
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է Շվեյցարիայի հայերի հետ։ Հանդիպումից հրապարակված մի հատվածում զրույցը Սփյուռքի խնդիրների, եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների, իրական Հայաստանի հայեցակարգի մասին է։
Ըստ վարչապետի՝ քննարկել են նաև անվտանգային և արտաքին քաղաքական հարցերը, բայց քանի որ զրույցը շատ բաց է ընթացել, քննարկման այդ հատվածը չի հրապարակվել։
Հայ կմնա նա, ով Հայաստանի Հանրապետությունը կհամարի իր հայրենիքը՝ Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ազգությունն ու քաղաքացիությունը փոխկապակցված են, ու հենց այդ կապն է որոշում Սփյուռքի սահմանները։
«Իմ կարծիքով, միջնաժամկետում և երկարաժամկետում ազգությունն ու քաղաքացիությունն ավելի շատ են իրար հետ կապվելու։ Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա ու միշտ եղել է, քան՝ ՀՀ-ից։ Սփյուռքից արտագաղթն այն է, երբ որ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, հայերեն չի կարդում, հայերեն ավանդույթով չի ապրում, դա արտագաղթ է, և մի իքս պահի, թեկուզ ազգանունը պահպանվում է, բայց ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ, դա արտագաղթն է։ ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա Սփյուռքից»։
Յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է ստանձնի հայկականությունը պահելու գործը՝ կարծում է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եթե 50 տարի առաջ Սփյուռքի 90 տոկոսն այս կամ այն կերպ կապված էր ազգային կազմակերպություններից որևէ մեկի հետ՝ կուսակցություններ, Հայ բարեգործական ընդհանուր միություն կամ Հայ առաքելական եկեղեցի, ապա այսօր պատկերը փոխվել է։ Փաշինյանի ձևակերպմամբ՝ այսօր Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա, քան Հայաստանից։

«Այսօր Սփյուռքի 90 տոկոսն այդ կազմակերպություններից որևէ մեկի հետ կապված չէ: Ես հետազոտություն չեմ արել, կարող է լինել 80 տոկոսը: Բայց մոտավոր պատկերացումը սա է: Մենք այսօր սփյուռքը կորցնում ենք: Եվ սփյուռքը փրկելու միակ տարբերակը Հայաստանի Հանրապետությունն է և մարդու ասոցացումը Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես հայրենիքի, հակառակ դեպքում՝ մենք Սփյուռք չենք ունենա»։
Սփյուռքահայերին մտահոգում են պետություն-եկեղեցի փոխհարաբերությունները։ Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների դիտարկմամբ՝ առանց այս երկու ինստիտուտների համագործակցության հնարավոր չէ երաշխավորել ամուր ու անվտանգային պետության գոյությունը։ Վարչապետի ձևակերպմամբ՝ չնայած մի շարք նրբություններին՝ այդ փոխհարաբերություններն այնպիսինն են, ինչպիսին պետք է լինեն․ պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերին, եկեղեցին էլ՝ պետության։
«2018-ից, երբ որ հեղափոխություն է եղել, շատերն ինձնից պահանջում էին, ասում էին ՀՀ-ում պետք է Հայ Առաքելական Եկեղեցին ունենա նոր Կաթողիկոս։ Հրապարակային էլ եմ ասել, ասել եմ՝ ժողովուրդ, կառավարության ինչ գործն է՝ Կաթողիկոսը ով պետք է լինի, որովհետև Կաթողիկոսը նախ Ամենայն Հայոց Կաթողիկոս է, իմ ինչ գործն է։ Իմ կարծիքով եկեղեցին պետք է լինի թափանցիկ։ Մենք պետությունում ունենք այդ օրենքը, երբ որ ինչ-որ բան ես վաճառում պետք է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է։ Հարց է, իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի պետք է չտաս ՀԴՄ կտրոն»։
Իրական Հայաստանի հայեցակարգի հիմքում, ըստ Փաշինյանի, հայրենիք հասկացությանը հստակ սահմանում տալու ցանկությունն է: 3-րդ հանրապետության պատմության ընթացքում բազմիցս հնչել է «պետք է առաջնորդվել ազգային կամ պետական շահով» խոսույթը, սակայն ոչ ոք չի պարզաբանել, թե ինչ է դա իրենից ենթադրում

«Պատերազմից հետո առերեսվել եմ այն իրականության հետ, երբ մենք հայրենիք ասելով տարբեր բաներ ենք հասկանում։ Սա մեզ համար ֆենոմենալ երևույթ է. և՛ հանրության, և՛ քաղաքական շրջանակներում, և՛ քաղաքական դիսկուսի և՛ ծրագրերի մեջ հայրենիք ասվածը մեզ համար տարբեր ձևեր և չափեր ունի։ Իմ ընկալումն այն է եղել, որ այստեղ մենք ունենք հիմնարար խնդիր, և շատ դեպքերում սա է պատճառը, որ մենք չենք կարողանում կոնկրետանալ պետության կայացման օրակարգի վրա, որովհետև չենք արձանագրում՝ ո՞րն է այդ պետությունը, ի՞նչ պարամետրեր ունի այն։ Այստեղից է ծնվել իրական Հայաստանի հայեցակարգը»։
Փաշինյանը դարձյալ ընդգծել է՝ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է իր իրական սահմաններով։




