
Ամուլսարի հանքավայրի հետ կապված դիրքորոշումների տարբերությունները դեռ արդիական են։ Չնայած արդեն հանքավայրի շահագործման կոնկրետ ժամկետներ են մատնանշվում, միևնույնն է, բնապահպանները շարունակում են պնդել՝ ռիսկերը չեզոքացված չեն։ Տնտեսական, բնապահպանական ռիսկերին նաև անվտագային ռիսկերն են գումարվել։ Իսկ վարչական դատարանը վճռել է, որ վիճարկվող ակտերի մի մասի իրավաչափությունը չի կարող կասկածի տակ դրվել:
«Լիդիան Արմենիա»-ի դեմ այս պահին Վարչական դատարանի վարույթում մի քանի գործ կա՝ ընկերության ընդերքօգտագործման թույլտվություններում կատաված փոփոխությունների հետ կապված։ Ընկերության իրավախորհրդատու Սայադ Բադալյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ թույլտվություններն ընկերությանը տրվել են 2012-ին, 2014-ին փոփոխության են ենթարկվել։
«Դատարանն արձանագրել է, որ 2012 թ հիմնական թույլտվությունների չվիճարկման պայմաններում նրանցում 2014-ին կատարված փոփոխությունները չեն կարող անվավեր ճանաչվել։ Ժամկետները սպառվել են, որևէ մեկը չի կարող դրանք վիճարկել։ Պետք է ընդունեն դրանց իրավաչափությունը»։
Ամուլսարի հանքավայրի շահագործման քաղաքական որոշումը կա։ Ավելին, գործադիրում տնտեսական հաշվարկներն արված են։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծում է՝ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12․5 տոկոսը փոխանցել է կառավարությանը։
«Այս նախագիծն ամբողջովին իրագործելի է։ Եկամտաբեր է։ Կարծում ենք, որ ֆինասավորման հարցերը մոտ ապագայում կլուծվեն։ 500 մլն դոլար արդեն ներդրվել է, 250-ից 100 մլն դոլարը ևս կազմակերպությունը կներդնի։ Մնացածը կֆինանսավորեն մեր ֆինանսական կազմակերպությունները կոնսոլիդացված եղանակով»։
Տնտեսական աճի հաշվարկներում ներառված է նաև հանքավայրի շահագործումը։ Ակնկալվող 5,5 տոկոսի մեջ նաև հանքավայրի շահագործումն է ներառված։ Բայց այս պահին ֆինանսներ ներգրավելու հարց կա։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հստակեցնում է՝ «Լիդիան Արմենիան» փաստաթղթեր է ներկայացրել, այժմ քննարկում են․ «Եթե ավարտենք, հույս ունեմ, որ կարճ ժամանակում կավարտենք, մեր եզրակացությունը կտանք։ Եթե այն դրական լինի, երաշխիքը պետությունը կտրամադրի։ Քանի որ կարևոր դեր է խաղալու մեր տնտեսական աճի ցուցանիշներում»։
Տնտեսական հաշվարկներին զուգահեռ բնապահպաններն ու մասնագիտական մի խումբ շարունակում են այս ծրագրի բնապահպանական, անվտանգային ռիսկերի մասին խոսել։ Բնապահպան Նազելի Վարդանյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ ծրագիրը ռիսկային է, այն ֆինանսավորման խնդիր ունի։ Եթե որոշում կայացվի, որ պետական երաշխիք է տրամադրվելու, ապա սա արդեն ավելի է մեծացնում ռիսկերը՝ արձանագրում է բնապահպանը․
«Մինչև օրս անգամ գումար չեն գտել։ Այն ժամանակ հույս ունեին, որ պետք է Եվրասիական բանկից ստանային։ Հույսը դրել են, որ մեր բանկերը գումարը կտրամադրեն։ Բնապահպանական ռիսկերի մասով, դրանք մինչև այժմ էլ կան։ Չեն վերանալու, անկառավարելի են, դրա մասին տարբեր փորձագետներ տարբեր երկրներից արտահայտվել են։ Դրանք կան՝ և՛ թթվային դրենաժը, և՛ սեյսմիկ վտանգը, սողանքները, կենսաբազմազանության վերացումը, ռադիացիայի բարձր լինելը բնապահպանական կայուն ռիսկեր են, որոնք անկառավարելի են տվյալ տարածքի պարագայում»։
Նազելի Վարդանյանը բնապահպանական, տնտեսական ռիսկերին ավելացնում է նաև 2022-ից ավելացած անվտանգային բաղադրիչը։ Շրջակա միջավայրի նախարարը Ամուսլարի շահագործման հետ կապված նշում է՝ ընկերությունը հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի։ ՇՄԱԳ՝ երկու փորձաքննություն է անցել։
«Կարող եմ ասել, որ Ամուլսարը հանքը շահագործելու թույլտվություն ունի, այս պահին դատական, իրավական հիմք չկա այն որևէ ձևով կասեցնելու համար»։
Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին արդեն առաջին արդյունահանումը կկատարվի։




