ԿարևորՔաղաքական

Հայաստանի տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»․ Փաշինյան

Հայաստանը համաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը լուծարելուն այն հիմնավորմամբ, որ եթե չկա հակամարտություն, ուրեմն հակամարտության սպասարկմամբ զբաղվող ձևաչափն իմաստ չունի, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Մենք ուզում ենք համոզվել, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումն Ադրբեջանի համար էլ է նույն բանը նշանակում, այլ ոչ թե Ադրբեջանի մղումն այն է՝ լուծարենք համանախագահությունը և նոր կոնֆլիկտ սկսենք Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով»,- ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ եթե ՄԽ համանախագահության ձևաչափը ինչ-որ կերպ խանգարում է Ադրբեջանին նոր հակամարտություն հրահրել, ապա այդ դեպքում արդեն չկա իմաստ լուծարելու խումբը։

«Եթե Ադրբեջանին դա ինչ-որ ձևով խանգարում է, որ նա ինչ-որ կոնֆլիկտ ստեղծի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը։ Եթե դա Ադրբեջանի համար կանաչ լույս է նշանակում Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու ու խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը։ Իսկ կա՞ հիմք, որ կարող է Ադրբեջանը նման մտադրություն ունենալ։ Նման հիմքեր կան։ Եվ դրանցից ամենակարևորը հենց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն է, որը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է»,- հայտարարեց Փաշինյանը։

Իսկ կա՞ արդյոք հիմք մտածելու, որ կարող է Ադրբեջանը նման մտադրություն ունենալ: Փաշինյան խոսքով՝ նման հիմքեր կան:

«Հենց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», այլև համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձևակերպումներ են դրած, որը նշանակում է, որ այդ կազմակերպությունը, ոչ միայն այդ կազմակերպությունը, այլև այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունն առնվազն 60 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։

«Էլի եմ ասում՝ «Արևմտյան Ադրբեջանն» Ադրբեջանի արևմտյան շրջաններն են։ Հայաստանի տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։ Այս բառապաշարի ներքո ցանկացած թեմա Հայաստանի համար քննարկելի չէ»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button