
Coca-Cola-ն հայտարարել է եվրոպական որոշ երկրներում իր ըմպելիքները հետ կանչելու մասին դրանցում հայտնաբերված քիմիական քլորատի «բարձր մակարդակ»-ի պատճառով:
Ընկերությունն իր արտադրանքը հետ է կանչել Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների դարակաշարերից:
Ընկերությունը մանրամասնել է, որ այս խմբաքանակից հինգ ապրանքանիշ է առաքվել Մեծ Բրիտանիա անցյալ տարեվերջին, և բոլորն արդեն սպառվել են։
Քլորատը կարող է առաջանալ, երբ քլորի վրա հիմնված ախտահանիչներն օգտագործվում են ջրի մաքրման և սննդի արդյունաբերության մեջ:
«Անկախ փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ սպառողների համար ռիսկը շատ փոքր է»,- BBC-ին ասել է ընկերության ներկայացուցիչը:
Coca-Cola-ն հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք չի ստացել բրիտանացի սպառողներից և կշարունակի համագործակցել Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ այդ հարցով:
Քլորատի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա և հանգեցնել վահանաձև գեղձի խնդիրների, հատկապես երեխաների և նորածինների մոտ:
Քլորի բարձր մակարդակ պարունակող մթերքների օգտագործումը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, փորլուծություն և արյան թթվածին կլանելու ունակության նվազում, ավելացրել է փորձագետը՝ վկայակոչելով քիմիական նյութի վերաբերյալ վերջին հետազոտությունները:
Բելգիայի Գենտ քաղաքում գտնվող ընկերության արտադրական հաստատությունում սովորական փորձարկումների ժամանակ հայտնաբերվել է քլորատի բարձր մակարդակ, ասել է ընկերության անանուն պաշտոնյան, որը մեջբերում է AFP-ն:
Չվաճառված ապրանքների մեծ մասը հանվել է դարակներից, իսկ ընկերությունը ներկայումս հետ է կանչում մնացածը, հաղորդում է AFP-ն:




