ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են Օդեսայի պատմական կենտրոնի հրթիռակոծման մասին

Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսայի կենտրոնին. Քաղաքի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող վայր է։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ հարվածները լուրջ վնաս են հասցրել պատմական շինություններին, վիրավորվել է յոթ մարդ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հարձակումը ևս մեկ անգամ ընդգծում է երկրի հակաօդային պաշտպանության ուժեղացման անհրաժեշտությունը։

Օդեսայի շրջանի նահանգապետ Օլեգ Կիպերը հայտնել է, որ հրետակոծության հետևանքով տուժել է յոթ մարդ, իսկ փրկարար ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։

Կիպերի և Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ 19-րդ դարավերջի ճարտարապետական ​​հուշարձանի՝ «Բրիստոլ» հյուրանոցի նախասրահը և այլ հատվածներ ավերվել են։

Վնասվել է նաև Օդեսայի ֆիլհարմոնիկ համերգասրահը, որը գտնվում է հյուրանոցի դիմաց՝ կոտրվել են բազմաթիվ ապակիներ։ Տարածքում գտնվող թանգարանները նույնպես վնասվել են։

Կիպերը նշել է, որ պայթյունները տեղի են ունեցել երեք անգամ ընդմիջումներով , ինչը, ըստ նրա, ռուս զինվորականների կողմից «լավ մշակված մարտավարություն» է՝ նույն թիրախին կրկնակի հարվածներ հասցնելու համար:

Իր երեկոյան տեսաուղերձում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հարձակումն ուղղված է եղել «ուղղակի քաղաքի, սովորական քաղաքացիական շենքերի վրա»:

«Կրկին և կրկին հակաօդային պաշտպանությունը մնում է առաջնահերթություն: Մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ մեր երկրին ավելի մեծ պաշտպանություն ապահովելու համար»,- ընդգծել է նա։

Կարդացեք նաև

Back to top button