ԿարևորՄիջազգային

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոն կմեկնի Պանամա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ծրագրում է հաջորդ շաբաթ մեկնել Պանամա՝ Լատինական Ամերիկա կատարած ուղևորության շրջանակներում, Bloomberg-ին հայտնել է իր աղբյուրը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի այցը տեղի կունենա Պանամայի ջրանցքը «վերադարձնելու» անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։

Ըստ աղբյուրի՝ Ռուբիոն նախատեսում է նաև այցելել Գվատեմալա, Էլ Սալվադոր և Կոստա Ռիկա։ Ռուբիոն կմեկնի նաև Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ տեղի կունենա Արևմտյան կիսագնդի երկրների գագաթնաժողովը, որին ավանդաբար մասնակցում է ԱՄՆ նախագահը:

Որպես ԱՄՆ բարձրագույն դիվանագետ սա Ռուբիոյի առաջին այցն է: Այն ընդգծում է Թրամփի ուշադրությունը Կենտրոնական Ամերիկայի տարածքով անցնող չփաստաթղթավորված միգրացիան դադարեցնելու և մարդկանց իրենց երկրներ արտաքսելու վրա:

ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնը ստանձնելուց հետո սովորաբար իր առաջին ուղևորությունն է անում մի երկիր, որը աշխարհաքաղաքական կարևոր դաշնակիցն է ԱՄՆ-ին։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնում առաջին անգամ մեկնել էր Ճապոնիա, իսկ Ռեքս Թիլերսոնը՝ Գերմանիա:

Թրամփը կոչ է արել ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը, եթե չկրճատվեն ռազմածովային և առևտրային նավերի անցման ծախսերը։ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն շտապել է հաստատել Պանամայի ինքնիշխանությունը ջրանցքի նկատմամբ և հերքել Չինաստանի որևէ մասնակցությունը դրա գործողություններին:

Պանամայի ղեկավարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ հայտնելով, որ մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Պանամայի ջրանցքի սեփականության և այն ԱՄՆ վերահսկողությանը վերադարձնելու մտադրության վերաբերյալ

Իր երդմնակալության օրը Թրամփը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդայում, կրկին հայտարարել էր Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» մտադրության մասին։ Նա պնդել էր, որ ջրանցքի վերահսկողությունը Պանամային վերադարձնելը «հիմար նվեր էր, որը երբեք չպետք է տրվեր»: Թրամփի խոսքերով՝ «Չինաստանն է վերահսկում Պանամայի ջրանցքը»։

Պանամայի ջրանցքը, որը բացվել է 1914 թվականին, կառուցել և վերահսկել է Միացյալ Նահանգները։ 1977 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը և Պանամայի պետության ղեկավար Օմար Տորիյոսը համաձայնություն կնքեցին ջրանցքը ԱՄՆ-ի իրավասությունից աստիճանաբար հանելու վերաբերյալ, որն ավարտվեց 1999 թվականին։ Պայմանագրով նախատեսվում է ջրանցքը համարել չեզոք և հասանելի համաշխարհային առևտրի համար։

Կարդացեք նաև

Back to top button