ԿարևորՀասարակություն

Թունաքիմիկատների օգուտն ու վնասը․ Արմավիրի մեղվաբույծների մտահոգությունը մեղուների գարնանային անկումներն են

Լեռնային ու նախալեռնային շրջաններում կերահանդակների արդյունավետ օգտագործման, կենսաբազմազանության պահպանման նպատակով կառավարությունն անցած տարվանից գործարկում է մեղվաբուծության ծրագիրը: Դրանով փորձում են մեծացնել մեղվաբուծական տնտեսությունների թիվն ու մրցունակությունը, ավելացնել մեղրի ու մեղվաբուծական արտադրանքի ծավալները: Ծրագրով Արմավիրի մարզում առաջարկվում է ձեռք բերել 400 մեղվաընտանիք, սակայն արմավիրցի մեղվաբույծները դժգոհում են մեղուների գարնանային համատարած  անկումից, որի պատճառն առվույտի ադոնիս միջատասպանն է:

Գյուղմթերքի արտադրության ծավալների աճը պայմանավորված է ոչ միայն կլիմայական բարենպաստ պայմաններով, այլև փոշոտումով, որ կատարվում է մեղուների միջոցով: Հայկական դեղին մեղուն սելեկցիայի արդյունքում է ստեղծվել։ Այդ միջատի կնճիթն ավելի երկար է, ուստի կարողանում է նեկտար հավաքել խորը և բարդ կառուցվածք ունեցող ծաղիկեբաժակներից՝ ասում են մեղվաբույծները: Վիճակագրական տվյալներով, Արմավիրի մարզում 2024թ հունվարի 1-ի դրությամբ արտադրվել է 100 տոննա մեղր: Բերքն ավելի շատ կլիներ, եթե մեղուների զգալի անկում չլիներ։ Պատճառը առվույտի միջատասպան թունաքիմիկատն է՝ համոզված են մեղվապահները:

«Բուժանյութ կա, որ սրսկում են, դաշտում բուժում են անում, և օդից մեղուն թունավորվում է: Շատ ուժեղ միջատասպան է»:

 «Լվիճների դեմ առվույտին են բուժումներ անում, մեղուներն անցնում են այդ տարածքով, գալիս ու լրիվ սատկում են»:

Մեղուները հիմնականում անկել են գարնանը՝ բույսերի առաջին բուժման ժամանակ: Առվույտի դաշտերում օգտագործում են ադոնիս միջատասպան թունաքիմիկատը, որը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական թույլատրելի միջոց է և լայնորեն կիրառվում է բուսասանիտարական նպատակով:

Մեղվաբույծներն ադոնիսի հասցրած վնասի մասին ահազանգել են պատկան մարմիններին և խնդրել՝ չթույլատրել վաճառքը: Արմավիրցի մեղվաբույծները, որքան էլ մտահոգված են մեղվաընտանիքների պահպանմամբ, գարնան առաջին ամիսներին ստիպված են մեղվափեթակները պահել իրենց բնակավայրերում: Լուկաշին գյուղի վարչական ղեկավար Գևորգ Զեյնալանն ասում է, որ իրենց գյուղում շուրջ 8 ընտանիք զբաղվում է մեղվապահությամբ, որոնց մեղվաընտանիքները նույնպես տուժել են այդ թունաքիմիկատից .

 «Սրսկում են առվույտներին՝ թրթուրների դեմ, բայց դա էլ այնպիսի սեզոն է, որ մեղուներին չեն կարող տեղափոխել Շիրակի մարզ կամ սարեր, որովհետև այնտեղ ցուրտ է: Մինչև տեղափոխելը մեղուների մեծ մասն արդեն սատկում է:

Իմ հորեղբոր փեթակների գրեթե կեսից ավելին հանգել էր: Գնացել, նորից մեղուների ձագեր է բերել, բազմացրել, որ կարողանա մեղուներ պահի, չվերացնի»:       

Արմավիրի մարզում այս խնդիրն արդիական է: Նորավանի վարչական ղեկավար Արթուր Միքայելյան.

