
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը կարծում է, որ Գազայի հատվածի վերականգնումը կտևի 10-15 տարի։
«Կար ընկալում, որ մենք կարող ենք վստահորեն ավարտել Գազայի ծրագիրը հինգ տարում: Բայց դա անհնար է: Վերականգնման ծրագիրը 10-ից 15 տարի է»,- ասել է Վիտկոֆը Axios-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ «Գազայից գործնականում ոչինչ չի մնացել» և այն «կյանքի համար պիտանի չէ»։
Վիտկոֆը 15 տարվա մեջ առաջին ամերիկացի պաշտոնյան է, որն այցելել է պաղեստինյան անկլավ։ Ըստ Թրամփի հատուկ բանագնացի՝ Մերձավոր Արևելք կատարած այցի ընթացքում նա, ի թիվս այլ բաների, հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի, ինչպես նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, որոնց հետ «համաձայնել է երկխոսություն շարունակել»։
Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 19-ից։




