ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Կանաչ լույս»՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին․ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրաքվե»-ի նախագծին

ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովում քննարկվել է «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» «Եվրաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը։

Առաջին դեպքն է, երբ հանրությունն օգտվել է Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական նախաձեռնության իրավունքից և օրենսդրական նախագիծ հասցրել խորհրդարան։ Անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն «Եվրաքվեն» շուրջ 60 հազար ստորագրություն է հավաքել։

Արդեն հայտնի են խորհրդարանական խմբակցությունների նախնական դիրքորոշումները․ ընդդիմության կարծիքը բացասական է, մեծամասնությունը նախագծին «կողմ» քվեարկելու խոչընդոտ չի տեսնում։   

«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը ամենայն հավանականությամբ կընդգրկվի  փետրվարի 11-ին մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում: Կառավարությունը, արտգործնախարարությունը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն են տվել։

Պաշտոնական Երևանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը «Եվրաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը չի հակասում՝ ասում է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների որակի մասին խոսելիս հիշելով Հայաստանի վարչապետի հայտնի ելույթը Եվրոպական խորհրդարանում։  

«Նշանակալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը։ Ներկայում բանակցվում է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը։ Փոխգործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային և պաշտպանական։ Գնահատելի է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական Խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրումը, «Դիմակայություն և աճ» ծրագրի շրջանակներում հաստատվել է Հայաստանին աջակցության տրամադրումը առաջիկա 4 տարվա համար և Հայաստանը այժմ միակ երկիրն է, ով աջակցություն է ստանում նման ձևաչափով չհանդիսանալով ԵՄ անդամության թեկնածու երկիր»։  

Այս պահի դրությամբ կա ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրած 9 թեկնածու-երկիր։ Թուրքիայի բանակցությունները սկսվել են դեռևս 1987 թվականից, 2022-ին անդամակցության թեկնածուներ են դարձել Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան։ Հաշվի առնելով, որ գործընթացը տարիներ է տևում, խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները մտահոգված են՝ արդյո՞ք ԵԱՏՄ-ն և կառույցում ընդգրկված երկրները հանդուրժելու են մրցակից կառույց գնալու Հայաստանի քայլերը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը իշխանությանը կոչ է անում անկեղծ լինել։  

«Ավելի պարզ եկեք խոսենք։ Անկախ ամեն ինչից, այսօր ըստ էության, այս օրենքի ընդունումով արձանագրվելու է աշխարհաքաղաքական նոր հետևանքներ առաջացնող իրողություն ՀՀ-ի համար։ Ուզեք թե չուզեք այդպես է լինելու։ Ընդամենը, կարծեմ, երկու շաբաթ առաջ Ռուսաստանի փոխվարչապետի կողմից, խոսքը Օվերչուկի մասին է, հնչել էին կոնկրետ գնահատականներ և կոնկրետ նկատառումներ կապված այս նախաձեռնության հետ»։

Պարույր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ բոլոր կնճռոտ հարցերն օրերս Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են։ Վկայակոչում է հանդիպումից հետո արտգործնախարար Լավրովի հայտարարությունը․

«Հատուկ նշվել էր, որ բոլոր հարցերը քննարկվել են կոնստրուկտիվ մթնոլորտում, հարց չէր մնացել, որի շուրջ չծավալվեր փոխըմբռնման մթնոլորտ։ Դա մասամբ պատասխանն է հարցին՝ կապված ԵԱՏՄ անդամակցության և հնարավոր տարբերակների մասին»։     

Փոխարտգործնախարարը վստահ է՝ գոյություն ունեցող կանոնների պայմաններում կան նաև բացառություններ, որոնցից մի քանի անգամ արդեն Հայաստանն օգտվել է։