«Ադոնիսը մեղուներին լրիվ վերացնում է: Իսկ ինչու՞ չեն արգելում վաճառքը, երբ մյուս պետություններում արգելված է դրա օգտագործումը: Արմավիրի մարզում արդեն 2 տարի մեղուները վերանում են»: 

Եղանակները տաքանալուն պես արմավիրցի մեղվաբույծները փեթակները տեղափոխում են համեմատաբար մոտ տարածքներ՝ Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի դաշտեր: Մեղվաբույծ Գևորգ Պողոսյանը նկատել է, որ Լուսակնում և մոտակա գյուղերի առվույտի դաշտերում գարնանը թունաքիմիկատներ սկսել են քիչ օգտագործել և գտել են առվույտի թրթուրների դեմ պայքարի այլ միջոց՝ հրաժարվում են առաջին հնձից:

«Հիմնականում առվույտի առաջին բերանը թրթուրներով կերցնում են անասուններին, իսկ երկրորդ բերանն արդեն առողջ է լինում: Բուժանյութերի վրա ավելորդ ծախսեր չեն անում։ Այսինքն, անասուններին մտցնում են առվույտի մեջ, կերակրում, երկրոդին թրթուր էլ չի լինում: Բույսն արագ է աճում, թրթուրը չի հասցնում աշխատել»:

Բացի դա մեղուներն անկում են նաև ծառերի բուժումից: Մեղվաբույծներն աշխատում են մեղվաընտանիքները պահել բաց դաշտերում, վայրի բնության մեջ:

«Ծառերի ծաղիկները, երբ թափվում են, սկսում են բուժումները: Մեր շրջապատի տնամերձ հողամասերում ծառեր շատ կան, և ինչ դեղեր ասես՝ սրսկում են, իսկ մեղուն դրանից կոտորվում է: Գարնանը մեղվանոցի դեմը մեղուները կարծես մաղված, թափված լինեն»:

Վիճակագրական տվյալներով անցած տարվա հունվարի մեկի դրությամբ Արմավիրում հաշվարկվել էր 7061 մեղվաընտանիք: Մեղվաբուծությունը զարգացնելու համար կառավարությունն առաջարկում է ձեռք բերել մեղվաընտանիքներ՝ փոխհատուցելով դրանց արժեքի 50 տոկոսը: Մեկ մեղվափեթակի միջին արժեքը 80 հազար դրամ է՝ ասում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության բաժնի մասնագետ Մուշեղ Ղազարյանը.

«Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով շահառուներին առաջարկվում է գնել մեղվաընտանիքներ՝մեղվափեթակների հետ միասին, 8-12 շրջանակով և ստանալ 50 տոկոս փոխհատուցում: Մեկ շահառուն նվազագույնը կարող է գնել 10, առավելագույնը՝ 50 մեղվաընտանիք: Մեկ մեղվաընտանիքի համար կփոխանցվի 40 հազար դրամ»:

Մեղուները պահպանում են հայկական լեռնաշխարհի կենսաբազմազանությունն ու նպաստում գյուղատնտեսական մշակովի ու վայրի արժեքավոր բույսերի փոշոտմանը: Ծրագրով նախատեսվում է խթանել բնական կերահանդակների այլընտրանքային օգտագործումը, ավելացնել մեղրի ու մեղվաբուծական արտադրանքի ծավալները, ինչպես նաև բարձրացնել մեղվաբուծական տնտեսությունների մրցունակությունը: Ծրագրից օգտվելու նախապայմանը հետևյալն է.

«Շահառուն պետք է հանդիսանա անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն, ինչպես նաև, մեղվափեթակներն ումից գնում են, տվյալ անձը նույնպես պետք է լինի անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, և կրկին ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն: Մեղվաընտանիքները պարտադիր պետք է լինեն տվյալ տարվա սերնդից, համայնքային անասնաբույժի կողմից ունենան տեղեկանք՝ մեղվաընտանիքների պատշաճ բուժումների վերաբերյալ»:

Ծրագրով նախապատվությունը տրվում է երիտասարդ ընտանիքներին՝ ամուսինների տարիքային հանրագումարը 70-ից բարձր չպետք է լինի, սոցիալական աջակցություն ստացող ընտանիքներին, զինվորական ծառայության պարտականությունների ժամանակ, մարտական հերթապահության կամ գործողությունների արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին: Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել 10 հազար մեղվաընտանիք, որից ՝ 400 Արմավիրի մարզում:

Կարդացեք նաև

Back to top button