
Ցեղասպանության ժխտումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է, այսօր ասուլիսում հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ցեղասպանության փաստն անքննելի ու անժխտելի է։
«Խնդիրն այն է՝ արդյոք ցեղասպանությունը մեզ չպե՞տք է դրդի անդրադառնալ աշխարհն ընկալելու մեր բանաձևերին։ Մենք իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, էսօր էլ կարո՞ղ է ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին, կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը: Այս հարցը հրատապ է այսօր, այս հարցը հրատապ է եղել դարասկզբին: Ընդ որում՝ ես պատասխան չունեմ: Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, ռեֆլեքսիան շատ կարևոր բան է, որ մենք վերադառնանք, և մեր բանաձևերին նորից անդրադառնանք»,–ասել է նա՝ հավելելով, որ Խրիմյան Հայրիկի ժամանակներից միջազգային հարաբերությունները և աշխարհի մեր ընկալումները չեն փոխվել:
«Ա՛յ սա է այն խնդիրը, որը մեր մեջ է, իմ մեջ էլ է»,– նշել է նա։
Հարցերին պետք է պատասխանել այնպես, որ բանաձևը լուծվի հետևյալ կերպ. «ՀՀ հարատևությունը իր միջազգային ճանաչված տարածքով ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի է և այդպես էլ լինելու է»:




