
Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է արտաքսված ներգաղթյալների հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած բոլոր պայմաններին, հայտնել է Սպիտակ տունը։
Նշվում է, որ պաշտոնյաների համար վիզային սահմանափակումները և Կոլումբիայի քաղաքացիների և այդ երկրի բեռների նկատմամբ սահմանային հսկողության ուժեղացումը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի ընդունել հայրենադարձ ներգաղթյալների առաջին խմբին: Իսկ առևտրային տուրքերի և պատժամիջոցների մասին նախագիծը կստորագրվի, եթե Կոլումբիայի իշխանությունները չկատարեն միգրանտների ընդունման մասին համաձայնագրի պայմանները։
Կիրակի օրը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն արգելել էր կոլումբիացի ներգաղթյալներին տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռների վայրէջքը երկրում։ Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել էր, որ Կոլումբիայի նկատմամբ վիզային և ֆինանսական պատժամիջոցներ, ինչպես նաև կոլումբիական ապրանքների համար 25% առևտրային մաքսատուրքեր կսահմանվեն։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ մեկ շաբաթից մաքսատուրքերը կավելանան մինչև 50 տոկոս՝ հավելելով, որ սա «միայն սկիզբն է»։
Թրամփը բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման և անօրինական ներգաղթյալների հարկադիր արտաքսման օգտին:
Պետրոյի վարչակազմը հայտնել է, որ Կոլումբիան ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ հայրենակիցների արտաքսման հարցով և նախագահական ինքնաթիռ է պատրաստում նրանց վերադարձի համար։




