ՏնտեսականՔաղաքական

Որքանով է իրատեսական Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին. կառույցին միանալու որոշումից անցել է մեկ տարի

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ուղիղ մեկ տարի Հայաստանն անընդհատ փորձում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը եւ անընդհատ այդ ժամկետները հետաձգվում են` թեեւ պարբերաբար կոնկրետ օրեր նշվել են: Մի քանի օր առաջ էլ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը կրկին ժամկետ է հայտարարել. հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցկացվեն բանակցություններ, որոնց արդյունքում կորոշվի Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը: Հայաստանի Աժ-ի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կանխատեսում է. ի վերջո ԵՏՄ-ում կհայտնվեն ԱՊՀ բոլոր պետությունները: Սա լրացուցիչ անվտանգության երաշխիք է, պնդում է պատգամավորը: Իր վերլուծություններից ելնելով՝ որոշ առումով տեսակետը կիսում է նաեւ Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ ՀԿ նախագահ Ստեփան Սաֆարյանը:

«Մի թեմա, որին Բաքվուն շատ ուշադիր հետեւում է: Խնդիրը նա է, որ իսկապես, մտահոգված են Հայաստանի անդամակցությամբ այս միությանը, որովհետեւ ի հակառակ մեզ գտնում են, որ դրանով Հայաստանը ավելի մեծ պաշտպանվածության դաշտում կհայտնվի, նրա հետ միասին նաեւ ԼՂ-ն: Եվ անգամ տեսանելի է այն, որ չի էլ հավատում այն հավաստիացումներին, որ ԼՂ-ն փաստացի չի հայտնվի ԵՏՄ տիրույթում»:

Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի կառուցվի եւ Հայաստանի հնարավոր անդամակցությունից հետո էլ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ որեւէ փոփոխություն չի լինի, ասում է Գագիկ Մինասյանը` պնդելով. կառույցի բովանդակությունը համապատասխանում է անվանմանը: Ասել է թե այդ կառույցը քաղաքական խնդիրներ չի հետապնդելու: Գագիկ Մինասյանի համար այս համոզմունքը հաստատվել է Նազարբաեւի վերջին հայտարարությունից հետո, երբ նա ասաց, որ Ղազախստանի անկախությանը սպառնալիքի եւ շահերի հակասելու դեպքում իրենք կհրաժարվեն այս նոր կառույցից: Ինչպես ասվում է, ցանկացած բացասական երեւույթի մեջ Գագիկ Մինասյանը փորձում է գտնել նաեւ դրականը, ուստի Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների պարագայում տեսնում է նոր հնարավորություններ մեր գործարարների համար:

«Իսկապես առաջանում են նոր հնարավորություններ, որովհետեւ ռուսական շուկայում առաջանում են բավականին լավ հնարավորություններ մեր ապրանքատեսակները արտահանելու եւ իրացնելու համար: Արդեն կան հրապարակումներ այն մասին, որ ռուսական շուկայում ներմուծվող ապրանքների գները բարձրանում են, դա եւս լրացուցիչ խթան է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ գնային քաղաքականություն վարելով Ռուսաստանում ունենանք մեր ապրանքների համար նպաստավոր արտահանման պայմաններ»:

Բազմաթիվ հրապարակումներ ու վերլուծություններ կան նաեւ այն մասին, որ ԵՏՄ-ին անդամակցելու հետեւանքով Հայաստանում կգրանցվի գնաճ: 11 553 անուն ապրանքների ներմուծման համար ապրանքների 60 տոկոսի դեպքում Մաքսային միությունում գործում են ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, քան Հայաստանում: Հենց այս հարցերի լուծումն էլ մտնում է ներպետական ընթացակարգեր ձեւակերպման մեջ, որոնք արդեն պետք է լուծվեն անդամակցությունից հետո: Գագիկ Մինասյանը, ի դեպ` չի կիսում այն կարծիքը, որ մնացած բոլոր պետությունները Եվրասիական տնտեսական միությունից ստանում են հնարավոր բոլոր օգուտները: Ինչ վերաբերում է Ռուսաստանի խոստումներին Հայաստանում 2 միլիարդ դոլարի ներդրում անելու` Նաիրիտը աշխատացնելու, նոր Ատոմակայան կառուցելու, երկաթգիծը զարգացնելու եւ այլ ծրագրեր իրականացնելու առումով, ապա այս մեկ տարվա ընթացքում խոստումները այդպես էլ մնացին խոստում: Գագիկ Մինասյանը սրան էլ պատասխան ունի:

«Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպմանը այդպիսի խոսակցություններ եղել են եւ ես կարծում եմ, դրանք դեռ ուժի մեջ են: Եվ այն ժամանակ, երբ Հայաստանը կմտնի ԵՏՄ դրա իրականացումը կդառնա ավելի գործնական: Դեռ չմտած ԵՏՄ մենք օգտվում ենք կարեւորագույն արտոնություններից, որից օգտվում են այդ միության անդամները, մասնավորապես գազի գնից: Շատ հետաքրքիր կլիներ, որ այդ բոլոր խոստումները տեղի ունենային այն ժամանակ, քանի դեռ չենք մտել: Դա կլիներ ավելի տարօրինակ, քան հաճելի: Ես ավելին չեմ ուզում ասել»:

Գագիկ Մինասյանը նաեւ բացասական ազդակ չի համարում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայաստան այցի չեղյալ հայտարարելը: Ասում է այս այցի ընթացքում քննարկվելիք հարցերը բարձրացվեցին ավելի բարձր մակարդակ:

Կարդացեք նաև

Back to top button