ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստան-ԵԱՏՄ-ԵՄ․ եռանկյունին ունի նաև չերևացող կողմեր. Վարչապետը խոսում է այլ ռիսկերից

Գրեթե ամեն օր Հայաստանին Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներից զգուշացման նոտա պարունակող հայտարարություններ են ուղղվում, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրել ԵՄ ուղղությունը։ Այդ հայտարարություններին նախօրեին անդրադարձել է Հայաստանի վարչապետը՝ հստակեցնելով, թե գործող իշխանությունն ինչ է անում և ինչ նպատակով։ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ՌԴ հետ շփումներում սպառնալիքի խոսք չի օգտագործվում և ներկայացրել է ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ Ըստ Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ին առնչող ռիսկերի հարցում նաև ՌԴ-ն պետք է զգուշավոր լինի, քանի որ կա ՀԱՊԿ սխալները կրկնելու վտանգը։

Հայաստանը մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ գնում է ԵՄ․ այս երկընտրանքի շուրջ ստեղծված քննարկումների ֆոնին Հայաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել ԵԱՏՄ բոլոր միջոցառումներին։ Այդպես, օրինակ, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստին, որին քննարկվել են բազմաթիվ աշխատանքային հարցեր։ Իսկ դրանից առաջ նա մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին։ Վերջինիս և նիստի ընթացքում Հայաստանի փոխվարչապետը հանդես է եկել ելույթներով:

Սա ուշագրավ է այն ֆոնին, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը քաղաքական օրակարգ բերելուց հետո Ռուսաստանից գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացումներ հիշեցնող հայտարարություններ  են հնչում ԵԱՏՄ և ԵՄ անհամատեղելիության մասին, և թե ինչ հետեւանքներ կարող են լինել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին բացահայտել է, թե իրականում ինչ հեռախոսային խոսակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ԵՄ–ին Հայաստանի անդամակցելու նախագծին կառավարությունում հավանություն տալուց հետո։

«Մեր խոսակցությունները, մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով։ Այն, որ ՌԴ–ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է։ Այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ Ռուսաստանի դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված, դա էլ է փաստ։ Բայց այն, որ մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ։ Այն, որ մենք շարունակելու ենք Ռուսաստանի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ։ Այն, որ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ հետ, դա էլ է փաստ։ Բայց հիմա խոսքը ԵՄ–ին անդամագրվելու մասին չէ։ Դա քաղաքական դեկլարացիա է, օրենք է, որը դեռ պետք է սպասարկվի»։

Վարչապետը վստահեցնում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում իրեն վատ չի զգում։ Դա փաստում են նաև տնտեսական թվերը։ Միաժամանակ նաև Փաշինյանը  պնդում է, որ կառավարությունը չի կարող անտեսել հանրության կողմից 50 հազարից ավելի հավաքված ստորագրությունները և արտահայտած ձգտումները՝ Հայաստանի ապագայի համար ձևավորելու ընտրանքներ և տարբերակներ։ Երկրի ռազմավարական ապագայի մասին խոսակցությունը չի կարող տեղի ունենալ, եթե ընտրանք չկա` ասում է Փաշինյանը՝ նշելով, որ այս ամենը երկրի  բալանսավորված արտաքին քաղաքականությունն են։

Մինչդեռ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցում կրկին միտք է հայտնել, թե «հայերը լրիվ կաղքատանան, եթե ԵԱՏՄ–ից դուրս գան», թվարկել է ԵԱՏՄ–ից Հայաստանի ստացած օգուտներն ու հայտարարել, թե այդ ամենը Հայաստանը կկորցնի։

Զախարովան հայտարարել է, թե այդ դեպքում Հայաստանից արտահանումը կարող է նվազել 80%-ով։ 

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույնպես հաճախ է սկսել խոսել Հայաստանի դեպքում ԵԱՏՄ-ի և ԵՄ անհամատեղելիության մասին։ Ռուսական կողմը վկայակոչել է նաեւ Հայաստանի և Ռուսաստանի` 3.4 միլիարդ դոլարի հասած  ապրանքաշրջանառության ծավալը` կարծիք հայտնելով, թե դա կարող է ռիսկային վիճակ ստեղծել ՀՀ համար։   

Նման զգուշացումներին, մինչդեռ, Հայաստանի վարչապետը պատասխանում է հետադարձ վտանգները նկարագրելով` ընդգծելով` մեկ այլ կառույցի դեպքում գրանցված օրինակ արդեն կա․

«ԵՄ–ին անդամակցելու պարագայում ինչ-որ շուկայի 50% կկորցնենք, ինչ-որ շուկայի 100% ձեռք կբերենք ենթադրենք։ Բայց հիմա խոսքը ԵՄ–ին անդամագրվելու մասին չէ։  Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ին, ես կարծում եմ` նաև պետք է ուշադիր լինել, որ ԵԱՏՄ շրջանակներում չարվեն քայլեր, որոնք ինքնին հարցականի տակ կդնեն ԵԱՏՄ բովանդակությունը։  Արդեն եղել են, ցավոք սրտի, քայլեր, որոնք, մեր գնահատմամբ, կասկածի տակ են դրել ՀԱՊԿ գործունակությունը, և նաև դա է պատճառը, որ ՀՀ–ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ Այսինքն՝ ամեն ինչ միակողմանի չէ»։ 

Վերադառնալով Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ուշագրավ  դրվագներին` նշենք, որ այդ միջոցառումներին առաջին անգամ մասնակցել է նաև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանի վարչապետը։ Նա կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը դարձել է Եվրասիայի կարևոր տրանսպորտային և լոգիստիկ հանգույցներից մեկը՝ շնորհիվ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի և ժամանակակից ենթակառուցվածքների եւ այն հանգամանքի բերումով, որ Ադրբեջանով են անցնում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքները։

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիրը միաժամանակ ԵԱՏՄ որոշ գործընկերների հետ համատեղ ներդրումային հիմնադրամներ արդեն ունի։ Իսկ անցյալ տարի ԵԱՏՄ երկրների հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 14%-ով։

Հայաստան–ԵԱՏՄ–ԵՄ եռանկյունին, ըստ վարչապետ Փաշինյանի, ոչ միայն զարգացման տնտեսական կամ քաղաքական ուղղությունն է, այլ նաև` ստուգատես․

«Մենք շարունակելու ենք ճանապարհն այս ուղղությամբ։ Այս ճանապարհն էլ է մի պրոցես, որտեղ իրական և անկեղծ բարեկամները ոչ իրական և ոչ անկեղծ բարեկամներից գուցե տարբերվեն»։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում այն փոխգործակցությունը, որը կա Ռուսաստանի և Հայաստանի միջև եվրասիական ինտեգրացիայի և ԵԱՏՄ-ի շրջանակում։ Դեսպանը հաստատում է, որ ԵԱՏՄ-ում մասնակցությունը շահավետ է երկու կողմի երկրների ու ժողովուրդների համար և փոխանցում է պատրաստակամությունը` շարունակել ամեն կերպ զարգացնել հայ գործընկերների հետ այն գործընթացները, որոնք բավականին հաջող են և ընթանում են ԵԱՏՄ-ի շրջանակում:

Կարդացեք նաև

Back to top button