
Կառավարությունն իր առջև խնդիր է դրել մինչև 2026 թվականը բարձրացնել մեկ ժամում ստեղծվող արտադրողականության արժեքը։ Առաջընթաց կա, բայց դա պատասախանտուների համար բավարար չէ։ Աշխատանքի արդյունավետության բարձրացման համար մի դեպքում առաջարկվում է աշխատաժամանակը կրճատել, մյուս դեպքում՝ ժամանակակից սարք-սարքավորումներ ձեռք բերել։
Կրկնապատկել աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում։ Էկոնոմիկայի նախարարն ընդգծում է՝ 2024 թ. այդ ցուցանիշը հասել է 10,9%-ի, բայց սա չէ իրենց թիրախը․
«Եթե 2021-ին մոտավորապես մեկ ժամի արտադրողականությունը 6 դոլարի սահմաններում էր, հիմա ընդհուպ մոտեցել ենք 10 դոլարին, և մեր թիրախը 12 դոլարն է: Մեզ մնացել է 1.1 դոլար ավելացնել, ու կառավարության ծրագիրը ամբողջությամբ իրականացված կլինի»,-ասում է նախարար Գևորգ Պապոյանը։
Նախատեսվածից արդեն առաջ են՝ արձանագրում է ոլորտի պատասխանատուն․
«Մեր թիրախը հինգ տարում ցուցանիշը կրկնապատկելն էր։ Մի փոքր է մնացել․ մոտ 80 տոկոսով աճել ենք։ Մնացել է մոտ 4-4․5 դոլարը»։

Այն, որ Հայաստանում աշխատանքի արտադրողականության խնդիր կա, արձանագրում է նաև Հայաստանի վարչապետը։ Գուցե Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք մեկ ժամում 6 դոլարը գերազանցող արդյունք են ստեղծում, բայց նրանք շատ չեն։ Հետաքրքրվում է՝ բիզնես ծրագրեր կազմելիս տնտեսվարողները հաշվի առնո՞ւմ են արտադրողականության բաղադրիչը․ ի վերջո, ընկերության ու տնտեսության հաջողությունն ուղիղ գծով կապվում է ստեղծվող արժեքի հետ։ Նիկոլ Փաշինյան․
«Իհարկե, կան ընկերություններ, որոնք կարող են միջոցներ ներդնել ու խորհրդատուներ վարձել»։
Գյուղատնտեսության ոլորտում արդյունավետության բարձրացման գործիքները գտնված են, գոնե տեխնիկայի մասով։ Նախարարը լիզինգի ծրագրերն է կարևորում։ Նշում է՝ դրանք են ավելի արդյունավետ դարձնում աշխատանքը։ Նշում է՝ 2024-ին մեքենաներ ու սարքավորումներ են ձեռք բերել, 6 հազարից ավելի պայմանագիր են կնքել տնտեսվարողների հետ։
Ծրագրերի հիմնական շահառուն՝ 82 տոկոսը, ՓՄՁ-ներն են, 18 մլրդ դրամի սուբսիդավորում է հատկացրել պետությունը։ Ասվածը կոնկրետ օրինակներով է ներկայացնում․
«Լիզիգնգի ծրագրով մեր ընկերությունները մեծ ծավալ ունեցող սառնարանների տարաներ են ձեռք բերել ապրանքը մթերում են, որակը չգցելով՝ դրանք պահպանում են։ Նույն ճզմող սարքերը, որոնք խորհրդային արտադրության էին։ Դրանք ազդում էին որակի վրա, մրցունակության խնդիր կար։ Այժմ, նոր սարքավորումների կիրառման պայմաններում, և՛ մրցունակությունն է բարձրացել, և՛ արտադրողականությունը»։
Մեկ ժամում ստեղծվող աշխատանքի արդյունավետության բարձրացման նորարարական գործիքն, ըստ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի, աշխատաժամանակի կրճատումն է։ Գերատեսչությունն առաջարկում է աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել ու աշխատաժամանակը 8-ից 7 ժամ դարձնել․

«Երկրներ կան, որոնք արդեն իսկ անցել են աշխատաժամանակի փոփոխությանը, և միջազգային փորձը ցույց է տվել, որ աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է աշխատաժամանակի՝ 8 ժամից 7 ժամ դառնալու արդյունքում: Աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու մյուս միջոցը աշխատանքային օրերի կրճատումն է 5-ից 4-ի: Օրինակ՝ «Մայքրոսոֆթը» դարձել է այս քաղաքականության լոբբիստներից մեկը, քանի որ, ըստ էության, արդյունքը ցույց է տվել, որ արտադրողականությունը բարձրանում է նաև մասնավոր ոլորտում»։
Միայն թե այս դեպքում արդեն գործատուների բեռն է դարձյալ ավելանում։ Բարեխիղճ գործատուները ստիպված են լինելու ավելի շատ վճարել արտաժամյա աշխատանքի համար։




