ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Գերտերությունները փորձում են վերականգնել իրենց դիրքերը Սիրիայում․ միջազգայնագետ

Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայի այժմյան ղեկավար Ահմեդ ալ-Շարան ասել է, որ մինչև ընտրություններին հասնելը կառավարությունը ոչ մեծ օրենսդիր մարմին կձևավորի, կստեղծվի նաև նոր սահմանադրություն։ Սիրիայի անցումային նախագահը արդեն հասցրել է հանդիպել Կատարից Դամասկոս ժամանած պատվիրակության հետ ու քննարկել պատերազմից ավերված երկրի վերականգնման հարցեր։

Այժմ էլ նա պատրաստվում է մեկնել Թուրքիա ու հանդիպել այդ երկրի նախագահ Էրդողանի հետ։ Փորձագետները արձանագրում են, որ այսօր Սիրիայում առաջնակարգ դիրքերում է Թուրքիան, սակայն մյուս գերտերությունները նույնպես փորձում են վերականգնել իրենց ներկայությունը Սիրիայում, այդ թվում՝ Ռուսաստանը։ Սակայն Սիրիայի իշխանությունները Մոսկվայից պահանջում են արտահանձնել նախկին նախագահ Ասադին։

Սիրիայում անցումային կառավարություն է ձևավորվում, երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան Սաուդյան Արաբիա այցից հետո պատրաստվում է մեկնել Թուրքիա և հանդիպել նախագահ Էրդողանի հետ։ Հանդիպման օրակարգում կքննարկվի նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի հարցը։

Միջազգայնագետ Գոռ Գևորգյանը, դիտարկելով այսօրվա իրավիճակը Սիրիայում, նախ ի մի է բերում կատարվածը։ Ասադի իշխանության տապալումից հետո չեղարկվեց ռուսական ու իրանական ներկայությունը Սիրայում, և այժմ ամենամեծ գործոնը Սիրիայում վերապահված է Թուրքիային, ըստ նրա, և բնական է Էրդողանի հետ Սիրիայի ժամանակավոր նախագահ Շարաայի հետ հանդիպման ժամանակ քրդական հարցի քննարկումը, քանի որ Սիրիայում քրդական ներկայությունը սպառնալիք է Թուրքիայի համար։

«Էս տարածաշրջանը Թուրքիան հաճախ դիտարկում է Օսմանյան կայսրության մնացորդային ոսպնյակի միջոցով, որի մեջ Սիրիան զբաղեցնում է կարծեք թե առաջին տեղը։ Սա ոչ միայն պայմանավորված է ընդհանուր սահման ունենալու հանգամանքով, այլ նաև Սիրիայի, առհասարակ, աշխարհագրական դիրքով, որը նաև ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար։ Սիրիայի հյուսիս-արևելքում փաստացի նաև կան քրդական բնակավայրեր, այնտեղ տեղավորված են նաև քրդական ֆիդայական զինված ստորաբաժանումներ, որոնք, պայմանական ասած, Թուրքիայի համար միշտ դիտարկվել են որպես սպառնալիք»:

Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ Դամասկոս է ժամանել ռուսական պատվիրակություն և հայտարարում է՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Սիրիայում ընթացող դրական փոփոխություններին։ Սիրիայի անցումային իշխանությունը, սակայն, հստակեցնում է, որ հարաբերությունները վերականգնելու համար հարկ է հաշվի առնել անցյալում թույլ տված, այսպես ասած, սխալները։ Ըստ այդմ Ասադի իշխանությանը սատարած Ռուսաստանը քաղաքացիական պատերազմի ժամանակ կրած վնասների փոխհատուցում պետք է տա, նշվում է Սիրիայի ժամանակավոր իշխանության տարածած հայտարարությունում:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը նկատում է, որ Մոսկվան որոշակի հետաքրքրություններ ունի Սիրիայում, թեև հեռացել է այնտեղից․

