
Բելառուսում կայացած նախագահական ընտրություններն անակնկալ արդյունք չեն գրանցել․ ավելի քան 30 տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է 7-րդ անգամ և ստացել ձայների 86.8 տոկոսը: Բելառուսում կայացած ընտրություններն արդեն քննադատել են Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ բարձրաստիճան դիվանագետները։ Հայկական իրականությունում Լուկաշենկոն քննարկման առարկա է ոչ միայն ընտրությունների, այլև նախօրեին արած հայտարարությունների պատճառով։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Բելառուսում կայացած ընտրությունները «կեղծիք» է որակել, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը նշել է, որ «Լուկաշենկոն իրեն վերանշանակում է ևս մեկ կեղծ ընտրություններում»։
Վերջինն ու ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարտա Կոսը համատեղ հայտարարությամբ արձանագրել են, որ հունվարի 26-ի ընտրությունները «ոչ ազատ են, ոչ արդար»։

Կայա Կալասը X-ում քննադատել է 70-ամյա Լուկաշենկոյին, իր ձևակերպմամբ «30 տարի իշխանությունից կառչած լինելու համար»։ Նրա ձևակերպմամբ՝ Բելառուսի նախագահի պաշտոնում 7 անգամ վերընտրվելը բացահայտ վիրավորանք է ժողովրդավարության նկատմամբ:
«Բելառուսում մարդու իրավունքների անխիղճ ճնշումը, քաղաքական մասնակցության սահմանափակումը և անկախ լրատվամիջոցների հասանելիությունը զրկել են ընտրական գործընթացը ցանկացած լեգիտիմությունից»,-գրել է Կալլասը։
Բրյուսելն ընդգծել է, որ կշարունակի սահմանափակումներ կիրառել բելառուսական ռեժիմի նկատմամբ՝ «միաժամանակ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակությանը, բելառուսական աքսորում գտնվող ժողովրդավարական ուժերին»։
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նկատել է՝ Բելառուսի ժողովուրդը «ընտրություն չուներ», և հունվարի 26-ը «դառը օր էր» բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են Բելառուսում ազատության և ժողովրդավարության:
«Ազատ և արդար ընտրությունների, առանց վախի և կամայականության կյանքի փոխարեն նրանք ամեն օր բախվում են բռնաճնշումների և մարդու իրավունքների ոտնահարման»,-X-ում գրել է Գերմանիայի արտգործնախարարը։

Մինչ Արևմուտքը քննադատում է, Բելառուսի նախագահը հայտարարում է, որ իրեն չի հետաքրքրում Բրյուսելի կարծիքը։
«Եվրամիությունում ճանաչո՞ւմ են այս ընտրությունները, թե՞ ոչ, դա ճաշակի հարց է։ Ինձ համար գլխավորն այն է, որ Բելառուսի բնակիչները ճանաչեն այս ընտրությունները»։
Հունվարի 26-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին մասնակցում էր հինգ թեկնածու, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 1994 թվականից զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը։ Ըստ վերլուծական շրջանակների՝ չորս թեկնածուներից երեքն աջակցում էին գործող իշխանությանը, իսկ չորրորդը՝ Աննա Կանոպացկայան, ներկայանում էր որպես իշխանության անարյուն, քաղաքակիրթ, ժողովրդավարական փոխանցման կողմնակից:
Արևմուտքի սուր քննադատությանն արժանացած Բելառուսի նախագահն ընտրություններին զուգահեռ անդրադարձել էր նաև 2020-ի պատերազմին ու Հայաստանի իշխանությունների քայլերին։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան հարթակում ուշադրություն է հրավիրել փաստին, որ Լուկաշենկոյի հայտարարությունները ժամանակագրական որոշակի օրինաչափություն ունեն։
«Ակնառու է, որ Լուկաշենկոն մեզանում այնքան վարկաբեկված և հակակրանք առաջացնող կերպար է, անգամ այսպես ասենք «ոչ հակառուսական» տրամաբանության դաշտի զգալի մասում, որ նրա հայտարարությունները Փաշինյանի հասցեին ուղղակի, թե անուղղակի ունեն ավելի շատ հենց հակառակ էֆեկտ:
Բայց կա հետաքրքիր մի «օրինաչափություն»՝ նրա հայտարարությունները Փաշինյանի հասցեին, «ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք «ճիշտ ժամանակին»», ինչպես կասեր դասականը»:
Քաղաքագետ Արմեն Վարդանյանն էլ հիշեցնում է 44-օրյա պատերազմից առաջ Լուկաշենկոյի արած հայտարարությունները։

«Լուկաշենկոն վաղուց ստանձնել է Ռուսաստանի ոչ պաշտոնական խոսափողի դերը։ Շատ հաճախ Կրեմլը նրա շուրթերով ասում է այն, ինչն ինքը նպատակահարմար չի գտնում։ Ընդ որում՝ նաև նախկինում նա ստանձնել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանագնացի դերը։ Հիշում ենք, որ մինչև 44-օրյա պատերազմը նա մի քանի անգամ տարբեր առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի ղեկավարությանը, և բնականաբար, այդ նախաձեռնությունները եկել են Բաքվից և ինքն էլ Ադրբեջան այցերից մեկի ժամանակ հայտնեց, որ այդպիսի նախաձեռնություն է ցուցաբերել, որպեսզի, իր խոսքով, «Ադրբեջանի գրաված տարածքները» հետ վերադարձվի»։
Լուկաշենկոյի վերջին դիտարկումների հիմքում, փորձագետի համոզմամբ, ՀԱՊԿ անդամ երկրի անհանգստությունն է Հայաստանի եվրաինտերգրման առնչությամբ։
«Իհարկե, Հայաստանը, ակնհայտ է, որ որոշակի ռիսկերի և վտանգի առաջ է կանգնած։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի համակերպվելու Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հետ, թեկուզև դրանք կտրուկ չեն, դրանք քայլ առ քայլ են իրականացնում, բայց ակնհայտ է, որ դա այդքան էլ դուր չի գալիս Ռուսաստանին, և նա տարբեր կերպով սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին։ Ի՞նչն է ուշագրավ, որ նույնիսկ Փաշինյանի իշխանության չսիրողները այս հարցում իրենք էլ քննադատում են Լուկաշենկոյին»։
Հայաստանը, ըստ քաղաքագետի, պետք է փորձի մեղմացնել առկա ռիսկերն ու շարունակի ընթանալ որդեգրած ճանապարհով։




