
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների մի մասը երկու օր է՝ գործադուլ է հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, իսկ կոմբինատի արհմիությունը գործադուլը ոչ օրինական է համարում, պահանջը` ոչ իրավաչափ։
Արդեն երկու օր է՝ Հայաստանի խոշոր հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Կոմբինատում ամսական միջին աշխատավարձը` 600.000, երկու անգամ գերազանցում է հանրապետությունում առկա միջին աշխատավարձի չափը․
«Բոլորի խնդիրը նույնն է, 99.9 տոկոսը վարկերով են ապրում։ Մենք իրավունք չունենք կոմբինատում աշխատելու ու վարկ վերցնելու։ Մեր աշխատավարձը պիտի մեզ հերիքի»։
«Առաջին պահանջը մեր աշխատավարձերի բարձրացումն է, մենք աշխատում ենք կոմբինատում, որտեղ կան շատ ծանրություններ, աշխատանքը ծանր է»։
ԶՊՄԿ-ի արհմիությունն աշխատակիցների գործողությունները գործադուլ չի համարում եւ չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։

«Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, ընկերությունը եւ մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս»,-նշում է արհմիությունն իր հայտարարությունում։ ՀՀ լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փահլեւանյան․
«Պահանջում են 50 տոկոս աշխատավարձի բարձրացում, ամսական էլ յուրաքանչյուր աշխատողի լրացուցիչ 150 հազար դրամ։ Քանի որ տնօրինությունը չի կարող դա միանգամից ապահովել, արհմիությունը բանակցում էր տնօրինության հետ աշխատավարձերի բարձրացման հարցում։ Տեղ-տեղ դա արվել է՝ 10 տոկոս, 15 տոկոս, մինչեւ 20 տոկոս բարձրացվել է։ Դա, ըստ աշխատողների, բավարար չէ, ու էս բողոքը ինքնաբուխ է»։
Արհմիությունը բանակցում է աշխատակիցների հետ, որ գործադուլի պահանջն օրինական ձևակերպեն։ Ըստ նրանց` 4700 աշխատակցից բողոքի ակցիային մասնակցում է 400-500 մարդ ու նրանց պատճառով մյուսներն էլ չեն կարողանում աշխատել; Կոմբինատի բոլոր աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամներն օգտվում են ապահովագրական, սոցիալական փաթեներից, աշխատանքային հերթափոխին սնունդ են ստանում։ Բողոքող աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իր դստեր հիվանդանոցային ծախսերը ապահովագրությունը չի վճարել։ Այս դեպքում էլ տարբերակ կա՝ ասում է ԶՊՄԿ-ի մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանը․

«Կարող է պատահել, որ ապահովագրական ընկերության պայմանագրում այսինչ հետազոտության փոխհատուցումն ընդգրկված չի։ Այդ դեպքում աշխատակիցը հատուկ կարգով դիմում է ապահովագրության եւ սոցիալական բաժնին, ու այդ գումարը փոխհատուցվում է կոմբինատի բարեգործական հիմնադրամի կողմից կամ վճարվում է հենց տվյալ աշխատակցին, անգամ Քաջարան-Կապան-Երևան ճանապարհածախսը»։
Արայիկ Մարգարյանը հավաստիացնում է՝ բոլոր աշխատակիցները անցած տարվա սեպտեմբերից տեղյակ էին, որ հունվարին աշխատավարձերի համահարթեցում է կատարվելու։
«Տարբեր ժամանակներում ստացվել էր այնպես, որ նույն աշխատանքը կատարող մարդիկ վարձատրվում են տարբեր չափերով։ Պայմանական վերցնենք երկու նույն աշխատանքը կատարող երկու հոգի, որից մեկը ստանում է 180 հազար, մյուսը 270 հազար։ Համատարած հարթեցում չի արվել, այլ տարբեր տոկոսներով բարձրացվել են, այսինքն` բազային աշխատավարձի վրա է հիմնվել բարեփոխումը, դրա համար մեկինը բարձրացել է 4 տոկոս, մյուսինը 30 տոկոս»։
Կոմբինատի տնօրինության համար աշխատակիցների կողմից պահանջները բողոքի ակցիայով ներկայացնելն ընդունելի չէ։ Նրանք առաջարկում են քննարկել, առաջիկայում փորձել լուծումներ գտնել։ Սակայն աշխատակիցները չեն համաձայնվում։ Ո՞րն է ելքը։ Արայիկ Մարգարյան։
«Ընկերության ղեկավարության համար եւ օրենսդրության տեսակետից սա գործադուլ չի համարվում։ Այս ամեն ինչին իրավական գնահատական է տրվելու»։
Հիշեցնենք՝ որ ըստ պետական եկամուտների կոմիտեի՝ 2024թ․-ի ընթացքում կոմբինատը վճարել է շուրջ 102 միլիարդ դրամ հարկ, 2023թ.-ի համեմատ ԶՊՄԿ-մոտ 31 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել անցած տարի:




