ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հայաստան-ԵՄ մերձեցումից մինչև «Խաղաղության խաչմերուկ». Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական համաժողովում

Երկօրյա աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում այսօր հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ։ Գործարարի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել։ Հնարավոր է, որ այսօր վարչապետ Փաշինյանը հանդիպի նաև Շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախօրեին էլ վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը։ Ինչո՞ւ է Հայաստանը ցանկանում մոտ լինել ԵՄ-ին՝ հարցին ի պատասխան վարչապետն ասել է. «Որովհետև, մենք ժողովրդավարություն ենք։ Հակառակը՝ կլինի անտրամաբանական»։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձի հավասարակշռել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային այլ ուժերի հետ։

Հայաստանն այժմ սերտորեն աշխատում է Եվրամիության հետ, և նախորդ տարվա ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել այդ կառույցի հետ հարաբերություններում։ Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Օրինակ՝ մենք սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը, այդ համաձայնագիրը մեր օրակարգում էր տարիներ շարունակ, սակայն մենք ի վիճակի չէինք նույնիսկ բանակցություններ սկսել այդ առթիվ։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ավարտել բանակցություններն ու հնարավորինս շուտ ստորագրել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը։ Հայաստանն այժմ ընդգրկված է նաև եվրոպական խաղաղության գործիքակազմի ծրագրում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Ներկայումս Հայաստանում աշխատում է ԵՄ դիտորդների քաղաքացիական նախաձեռնությունը։ Մենք նաև Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման գործընթացում ենք»։

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է ԵՄ-ին մերձենալ նաև տնտեսապես, սակայն մյուս կողմից էլ ցանկանում է սերտ տնտեսական համագործակցություն իրականացնել նաև տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ 

«Դժբախտաբար, մեր անկախությունից ի վեր մենք գտնվել ենք որոշակի տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են եղել և փակ են նաև այսօր։ Որպես գլոբալ փոփոխությունների արգասիք՝ մենք սեղանին ենք դրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որին արդեն ծանոթ եք։ Այդ նախաձեռնությունը թույլ կտա տրանսպորտային հաղորդակցությունը մեր տարածաշրջանում դարձնել ավելի արդյունավետ, ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար, ինչը թույլ կտա խորացնել համագործակցությունը նաև Իրանի ու Վրաստանի հետ»։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ նախաձեռնությունը շահավետ է նաև Եվրամիության համար, որովհետև, երբ այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա այդ դեպքում կստեղծվեն հաղորդակցական ուղիների նոր շղթաներ Հայաստանի ու ԵՄ-ի միջև։ Ըստ Փաշինյանի՝ դա միայն տնտեսական խնդիր չէ, այլև պարունակում է անվտանգության լրջագույն բաղադրիչ, ինչը չափազանց կարևոր է համապարփակ կայունության համար։ Փաշինյանը նաև վստահեցրել է, որ Հայաստանը թափանցիկ է իր մտադրություններում բոլոր միջազգային գործընկերների հետ և բոլորի հետ կիսվում է, թե ինչ է անում մյուս գործընկերների հետ։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ, քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։ Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշված է․

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին»։

Ըստ աղբյուրի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը, ընդգծելով ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։

Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ քննարկել է Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

«Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ ընդգծելով փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը»։

Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր են քննարկվել, ինչպես նաև երկրի դիրքավորումը համաշխարհային տնտեսական համակարգում։

«Կոնստանտին Կոցիասը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը միջազգային տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ՝ ընդգծելով Bloomberg-ի պատրաստակամությունը՝ աջակցելու երկրին միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում»։

Աշխարհում առաջատար ներդրումային բանկերից Goldman Sachs-ի (Գոլդման Սակս) գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոենի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն են քննարկվել։

«Ջարեդ Քոենը բարձր է գնահատել Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առևտրային և տնտեսական խաչմերուկ, ինչպես նաև երկրի ներուժը գլոբալ տեխնոլոգիական ոլորտում»,- հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ նշելով, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունների դիտարկումը։

Թայլանդի Թագավորության վարչապետ Պաետոնգտարն Շինավատրայի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ զրուցակիցները կարևորել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը և վստահություն հայտնել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ ասված է․

 «Հեռանկարային են համարվել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում: Հայաստանի և Թայլանդի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին` առաջիկայում գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով»։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, որը 2021 թվականին արժանացել էր Նոբելյան մրցանակի: Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։

Կառավարության հաղորդագրության մեջ նաև ասված է․

 «Վարչապետը նշել է, որ կարևոր է մեր հայրենակիցների ներուժի ներգրավումը գիտության զարգացման գործում և հավելել, որ կառավարությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի ֆինանսավորումը՝ խթանելու նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացումը։ Արտեմ Փաթափությանն իր հերթին նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է տարբեր տեխնոլոգիական ընկերություններում և ծանոթացել գիտության ոլորտում առկա  ներուժին։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ Կառավարությանը գիտության և նորարարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում»։

Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև The Washington post պարբերականի կողմից կազմակերպված «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարներ:

Կարդացեք նաև

Back to top button