ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արմավիրի մանկապարտեզներում ներառականության լիարժեք պայմաններ չկան

Նախորդ տարվանից Արմավիր համայնքի Արաքս, Այգեվան և Սարդարապատ  գյուղերում կրկին վերաբացվել են մանկապարտեզներ։ Դրանցից երկուսը խորհրդային տարիներից ի վեր չեն աշխատել: Արաքսի երկհարկանի նախադպրոցական հաստատությունը վերակառուցվել է սուբվենցիոն ծարգրով, իսկ Այգեվանում պետական միջոցներով կառուցվել է մոդուլային նոր մանկապարտեզ:

Արմավիր համայնքի 10 գյուղերից 5-ում մանկապարտեզներ չկան, իսկ Արմավիր քաղաքում  4 մանկապարտեզ չի գործում: Երկուսը հիմնանորոգվում են, մեկը վթարային լինելու պատճառով արդեն 4 տարի չի գործում, մյուսում սպասվում է հիմնանորոգում: Արմավիր համայնքի 2025թ բյուջեով ծախսեր չեն նախատեսվել թիվ 11 ու թիվ 5 մանկապարտեզների համար:  Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն է մանրամասնում.

«Արմավիրի թիվ 11 և թիվ 6 մանկապարտեզներում շենքային  բավարար պայմաններ չկան աշխատանքային գործունեության համար: Մենք այս պահին սկսել ենք 11-րդ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Շինարարությունն արդեն մեկնարկել է, և ունենք համալիր փորձաքննության անցած թիվ 6 մանկապարտեզի նախագիծ: Շուտով կհայտարարվի մանկապարտեզի կառուցման մրցույթ»:

35 տարվա ընդմիջումից հետո Արաքս և Այգեվան գյուղերում կրկին վերաբացվել են մանկապարտեզները: Արմավիր համայնքի ավագանու անդամ Սուսաննա Մատինյանը շրջել է նոր կառուցված շենքերում, նկատած խնդիրները բարձրացրել ավագանու նիստում:

«Քանի որ մենք խոսում ենք  համընդհանուր ներառականության մասին և մանկապարտեզի մեթոդիստը չկարողանալով մեկնաբանել համընդհանուր ներառականությունը, կամ ներառականությանը վերաբերող այլ գործիքակազմերի ներդրումը, սա, կարծում եմ, մասնագիտական շատ լուրջ վրիպակ է»:

Բացթողումները լրացնելու նպատակով ավագանու անդամը հետաքրքրվել է՝ մանկապարտեզների աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ ինչ ծրագրեր կան: Մեկնաբանում է Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը.

«Նորաբաց մանկապարտեզ ընդուված բոլոր աշխատակիցները համապատասխանում են այդ պաշտոններին: Նրանք ուղիղ մեկ ամիս այցելել են մեր համայնքի փորձ ունեցող տարբեր մանկապարտեզներ: Այն մանկապարտեզների աշխատողները, որտեղ ժամանակավորապես աշխատանքները դադարեցվել են և գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, ժամանակ առ ժամանակ պետք է գնան նորաբաց մանկապարտեզներ, աշխատեն դաստիարակների, դաստիարակի օգնականների, մեթոդիստի, տնօրենի հետ և կիսվեն իրենց փորձով»:

Միայն  մասնագիտական որակավորումը բավարար չէ մանկապարտեզներում աշխատանքի ընդունվելու համար՝ նկատում է Սուսաննա Մատինյանը և հետաքրքվում՝ ինչ չափորոշիչով  է  գնահատվում աշխատանքի արդյունավետությունը: Մշակված չափորոշիչներ չկան, սակայն Արմավիրի համայնքապետը նշում է, որ աշխատանքի ընդունելիս ուշադրություն են դարձնում մի շարք հանգամանների վրա.

«Մենք այս պահին ունենք մոտավորապես 300 ինքնակենսագրական դիմումներ, բայց դրանցից  ամեն մանկապարտեզում 5 կամ 6-ն են ընդունվում աշխատանքի: Վստահեցնում եմ, որ աշխատանքի ընդունելու գործընթացը մատների արանքով կամ ծանոթ-բարեկամ սկզբունքով չի իրականացվում: Այսինքն՝ անձամբ ես եմ նրանց հետ հարցազրույց իրականացնում: Ոչ թե չափորոշիչ կամ կարգ է մեր կողմից ընդունված, այլ դա ինձ համար սկզբունքային հարց է: Մենք  չենք հիմնվում միայն դիպլոմների վրա, այդ աշխատակիցներին ուղարկում ենք նաև դասընթացների»:

Վերապատրաստման համար համայնքի բյուջեով գումարներ չեն նախատեսվել, բացը լրացնում են այլ միջոցներով: Արմավիրի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Աֆրիկյանը վստահեցնում է՝ամեն տարի կրթության ոլորտի աշխատողների 1/5-ը մասնակցում է վերապատրաստման դասընթացներին:

«Դրան գումարվում են ԿԶՆԱԿ-ի («Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ) կողմից նոր չափորոշիչների ներդրման հետ կապված վերապատրաստումները, ըստ որի՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով Արմավիրի թիվ 8 մանկապարտեզը ճանաչվել է մենթոր մանկապարտեզ։ Վերապատրաստման դասընթացը հիմնականում հեռավար է, այն շարունակական է լինելու: Նաև 4 մանկապարտեզում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության որոշակի ծրագրեր են իրականացվել: Մասնակցել են նաև «Քայլ առ քայլ» հիմնադրամի վերապատրաստման դասընթացներին»:

Սուսաննա Մատինյանը մինչ այժմ մշտադիտարկել է 3 մանկապարտեզ՝ մեկը նորակառույց, մյուսը՝ հիմնանորոգված, 3-րդը՝ չվերանորոգված: Արձանագրել է՝ համընդհանուր ներառականության սկզբունքին համապատասխանում են Այգեվանի նորակառույց մոդուլային մանկապարտեզի շենքային պայմանները:

«Մոդուլային մանկապարտեզում աստիճաններ չկա, որը հեշտացնում է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձի ներառումը մանկապարտեզ, իսկ Արաքսի մանկապարտեզում կան աստիճաններ և հենաշարժողական խնդիր ունեցող երեխաների համար այլընտրանքային մեթոդներ են նախատեսվել. ծառայությունն իրականացվում է առաջին հարկում»:

Արաքս համայնքի մանկապարտեզի մուտքերում կան թեքահարթակներ, իսկ ներսում տեղաշարժման դժվարություններ կան: Արմավիր համայնքի ընդհանուր գործող 13 մանկապարտեզներից միայն 5-ում է գործում բազմամասնագիտական թիմ՝ հոգեբան ու լոգոպեդ: Խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատում է ոչ միայն հատուկ մանկավարժն ու հոգեբանը, այլ Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները:

Կարդացեք նաև

Back to top button