ԿարևորՀասարակություն

Հայաստանի արդյունքները մաթեմատիկայից բարելավված են․ TIMSS 2023 հետազոտության տվյալները՝ բարեփոխման ցուցիչ

Գնահատման և թեստավորման կենտրոնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ քննարկվել են TIMSS 2023 հետազոտությունում Հայաստանի մասնակցության տվյալները։

«TIMSS հետազոտության մեջ ՀՀ դպրոցների, աշակերտների, ուսուցիչների մասին բավականին շատ տվյալներ են հավաքված, և չափազանց կարևոր է դրանց հետագա կիրառության արդյունավետությունը։ Հետազոտության տվյալները օգտակար են որոշումների կայացման և քաղաքականության մշակման համար, քանի որ մի կողմից օգնում են ավելի լավ պատկերացնել իրավիճակը, մյուս կողմից՝ տալիս են հնարավորություն՝ դրանք կիրառելու կրթության որակի բարելավմանն ուղղված մեր աշխատանքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տարի մեր երկիրը մասնակցելու է նաև Pisaa հետազոտությանը, որը նոր տվյալների հավաքագրման ճանապարհ է։

TIMSS-ը կրթական արդյունքների չափման միջազգային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս մասնակից երկրին հասկանալու կրթական համակարգի ներկա վիճակը, համեմատելու հաջողություններն այլ երկրների հետ, բացահայտելու առկա խնդիրները։ Հետազոտությունն անցկացվում է 4-րդ և 8-րդ դասարանցիների համար մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից՝ քառամյա պարբերականությամբ․ մեկ հետազոտությունը տևում է 4 տարի։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը մասնակցել է TIMSS-ի 6 հետազոտությունների։ Մեր երկրի մասնակցությունն իրականացվում է միայն 4-րդ դասարանցիների համար։

«Հայաստանի արդյունքների միտումները մաթեմատիկայից բավականին բարելավված են․ միջազգային միջին 502-ից մեր դպրոցականներն ապահովել են  513 միավոր։ Հատկանշական է, որ աղջիկների ու տղաների տվյալները գրեթե հավասար են։ Բնագիտական առարկաների ցուցանիշները դեռ զիջում են․ միջազգային միջինը 494 է, մեր երկրի տվյալը՝ 457»,- ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ նշել է ԳԹԿ փոխտնօրեն, TIMSS հետազոտության ազգային համակարգող Արսեն Բաղդասարյանը։

TIMSS հետազոտություններում, ըստ Արսեն Բաղդասարյանի, կիրառվում է նաև չորս հարցաշար՝ ուսուցիչների, աշակերտների, տնօրենների և ծնողների համար։ Աշակերտներին վերաբերող հարցաշարերը վերաբերում են երեխայի՝ դպրոցում ինտեգրմանը, բուլինգի դեպքերին, մաթեմատիկայի նկատմամբ վերաբերմունքին և անվտանգությանն ու կարգապահությանը։

Անդրադառնալով TIMSS 2023 հետազոտությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բնագիտական առարկաների ուսուցման և դասավանդման խնդիրները հասկանալու համար առանձին ուսումնասիրություն է անհրաժեշտ.

«Բնագիտական առարկաները պետք է առանձնակի ուսումնասիրվեն՝ հասկանալու՝ ինչ խնդիրներ ունենք, որոնք հնարավոր է լուծել Հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում՝ հարցը դիտարկելով նաև մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից։ Տվյալների վերլուծության արդյունքում պետք է հստակ առաջարկներ ներկայացվեն»,-ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ մաթեմատիկայի դեպքում պետք է ուշադրության կենտրոնում պահել գիտելիքի և դրա կիրառականության համամասնությունը, որպեսզի տարրականից միջին օղակ անցման ընթացքում խզում չառաջանա։

Հանդիպման ավարտին որոշվել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների ընդգրկմամբ աշխատանքային խումբ ձևավորել, որը կվերլուծի TIMSS 2023-ի արդյունքները՝ ըստ այդմ առանձնացնելով նախատեսվող անելիքների ցանկ: Նախարարը հանձնարարել է, որ հաշվի առնելով առաջնահերթությունն ու առկա ռեսուրսները՝ քարտեզագրել հաջորդական քայլերը և ներկայացնել առաջարկներ՝ կրթական ոլորտում բարելավման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Առաջարկվել է նաև քննարկել TIMSS հետազոտություններում 8-րդ դասարանի մասնակցության հարցը։

Քննարկմանը անդրադարձ է եղել նաև PISA 2025 միջազգային հետազոտությանը ՀՀ  մասնակցությանը հարցը:

Կարդացեք նաև

Back to top button