«Ռուսաստանի Դաշնության հիմնական խնդիրը այս պահին հարաբերությունների ապահովումն է Սիրիայի նոր իշխանությունների հետ, բացի դրանից, մյուս կարևոր խնդիրը, որը փորձում են լուծել Սիրիայի իշխանությունները, դա Լաթաքիայում և Տարտուսում եղած ռազմական օբյեկտների ներկայության ապահովումն է, և փոխարտգործնախարարի մակարդակով այցելությունը նաև դրան էր միտված, բայց, ինչպես տեսնում ենք, Սիրիան նաև բնականաբար, հաշվի առնելով սիրիական հակամարտության աշխարհաքաղաքական բաղադրիչը, չի բացառվում ՝ Արևմտյան երկրների, նաև տարածաշրջանի երկրների պնդմամբ, փորձ է անում ազատվել ռուսական ներկայությունից երկրի տարածքում, և այդ պատճառով կարծես թե, այս բանակցություններում առաջ է քաշել Ասադի արտահանձնման հարցը»։

Bloomberg-ը սակայն գրում է, որ Ռուսաստանը չի կարողացել պայմանավորվել իր բազաների պահպանման հարցում Սիրիայի ժամանակավոր իշխանությունների հետ։ Արաբագետի դիտարկմամբ՝ Թուրքիան այս պահին փորձում է իր համար կարևոր քրդական հարցը լուծել Սիրիայում․

«Թուրքիան փորձում է սիրիական նոր իշխանությունների շարքում առավելագույնս ներդնել իր ազդեցության տակ գտնվող գործիչների։ Բնականաբար, Թուրքիան այս պահին նման քաղաքականությամբ մի քանի խնդիր է լուծում։ Առաջինը, փորձում է օգտվելով իրավիճակից, առավելագույնս մեծ ազդեցության գոտիներ ձևավորել Սիրիայի տարածքում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Մյուսը անվտանգային խնդիրն է՝ փորձել Սիրիայի իշխանությունների հետ համագործակցությամբ ու միասնական ջանքերով, նաև Արևմուտքի հետ փոխհամաձայնեցնելով՝ լուծել քրդական խնդիրը Սիրիայի հյուսիսում, հակառակ դեպքում դա դառնալու է բավականաչափ լուրջ ոսկոր Թուրքիայի իշխանությունների կոկորդին»։

Բացի այդ, Սիրիայի ժամանակավոր իշխանությունը Արմեն Պետրոսյանի կարծիքով, փորձում է լեգիտիմացնել իր իշխանությունը Սիրիայում և ճանաչելի դարձնել այն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ արդեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի միջամտի սիրիական իրադրությանը, Վաշինգտոնը, ըստ նրա, չպետք է զբաղվի Սիրիայի խնդիրներով և պետք է որոշում ընդունի ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորության վերաբերյալ։

Անցած տարի նշվում էր Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինվորականի առկայության մասին։

Միջազգայանագետ Գոռ Գևորգյանը, սակայն, համոզված է, որ ԱՄՆ փորձում է վերականգնել իր դիրքերը Սիրիայում․

«Ընդհանրապես, մեծ պետությունները կամ գերտերությունները, սովորաբար, նմանատիպ հարցերը նաև փորձում են խաղարկել տարբեր տարածաշրջանային գործոն հանդիսացող պետությունների միջոցով, ինչպես օրինակ, Միացյալ Նահանգները տարբեր ժամանակահատվածներում արել է հենց Թուրքիայի միջոցով, նույնը փորձել է անել նաև Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, և սա ամենևին էլ նորություն չէ, և այս իմաստով, այո, ԱՄՆ կարող է նաև փորձել դա անել մի այլ, իր համար գործոն հանդիսացող պետության միջոցով, տվյալ դեպքում Թուրքիայի, որը նաև ՆԱՏՕ-ի անդամ է և, այսպես ասենք՝ ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ դերակատարություն ունեցող անդամներից մեկն է»։

Իրենց դիրքերը փորձելու են պահպանել նաև Ռուսաստանն ու Իրանը կամ գոնե պահպանել այն, ինչ մնացել է, և այդ ուղղությամբ, ըստ միջազգայնագետի, դիվանագիտական քայլեր են ձեռնարկվում։

Կարդացեք նաև

Back to top button