
Վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանում ջրծաղիկի վարակվածության տարեկան միջին ցուցանիշը կազմել է 15 հազար։ Հիվանդության բռնկում նկատվել է 2011 թվականին։ Վարակելիության ցուցանիշն ընկալունակ բնակչության շրջանում ավելի քան 90 տոկոս է։ Այս վիճակագրությունը հաշվի առնելով և հետևելով տարբեր երկրների դրական փորձին՝ Հայաստանը որոշել է պատվաստումային օրացույցում ներառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութը։ Մասնագետներն ասում են՝ այս կերպ ևս մեկ վարակիչ հիվանդություն ավելի կառավարելի կդառնա։
Հունվարի 31-ից Հայաստանի բոլոր պոլիկլինկաներում մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը։ Այն կառավարության համապատասխան որոշմամբ կիրականացվի երեք փուլով։ Առաջին փուլում կպատվաստվեն 2023 թվականի նոյեմբերի մեկից հետո ծնված և 1 տարին լրացած երեխաները։ Նրանք 2026 թվականին կստանան 2-րդ դեղաչափը։ 2027 թվականին պատվաստանյութը հասանելի կլինի նաև 4-6 տարեկան երեխաների, նաև զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց համար՝ ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Զարուհի Գրիգորյանը։ Երեխաների շրջանում կանխարգելիչ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու դեպքում ռիսկերը նվազում են մեծահասակների շրջանում՝ ասում է բանախոսը։
«Հանրային առողջապահական տեսանկյունից առաջին և հետո երկրորդ դեղաչափի ներդրումից հետո հնարավոր է լինելու նվազեցնել թե՛ հիվանդությունը, թե՛ ծանր ընթացքը, ընդհուպ մինչև բռնկումների կանխարգելումը։ Սա դրական ազդեցություն է ունենալու ընդհանուր բնակչության առողջության, աշխատունակության, ինչպես նաև կյանքի որակի վրա»։
Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է։ Այն վրակիչ է գաղտնի շրջանի վերջին օրվանից, երբ դիտվում են որոշակի կլինիկական երևույթներ՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, հետո հաջորդում է ցանավորումը։
Ջրծաղիկի դեմ պատվաստանյութն անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութ է՝ վստահեցնում է ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլաննա Գրիգորյանը։ Դեռևս 70-80 ական թվականներին այն սկսեց լիցենզավորվել ու կիրառվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան, Գերմանիան, ԱՄՆ և եվրոպական տարածաշրջանի այլ երկրներ։ Պատվաստանյութի կիրառմամբ այդ երկրները կարողացել են կառավարելի դարձնել հիվանդությունը։ Մասնագետի խոսքով ՝ ջրծաղիկի պատվաստման ցուցումները նույնն են, ինչ այլ պատվաստանյութերի դեպքում։
«Այսինքն՝ կարող է կիրառվել, եթե մարդը չունի սուր հիվանդություն տվյալ պահի կամ քրոնիկ հիվանդության սրացում, և հիմնականում հակացուցված է իմունային անբավարարություն ունեցող անձանց»։
Հետպատվաստումային երևույթները նույնպես մյուս պատվաստումների նման են՝ ասում է մասնագետը։
«Պատվաստումից հետո կարող են դիտվել ջերմության բարձրացում, ներարկման տեղում ցավ, ընդհանուր թուլություն և անհանգստություն, որոնք կարճատև են և առանց որոշակի բուժման՝ կարող են անցնել»։
Ջրծաղիկի պատվաստանյութը կարող է զուգահեռ կիրառվել պատվաստումների ազգային օրացույցում ներառված այլ պատվաստանյութերի հետ։ Բայց, ըստ Սվետլաննա Գրիգորյանի, կան որոշակի սկզբունքներ։
«Անկենդան պատվաստանյութերի հետ կարող են կիրառվել միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ երկու կենդանի պատվաստանյութեր կարող են միաժամանակ կիրառվել կամ երկու կենդանի պատվաստումների միջև պահել առնվազն 4 շաբաթ ինտերվալ»։
Հայաստանում, ըստ մասնագետների, կիրառվում է ԱՀԿ–ի կողմից նախաորակավորված պատվաստանյութ։ Սա ենթադրում է բավարար և լիրաժեք ցուցանիշեր անվտանգության ուարդյունավետության առումով։