«Կարող եմ բերել Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու և միաժամանակ Եվրոպական Խաղաղության գործիքի շրջանակում աջակցության ստանալը։ Դա աննախադեպ բացառություն է, որը ժամանակին բոլոր կողմերից թվում էր անհնար։ Մեկ այլ օրինակ բերեմ ավելի վաղ անցյալից․ խոսքը CEPA-ի և ոլորտային համագործակցության մասին էր, համարվում էր պարզապես անհնար, և նույն կարծիքը հնչում էր թե՛ եվրոպական, թե՛ ռուսական, թե՛ այլ կողմերից։ Այնուամենայնիվ, արդյունքում մենք կարողացանք պահպանել Ասոցացման պայմանագրի 75%-ը, որը վերաբերում էր ոլորտային համագործակցությանը։ Իհարկե, կան ընդունված կանոններ, գործընթացներ, բայց Հայաստանի դեպքում մի շարք հաջողված փորձեր վկայում են, որ ամեն ինչ սև-սպիտակ չէ»։

Ուշագրավ է, որ խոսքը ոչ թե ԵՄ–ին անդամակցելու որոշման, այլ նման գործընթաց սկսելու մասին է։ Իսկ գործընթացը կարող է տևել տարիներ՝ բոլոր ոլորտները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու ծավալուն աշխատանքով։ Ըստ էության՝ Հայաստանն ընտրել է մի ճանապարհ, որով դեռ չի անցել ոչ մի թեկնածու երկիր և որը ենթադրում է ավելի երկար ժամանակահատված։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյան․

«Եկեք երկու տարբեր գորրծընթացներ իրարից տարանջատենք։ ԵՄ բուն անդամակցության պրոցեսը վերջին անգամ եղել է, այո, 2013-ին։ Սակայն, Հայաստանը դեռ այդ փուլին չի հասել, մենք դեռ այդտեղ չենք։ Բուն անդամակցությունը առանց հանրաքվեի հնարավոր չի լինի»։

«Եվրաքվե»-ի օրենսդրական նախաձեռնության հեղինակները քաղհասարակությունից պնդում են, որ այս փուլում իրենց ներկայացրած օրենքի նախագծի նպատակը ավելի շատ քաղաքական է։ Նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը շեշտում է անվտանգային խնդիրները։

«Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով նաև Ռուսաստանի դիրքերի զիջումը, ընդ որում՝ բավական խնդրահարույց զիջումը Սիրիայում և Թուրքիայի հեգեմոնիայի մեծացումը, Հայաստանը չունի ուղղակի այլընտրանք, քան այս  ճանապարհը։ Ռիսկերի գնահատումը, այո, շատ կարևոր է այս ընթացքում կատարել  այդ ռիսկերի գնահատում և այլն, բայց այստեղ պիտի դիտարկեք նաև այլ համագործակցություններ և շատ կարևոր է նաև վերհիշել հայ-ամերիկյան ռազմավարական  գործընկերության փաստաթղթում հստակ գերակշիռ հատվածը վերաբերում է էներգետիկ անվտանգությանը և պարենային անվտանգությանը։ Այսինքն՝ սրանք ևս ռիսկերի կառավարման գործընթացի ամբողջական մի մաս են»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը համոզված է՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, հատկապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության առումով, բացառությունների շարք է։

«Մենք պետք է արձանագրենք, որ թե՛ Հայաստանի հանձնառությունների, պատրաստակամության և թե՛ նաև մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերների ընկալումներն են եղել համարժեք այն բացառիկ իրավիճակներին, որում հայտնվել է Հայաստանը 2020 թվականից հետո և, որը ինտենսիվ կերպով 2022 թվականի սեպտեմբերից ի վեր սկսել է այս երկու ուղղություններով աշխատել»։

Ի դեպ, ԵՄ-ի հետ փոխգործակցությունը ծավալուն է, և ի պաշտոնե այդ ուղղությամբ աշխատանքի մի մասը համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ծանրաբեռնված է նաև Ադրբեջանի հետ սահմանազատման և ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի բանակցություններով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավորները հավանական են համարում երրորդ փոխվարչապետի հաստիքի ստեղծում՝ կոնկրետ ԵՄ–ի հետ համագործակցության ուղղությամբ աշխատանքը համակարգելու  համար։  

Կարդացեք նաև

Back to top button