
Վարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցում է պանելային քննարկման։
Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի կառավարության ընդունած օրինագիծն ի սկզբանե եղել է քաղհասարակության նախաձեռնությունը, պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կառավարությունը հաստատել է այն և մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը նույնպես կընդունի, ինչը իրավականորեն կնշանակի, որ մենք սկսում ենք ԵՄ-ին ավելի ու ավելի շատ մոտենալու գործընթացը»,-ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, այդ պատճառով էլ ցանկանում է մոտ լինել ԵՄ-ին:
Ըստ Փաշինյանի՝ ներկայում Երևանն ավելի է սերտացնում հարաբերությունները Բրյուսելի հետ:
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:




