
Եթե օբյեկտիվ հաշվարկը ցույց է տալիս, որ ուղեվարձը պետք է լինի միջինում 150 կամ 200 դրամ, ի՞նչ պետք է անի քաղաքային իշխանությունը: Կամ պետք է վերանայի սակագինը և ձևավորի նորմալ տրանսպորտային համակարգ: Կամ պետք է սակագինը թողնի նույնը և ոչինչ չանի, որի արդյունքում տրանսպորտային պարկը գնալով կմաշվի և կվերադառնանք նախնադար, ֆեյբուքյան իր էջում գրել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդրին։
Շեշտելով, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման ունենալ նորմալ տրանսպորտային համակարգ, նա նշում է, որ վերջին 10-15 տարում ամեն ինչ է թանկացել, վառելիքի, պահեստամասերի գները կրկնապատկվել են, աշխատավարձերը աճել են:
«Չի փոխվել միայն ուղեվարձը: 100 դրամով պարզապես անհնար է պահպանել գործող ավտոպարկը, էլ չեմ խոսում՝ դրա թարմացման մասին:
Այլ օրինակով ասեմ. եթե դուք թթվասեր եք արտադրում, ու եթե վերջին 10 տարում ամեն ինչ թանկացել է՝ կաթը, մնացած հումքը, վառելիքը, աշխատավարձերը և այլն, ապա դուք կամ պետք է թթվասերի վաճառքի գինը վերանայեք, կամ՝ ինքնարժեքից էժան վաճառելով ի վերջո սնանկանաք ու փակվեք, կամ էլ պետք է թթվասերի անվան տակ «զիբիլ» արտադրեք ու թունավորեք ձեր հայրենակիցներին:
Նույնը հասարակական տրանսպորտի դեպքում է: Պարզապես, երբ որևէ բան վերաբերվում է ոչ թե մասնավորին, այլ պետության և համայնքային տիրույթում է, շատերին թվում է, թե պարզ թվաբանությունն ու տնտեսության կանոններն այստեղ չեն աշխատում:
Շատերին թվում է, թե պետական և համայնքային բյուջեներն օդից են գոյանում, անսահմանափակ են և դրանց հաշվին կարելի է շատ բաներ դարձնել անվճար կամ սուբսիդավորել:
Բայց դա մոլորություն է: Բյուջեն անսահմանափակ չէ, և անվճար ոչինչ չի լինում: Անգամ այն, ինչի դիմաց սևով սպիտակի վրա գրված է անվճար, իրականում անվճար չէ: Ուղղակի վճարումը կատարում է ոչ թե այդ պահին այդ ծառայությունից օգտվողը, այլ բոլորը միասին՝ տարբեր ժամանակներում: Օրինակ, Հայաստանում միջնակարգ կրթությունն անվճար է: Սակայն դրա համար վճարում են բոլոր հարկատուները միասին, այդ թվում նրանք, որոնք դպրոցական երեխաներ չունեն»,- գրել է պատգամավորը:
Քաղաքային իշխանությունը փորձել է հավասարակշռված լուծում գտնել: Վերանայված սակագնի մի մասը թողել է ուղևորի վրա, մի մասը տեղավորել բյուջեի մեջ: Նա համոզված է, որ եղած խնդիրները լուծվելու են․
«Երբ քաղաքացին դժգոհում է տրանսպորտի սակագնի վերանայումից, ես իրեն մարդկայնորեն հասկանում եմ, ու երևի նաև մեր մեղքն է, որ քաղաքացու հետ բավարար չենք երկխոսում ու տեղեկացնում բոլոր խնդիրների մասին: Բայց երբ նման թեմաների վրա փորձում են դիվիդենտ հավաքել մարդիկ, որոնք այս ամենը շատ լավ գիտեն, ավելին՝ ժամանակին իրենք են այս մասին խոսել, դա արդեն այլ անուն ունի:
Այդ մարդիկ քաղաքացու մասին ավելի շատ չեն մտածում, քան մենք: Հակառակը, ոմանց պետք է, որ խնդիրները շատ լինեն, որ միշտ խոսելու բան ունենան:
Իսկ մեր սիրելի համաքաղաքացիներին խնդրում եմ սառը դատել, չտրվել պոպուլիստական կոչերին և համբերությամբ զինվել. բոլոր խնդիրները լուծվելու են»:




