համակարգը տանել ձախողման, ինչը ձախողվեց։ 100 դրամի համակարգում մենք ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը։ Երևան քաղաքում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար մեզ պետք են նոր միջոցներ և վճարման նոր մոդելներ։ Երևանցիներն այս տրամաբանությունը հասկացել և, ընդհանուր առմամբ, աջակցում են դրան։ Այդ շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը»,-ասաց Ավինյանը։
Ընդդիմադիր քաղաքական ու հասարական որոշ գործիչներ էլ իրենց հերթին են հայտարարում՝ չեն պատրաստվում բողոքի գործողություններին վերջ դնել։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան․
«Մենք համոզված ենք, որ եթե քաղաքացիները որոշեն, որ չեն համակերպվելու այս թանկացումների հետ, ապա այդ թանկացումները կչեղարկվեն։ Մեր պահանջը լեգիտիմ է, քանի որ կա 17 հազար ստորագրություն այն նախագծի տակ, որը ենթադրում է, որ քաղաքային տրանսպորտը չպետք է ավել լինի, քան 100 դրամը, իսկ փաթեթի դեպքում կարող է լինել ավելի մատչելի»։
Քաղաքային իշխանությունները խոստանում են առաջիկայում հրապարակել, թե քանի մարդ է օգտվել տրանսպորտից։ Ավինյանի տեղեկություններով՝ թիվն էական փոփոխությունների չի ենթարկվել։
Բարձրացած սակագնի բոյկոտի ֆոնին համացանցում քաղաքացիները պարբերաբար այլ խնդիրներից էլ են բողոքում, օրինակ, որ «Թել-Սել»-ն ուղևորափոխադրումների դիմաց բանկային քարտերից հավելյալ գումար է փորձում գանձել։
«Այս գիշեր՝ ժամը 1։33 և 1։43, «Թել- Սել»-ը փորձ է կատարել իմ բանկային քարտից երկու անգամ գանձել 150-ական դրամ, այն ժամանակ, երբ ես քնած էի։ Քանի որ ես քարտի վրա փող չունեի, դրանք մերժվել են»։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գործակարգավարական նիստում անդրադարձավ այս բողոքներին էլ։
«Հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու, պարտք է ձևավորվում: Այսինքն՝ քաղաքացիների տպավորությունն այն է, որ հավելյալ գումար է գանձվում, բայց իրականում լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում»,- պարզաբանել է Սուրեն Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքել է, որ խոսքն այն մասին է, որ քաղաքացին բանկային քարտով վճարում է կատարել տրանսպորտում, և, ամենայն հավանականությամբ, հաշվին գումար չի եղել, բայց մի քանի օր հետո համակարգն այդ գումարը քաշել է քարտից, ասենք՝ 3 օր հետո, և տպավորություն է ստեղծվել, որ հավելյալ գումար է քաշել քարտից:
Սուրեն Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել բոլոր խնդիրները և խոստացել՝ եթե արձանագրվի, որ սխալը տեխնիկական պատճառով է, վնասները կփոխհատուցվեն։




