ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչո՞ւ է տեղափոխվում Կուրիս գյուղի 17-րդ դարի Սբ. Սարգիս եկեղեցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև համագործակցության հուշագիր է կնքվել՝ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի 17-րդ դարի Սբ. Սարգիս եկեղեցին Ագարակ քաղաք տեղափոխելու և վերականգնելու մասին։

Տարիներ առաջ այս եկեղեցու տեղափոխման հարցը դարձյալ օրակարգում էր, և այն ժամանակ եզրակացություն էր տրվել, ըստ որի հանքի բաց շահագործման արդյունքում խախտվել է եկեղեցու պահպանական գոտու ռեժիմը, վնասվել է տարածքի շուրջ 60 տոկոսը։

«Եկեղեցին օդի մեջ է ու այն վաղուց այլևս չի գործում»,-«Ռադիոլուրին» ասում է Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։ Խոսքը Սյունիքի մարզի Կուրիս գյուղի 17-րդ դարի Սբ. Սարգիս եկեղեցու մասին է։ Օրեր առաջ ԿԳՄՍ նախարարությունը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցության հուշագիր կնքեց, ըստ որի եկեղեցին պետք է տեղափոխվի Ագարակ քաղաք։ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ ինչ ասել է եկեղեցին տեղափոխել։

«Այդ եկեղեցին գտնվում է հանքավայրի մեջ, եկեղեցու 4 կողմը ամբողջությամբ փորված է, ու ինքը մնացել է կղզու պես վերևում։ Վտանգավոր տեղանքում է ու այն վերականգնել կամ շահագործել հնարավոր չի»։

Տարիներ առաջ այս եկեղեցու տեղափոխման հարցը դարձյալ օրակարգում էր ու այն ժամանակ եզրակացություն էր տրվել, ըստ որի ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները տեղում ուսումնասիրել էին եկեղեցին և նրա պահպանական գոտու տեխնիկական վիճակը:

Ուսումնասիրության արդյունքում փաստվել է, որ դեռևս խորհրդային տարիներին հանքի բաց շահագործման հետևանքով, խախտվել է պահպանական գոտու ռեժիմը, վնասվել է տարածքի շուրջ 60 տոկոսը, իսկ եկեղեցին հայտնվել է մոտ 12 մետր բարձրություն ունեցող զառիթափ լանջի եզրից 2.5-3.0 մետր հեռավորության վրա: Բացի նշվածից, հանքի շահագործման հետևանքով պահպանվածության առումով անհամեմատ վատացել է հուշարձանի տեխնիկական վիճակը:

Ըստ այդ ուսումնասիրության, հանքավայրի սեփականաշնորհումից հետո այդ հատվածում հանքարդյունաբերական աշխատանքներ չեն իրականացվել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և նկատի ունենալով մասնագետների կարծիքը հուշարձանի հետագա պահպանության վերաբերյալ, առաջարկվել է Սբ. Սարգիս եկեղեցին տեղափոխել Ագարակ քաղաք:

Այս եզրակացությունը տրվել է դեռևս 2012 թ-ին։ Ինչ-որ պահից սկսած գործընթացը, սակայն, կանգ է առել։ Այժմ նախարարությունը ցանկանում է ավարտին հասցնել այն։ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանն ասում է, որ հուշագիրը կնքելուց հետո պղնձամոլիբդենային կոմբինատը վերականգնող ճարտարապետների կազմած գիտանախագծային փաստաթղթեր է ներկայացնելու։ Դրանք քննարկվելու են նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում։ Եվ եթե նախագիծը դրական եզրակացություն ստանա, ապա հաջորդ քայլով կառավարությունը պետք է որոշի հուշարձանը տեղափոխե՞լ՝ թե՞ ոչ։

«Սա այն դեպքն է, երբ հուշարձանը ուղղակի հանքարդյունաբերության արդյունքում կարող է ընդհանրապես չլինել»։

Իսկ ո՞ր դեպքում են հուշարձանները տեղափոխում։ Օրենքի համաձայն՝ դա կատարվում է բացառիկ դեպքերում, երբ զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացում է տեղի ունենում, ասենք՝ փլուզումներ։

«Կարծում եմ՝ Մայր Աթոռը հուշարձանի փրկման նպատակով իր կարծիքը չի փոխի։ Մասնագետները քար առ քար ֆիքսելու են, համարակալելու են, որպեսզի նույն ձևով տեղափոխեն։ Իսկ որտեղ, որ տեղափոխում են, կենտրոնական տեղ է, և եկեղեցու ուխտավորների համար շատ ավելի հարմար կլինի։ Եվ վերջապես, այս ամեն ինչը, որ ի մի բերվի, կարծում եմ՝ եկեղեցին փրկած կլինենք տեխնածին վտանգներից»,-ասում է ԿԳՄՍ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը։

Դեռ 2012 թ-ին տրված եզրակացությանը  համակարծիք են եղել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի մասնագետները։

Կարդացեք նաև

Back to top button